Ալիք - Կրթական Խորհրդի Մարզական Յանձնախմբի կազմի անդամներն են՝
Հենրի Քսաչիքեան, Լուդւիկ Նազարեան, Գայիանէ Ազիզեան, Կարօ Մանսուրեան, Ժենիա Սուքիասեան, Հերոս Աւանէսեան
Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի մարզական յանձնախումբը իր աշխատանքը սկսել է շուրջ հինգ տարի առաջ 2011-12 ուսումնական տարւանից, հայոց դպրոցներում մարզական աշխատանքների որակը բարձրացնելու, մեր աշակերտութեանը քաջալերելու, որպէսզի առաւել զբաղւեն մարզանքով:
Այս շրջանի յանձնախումբը շուրջ մէկ տարի է, որ աշխատում է եւ սկզբնական շրջանում կազմակերպել ենք այցելութիւններ հայոց դպրոցներ, հանդիպումներ դպրոցների ծնողական խորհուրդների հետ, ծանօթացել ենք մեր աշակերտութեան մարզական հնարաւորութիւնների եւ կարողութիւնների հետ, ապա անցել ենք ծրագրաւորման աշխատանքին:
Անցնող ուսումնական տարեշրջանում երկար ուսումնասիրեցինք մեր դպրոցներում մարզական աշխատանքների ներկայ ձեւն ու ընթացքը, բարեբախտաբար ներկայում դպրոցներում ունենք բազմաթիւ մարզասէր աշակերտներ, ովքեր շաբաթական մէկ պահ մարզանքով չեն բաւարարւում եւ ելնելով այդ իրողութիւնից, հարկաւոր է հետեւողականօրէն նրանց մէջ զարգացնել իրենց սիրած մարզաձեւը:
Մեր յանձնախմբի նպատակն է շարունակական կապ ունենալով դպրոցների ծնողական խորհուրդների, փոխտեսուչների հետ, տեղեկացւած լինել մեր դպրոցների մարզական իրավիճակի մասին եւ ըստ այնմ ծրագրել աշ-խատանքները:
Այս տարի մենք դպրոցներում կազմել ենք բասկետբոլի աշակերտական հաւաքականի խումբ, որտեղ ներառւել են լաւագոյն բասկետբոլիստների տարբեր դպրոցներից: Այս նոյն աշխատանքը մտադիր ենք շարունակելու նաեւ միւս մարզաձեւերում յաջորդ տարիներում:
Հաւատացած ենք ամենամեայ Համադպրոցական խաղերը, որոնք արդէն երկար տարիներ է կազմակերպւում են Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան կողմից, նշանակալից դերակատարութիւն են ունեցել մեր դպրոցներում մարզանքի զարգացման գործում:
Այդ իսկ պատճառով պիտի շարունակել մարզական կեանքը նաեւ Համադպրոցականից յետոյ, աշխոյժ պահելով մարզական պարապմունքները դպրոցում: