Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի 11 ապրիլի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում արարողութեան նախագահեց ու հանդիսապետեց Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց: Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց և Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում արարողութեան մասնակցեցին և օրւայ առիթով քարոզեցին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Գերշ. Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը և Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը:
Տասը կոյսերի յիշատակին նւիրւած այս օրւայ խորհուրդն իր անունը ստացած է Յիսուս Քրիստոսի խօսած առակից, որտեղ ներկայացնում էր մարդկային ընկերութիւնը կազմող երկու խմբերը, որոնք 10 կոյսերի թւով են հանդէս գալիս: Տասը թիւը խորհրդանշում է մարդկային ցեղի ամբողջութիւնը, որոնք երկուսի են բաժանւում՝ հինգը իմաստուն իսկ միւս հինգը՝ յիմար:
Յիմար եւ իմաստուն կոյսերի առակով Յիսուսը մեզ սովորեցնում է իմաստութեամբ, արթնութեամբ եւ զգաստութեամբ ապրել մեր երկրաւոր կեանքը, միշտ ակնկալութեամբ Քրիստոսի երկրորդ գալուստին, որովհետև ոչ ոք չգիտի ո՛չ օրը և ո'չ էլ ժամը: Դրա համար պէտք է լաւագոյն կերպով արժևորենք թէ ժամանակը, թէ աստւածային շնորհքներն ու պարգևները և թէ մեր փրկութեան համար մեզ ընձեռւած բոլոր առիթներն ու պատեհութիւնները:
Առաջնորդ Սրբազան Հայրը իր քարոզի ընթաքին մեծապէս գնահատեց ու քաջալերեց պարմանուհիներին, որոնք եկել էին մասնակից դառնալու օրւայ արարողութեան և հաղորդւելու խորհրդին: Նա ընդհանուր կէտերի մէջ խօսեց ու բացատրութիւն տւեց 10 կոյսերի առակից փոխանցւող հոգևոր ու բարոյական ուսուցումների ու դասերի մասին, շեշտելով հաւատքի կեանք ապրելու գծով շարունակ արթուն, զգաստ ու պատրաստ լինելու:
Արարողութեան աւարտին բոլոր եկեղեցիներում մոմ պահող աղջիկներին տրւեց յիշատակի յատուկ նւէր, որն Առաջնորդ Սրբազան Հայրը յատուկ կերպով Լիբանանից էր բերել:
{gallery}201704/2017041201{/gallery}