ՀԱՆԴԻՍԱՒՈՐԱՊԷՍ ՆՇՒԵՑ Ս. ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի, 17 սեպտեմբեր 2023 թւականին, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։ Այս տօնը Հայ եկեղեցու հինգ տաղաւար տօներից մէկն է՝ Ս․ Խաչի վեր բաձրացման եւ փառաբանութեան տօնը։ Խաչվերացի տօնը Հայ Եկեղեցին տօնում է սեպտեմբերի 11-17-ի միջեւ ընկած կիրակի օրը։

Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որին յաջորդեց աւանդական Անդաստանի եւ Ռեհանօրհնէքի արարողութիւնը։

Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահում էր Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց ձեռամբ Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանի։
Նշելի է որ բոլոր եկեղեցիներում իրենց ջերմեռանդ մասնակցութիւնն էին բերել Թեմիս հաւատացեալ ժողովուրդը։

Սրբազան Հայրը քարոզի ընթացքին օրւայ խորհրդին անդրադառնալով ասաց․-«Քրիստոնէական եկեղեցու կեանքում խաչի խորհուրդը ամենանւիրական եւ սրբազան խորհուրդն է, քանի որ խաչը Քրիստոսի արեան հեղումով նւիրականացաւ ու եղաւ խորհրդանիշը փրկութեան եւ դրա համար Պօղոս առաքեալը խաչի խորհրդի մասին խօսելով ասում է․-«Քաւլիցի, որ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ․․․, այդ խաչի միջոցով աշխարհը այլեւս մեռած է ինձ համար, ինչպէս որ ես մեռած եմ աշխարհի համար»»: Սրբազան Հայրը լուսաբանիչ բացատրութիւններ տալով առաքեալի խօսքի մասին ասաց․«Առաքեալը միայն Տիրոջ խաչով է պարծենում, քանի որ քրիստոնէական կեանքի որպէս փրկագործական գործիք խաչը, իր մէջ պարունակում է փրկագործութեան, զոհողութեան, նւիրումի, զօրութեան, ամրութեան եւ նւիրւածութեան խորհուրդը եւ այս մտածումներով է, որ առաքեալը խոստովանում է, որ խաչի խորհուրդը մեր կենաքի մէջ իր ինքուրոյն տեղը եւ արժէքը պիտի ունենայ, քանի որ առաքեալը խաչի խորհուրդն իր կեանքի մեկնակէտն է իմանում, նա իրեն աշխարհի համար մեռած է իմանում եւ դաւանում է, որ իր մէջ մեր Տէր Յիսուս Քրիստոսն է ապրում իր խաչի խորհրդով»։

Սրբազան Հայրը իր քարոզի մի այլ բաժնում յաւելեց, որ խաչը, որպէս մարդուն Քրիստոսին առաջնորդող, հաւատացեալին ամէն բանից առաջ կապում է իր առաքելութեան ու իր այս խօսքը մեկնաբանելով լուաբանական բացատրութիւններ տւեց հաւատացեալ մարդու առաքելութեան մասին: Նա ասաց․-«Հաւատացեալ մարդու առաքելութիւնն այն է, որ ապրի Քրիստոնէական սիրով, հաւատքով, յոյսով ու իրենից հեռու վանի այն բոլոր զգացումները, որ նրան կարող են շեղել իր քրիստոնէական կեանքից»։ Նա յիշեց նաեւ Քրիստոսի առաքեալներին տրւած վերջին պատւիրանը, որ ասում է․-«Սիրեցէք միմեանց ինչպէս որ ես ձեզ սիրեցի»։

Սրբազան Հայրը, Սէրը, խաչի խորհրդով ապրելու ամենագերագոյն ազդակն՝ իմանալով ասաց.-«Սէրը մարդուն Աստծուն է մօտեցնում»: «Նա, ով սիրում է Աստւած նրա մէջ է բնակւում եւ Նա Աստծու մէջ է».-ասում է Յովհաննէս առաքեալը, հետեւաբար երբ Պօղոս առաքեալը յիշեցնում է խաչի խորհուրդը, այդ խորհւորդը զսպանակւած ու համեմւած է սիրով եւ այդ սէրն է որ քրիտոնեաներին անցնող երկուհազար տարիների ընթացքին զօրացրել ու ամրացրել է:

Սրբազան Հայրը անդրադառնալով Սուրբ Խաչվերացի խորհրդին ասաց, որ այս տօնը խաչին նւիրւած երեք տօներից մէկն է, որով մենք պանծացնում եւ փառաբանում ենք Սուրբ Խաչը։ Այս տօնը յատուկ արարողութիւններով եւ շարականներով ենք կատարում եւ յիշում, քանի որ այն իր էութեան մէջ խաչի խորհրդի ժողովրդականացումն է։

Սրբազան Հայրը Խաչվերացի պատմական դէպքին անդրադառնալուց յետոյ հայ ժողովրդի խաչի մասին արտայայտւելով ասաց․-«Հայոց աշխարհը, Հայաստանն ու Արցախը կրում են իրենց խաչը։ 120000 ժողովուրդ շրջափակման մէջ լինելով սովամահութեան են մատնւած։ Դժբախտաբար անարգ թշնամին ամէն ինչ անում է, որպէսզի վերջ տայ մեր ժողովրդին: Նա ասաց.-«Պիտի իմանանք, որ այսօր նոր ցեղասպանութիւն է որ գործւում է ազգիս նկատմամաբ եւ սակայն ես հաւատացած եմ, որ մեր ժողովուրդը խաչի զօրութեամբ այս փորձանքն էլ քաջութեամբ եւ հաւատքով յաղթահարելու է եւ իր կեանքը իր հողերի վրայ ազատ կերպով ապրելու իրաւունքին կը վերատիրանայ»։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ