Saturday, 05 December 2020
Տօն Սրբոցն՝Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին եւ Միւռոնայ եպիսլոպոսին։
Ա)Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնել է Պոնտոսի (Սեբաստիա) Նէոկեսարիա քաղաքում ազնւականի ընտանիքում, շուրջ 210 թականին: Գրիգորը մտադիր էր հմտանալ օրէնսգիտութեան եւ հռետորութեան մէջ, սակայն Աստւած նրա եւ իր եղբօր համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսանում են Աթէնքում, ապա Պաղեստինեան Կեսարիայում`աշակերտելով այն ժամանակւայ ամենահեղինակաւոր քրիստոնեայ մտաւորականին` Որոգինեսին: Նէոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրւում է քաղաքի եպիսկոպոս: Աւանդութեան համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրւելու օրերին Նէոկեսարիայում հազիւ 17 քրիստոնեայ կար, իսկ մահւան օրերին` ընդամենը 17 հեթանոս: Իր անւան հետ կապւած բազմաթիւ հրաշքների համար արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին: Ս. Գրիգորն աչալրջութեամբ կառաւարեց թէ իրեն վստահւած թեմն ու ժողովրդին, թէ եղաւ մեծ մատենագիր` թողնելով բազմաթիւ աստւածաբանական երկեր:
Նա վախճանւել է 270 թւականին խաղաղ մահւամբ:
Բ)Ս. Նիկողայոս Հայրապետը ծնւել է Փոքր Ասիայի Լիկիա գաւառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մօտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ եւ բարեպաշտ ծնողներին եւ մեծանում իր քեռու` Նիկողայոս Երէց եպիսկոպոսի խնամքի ներքոյ: Աւետարանական պատգամը` <<Վաճառիր ունեցւածքդ եւ բաժանիր աղքատներին>>(հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կեանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիւանդներին, բանտարկեալներին եւ որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմիւռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորւում է, սակայն չի դադարում ամենուր Աւետարանը քարոզելուց: Խաղաղութիւն վերահաստատւելուն պէս վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թւականին Նիկիոյ Տիեզերաժողովին: Մահացել է 326 թւականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրւած սրբերից է` առաւելաբար յայտնի Սանտա Կլաուս անւամբ:
Գ) Ս. Միւռոն եպիսկոպոսը ծնւել է մոտ 350 թւականին: Նա մեծ հրաշագործ էր` յայտնի իր ողորմութեամբ եւ բարեգործութեամբ: Քրիստոնեաների հալածանքների ժամանակ, երբ Ս. Միւռոնը Կրետէի եպիսկոպոսն էր, քաջալերում եւ խրախուսում է բոլորին` ինքը եւս անհամբեր սպասելով նահատակութեան պսակն ստանալուն: Սակայն Աստծու կամքով հասնում է մինչեւ խոր ծերութիւն` 100 տարեկանում աւարտելով իր բարեպաշտ կեանքը: