Saturday, 01 February 2025
Սուրբ Գրիգոր Աստւածաբան (Նազիանզացու)
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնում է Սուրբ Գրիգոր Աստւածաբանի (Նազիանզացու) յիշատակութեան օրը։ Նա քրիստոնէութեան պահապանների շարքում դասւում է մեծագույնների թվին, քանի որ արիոսականների դեմ իր պայքարով նպաստել է քրիստոնեութեան անաղարտ պահպանմանն ու փոխանցմանը ժառանգներին, իսկ հարուստ գրւածքներով մեծ ազդեցութիւն ունեցել քրիստոնէական աստւածաբանական մտքի ձևաւորման վրայ:
Ընդհանրական Եկեղեցու մեծագոյն սուրբ Գրիգոր Աստւածաբանը ծնւել է Նազիանզ գիւղաքաղաքի մօտ գտնւող Արիանզ գիւղում, հոգևորականի՝ եպիսկոպոսի ընտանիքում։ Կեսարիայում, Պաղեստինում, Ալեքսանդրիայում, ապա Աթէնքում կրթութիւն ստանալուց և ճգնակենցաղ կեանքով ապրելուց յետոյ երբ վերադարձել է հայրենի գիւղաքաղաք, ձեռնադրւել է քահանայ՝ հօր կողմից՝ սկսելով հոգևորականի իր առաքելութիւնը։ Աթէնքում նա արդէն ուսումնասիրել էր քրիստոնեութիւնը, Աստւածաշունչը և ձգտում էր առաքինութիւնների՝ մերժելով չարիքը։ Սուրբը վարում էր առաքինի կենցաղ։ Այնտեղ սուրբը ծանոթացաւ նաև քրիստոնէութեան մեծագոյն սրբերից մէկի՝ Բարսեղ Կեսարացու հետ: Նրանք միասին ուսումնասիրեցին Սուրբ Գիրքը և մերժեցին այն բոլոր գրւածքները, որոնք ենթադրում էին հեթանոսական աւանդութիւններ։ Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նյուսացու հետ սուրբը կազմում է «Երեք մեծ կապադովկիացիների» եռեակը։
Քահանայական ձեռնադրութիւնից 11 տարի անց Սուրբ Գրիգոր Աստւածաբանը Սուրբ Բարսեղ Կեսարացու ձեռամբ ձեռնադրւեց եպիսկոպոս և նշանակւեց ծառայութեան Սասիմա քաղաքում:
Իր կեանքի վերջին տարիներին սակայն, Սուրբ Գրիգորը վերադարձաւ Նազիանզ և նւիրւեց ստեղծագործական աշխատանքի: Մեծ է գրական ժառանգութիւնը, որն աւանդւել է մեզ սրբի կողմից և որի մեծ մասը հայերէն է թարգմանւել 5-8-րդ դարերում: Հայերէն թարգմանութիւնների մի մասն ամենայն հաւանականութեամբ կատարել է Մովսէս Խորենացին:
Սուրբն իր կեանքն ապրեց՝ պահպանելով քրիստոնէութեան մաքրամաքուր արժէքները, և մահից յետո անգամ հօրից ժառանգած ողջ հարստութիւնը կտակեց Նազիանզի եկեղեցուն` իբրև խնամակալութիւն աղքատների: Ողջ կեանքի ընթացքում սուրբը հաւատարմ մնաց Քրիստոսի աւանդած արժէքներին, ապրեց խանորհութեամբ՝ իբրև ծառա՝յ մահից յետոյ սրբադասւելով և Տիրոջից ստանալով իր վարձքը։ «Ոչ թէ դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի» (Յովհ. 15:16),- ասւած է Սուրբ Գրքում։ Սուրբ Գրիգոր Աստւածաբանն այդ ընտրեալներից եղաւ և քաջ գիտակցեց ընտրեալ լինելու ողջ պատասխանատւութիւնը։