Ս. Աստւածածնայ վերափոխման տօնը հանդիսաւոր և մեծաշուք կերպով տօնւող տօներից է մեր եկեղեցում, իր մէջ բովանդակող խորհրդի և նշանակութեան միտութեան և կենսականութեան պատճառով: Դա որովհետև անմիջականօրէն առնչւել է մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի մեռելների մարմնաւոր յարութեան և երկրի յաւիտենական արքայութեան արժանանալու խոստումին: Մի խոստում, որի յոյսով է ապրում և պայքարում իւրաքանչիւր ճշմարիտ քրիստոնեայ հաւատացեալ:
Տարիների սովորութեան համաձայն, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տնօրինումով մեր եկեղեցու տօնացոյցում նշւող Ս. Աստւածածնայ վերափոխման իսկ թւականից առաջ և վերջ երկու հանգրւաններով ուխտագնացութիւններ են կազմակերպւում դէպի հեռաւոր քաղաքներ:
Առ այդ, թւականիս հինգշաբթի-ուրբաթ 10-11 օգոստոսին, երկօրեայ ուխտագնացութիւն էր կազմակերւել դէպի Ռաշտ և Անզալի:
Առաջնորդ Սրբազան Հօրը ընկերակցում էին առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանն ու շրջանի այցելու հովիւ Արժ. Տ. Սահակ քհն. Խոսրովեանը:
Այս տարի յատուկ կարգաւորումով հանդիսաւոր Ս. և անմահ պատարագ տեղի ունեցաւ Ռաշտի Ս. Մեսրոպ եկեղեցում: Այս տարի զուգադիպում էր տեղւոյն ազգային մշակ և եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան երկարամեայ ատենապետ հանգուցեալ Էդւարդ Յովսէփեանի մահւան տարելիցին:
Հինգշաբթի երեկոյեան Առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց հանգուցեալի ընտանիքին և իր ընկերակիցների հետ միասին նրանց մօտ ընթրիքի հիւրը եղաւ:
Թեհրանից 45 հոգանոց ուխտաւորների մի խումբ էր եկած՝ մասնակցելու եկեղեցական արարողութեանը, որոնք նախ այցելեցին Անզալիի Ս. Աստւածածնի մատուռը, այնտեղ իրենց աղօթքը բարձրացրին առ Աստւած, Աստւածամօր բարեխօսութեամբ և ապա եկեղեցու բակում ժամանակ անցկացրին վայելելով հիւրասիրութիւնը եկեղեցական խորհրդներից կազմւած ուխտագնացութիւնների յանձնախմբի:
Յաջորդ օրը, ուրբաթ 11 օգոստոսի առաւօտեան Ս. Մեսրոպ եկեղեցում տեղի ունեցաւ Գիշերային և Առաւօտեան ժամերգութիւն, ներկայութեամբ ուխտաւորների, որոնք Անզալիից կանուխ ժամանել էին Ռաշտ:
Ժամերգութիւնից անմիջապէս յետոյ տեղի ունեցաւ Ս. Աստածածնայ Վերափոխման առիթին նւիրւած հանդիսաւոր պատարագը: Պատարագը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Խորանի վրայ պատարագիչ Սրբազանին սպասաւորում էր Արժ. Տ. Սահակ քհն. Խոսրովեանը:
Սրբազան Հայրն իր քարոզում խօսեց Աստւածամօր տիպարի մասին վեր բերելով նրա մայրական կոչումը և դրան առնչւող յատկանիշները, հրաւիրելով բոլորին նմանւել Ս. Կոյսին Մարիամին և նրա օրինակին հետևելով օրհնութիւն դառնալ շրջապատում:
Պատարագի վերջում տեղի ունեցաւ աւանդական խաղողի օրհնութիւնը, որից յետոյ նաև յատուկ հոգեհանգստեան արարողութիւն՝ Էդւարդ Յովսէփեանի հոգու համար:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ տեղւոյն եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը դպրոցի սրահում հիւրասիրեց բոլոր ներկաներին, որտեղ եկեղեցա-դպրոցական յանձնախմբի անունից բարի գալստեան խօսք արտասանեց բժիշկ՝ Արբի Մելիքեանը: Նաև այդ առիթով ուխտաւորների անունից երախտագիտութեան և շնորհակալութեան խօսք արտասանեց պրն. Էդւարդ Յարութիւնեանը և ապա Առաջնորդ Սրբազան Հայրը դարձեալ իր սրտի խօսքն ուղղեց ներկայ ուխտաւորներին և ռաշտեցիներին, մեծապէս գնահատելով նրանց հաւատը, եկեղեցական և ազգային արժէքների կառչւածութիւնը, պատասխանատւութեան գիտակցութիւնը և նւիրական աշխատանքը, որ թէև թւով քիչ, բայց մեծ զոհողութեամբ և պատրաստակամութեամբ կատարում էին:
Այդ առիթով Առաջնորդ Սրբազան Հայրը իրեն ընկերակցողների հետ կէսօրւայ ճաշի հիւրը եղաւ ռաշտեցիներին և երեկոյեան հրաժեշտ տալով նրանց վերադարձաւ Թեհրան:
Թ.Հ.Թ. Կրօնական Խորհուրդ
https://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/1227-2017081403?tmpl=component&print=1#sigProIdf5d1be1e38