Նոր վերելակի բացման պաշտօնական արարողութիւն «Շանթ-Մարիամեան» դպրոցում

«Շանթ-Մարիամեան» դպրոցի ծնողական խորհրուդը ահրաժեշտութիւնից ելնելով դիմել էր Կրթական խորհրդին դպրոցում վերելակի տեղադրման խնդրանքով: Կրթական եւ Թեմական խորհուրդները ընդառաջելով ծնողական խորհրդի խնդրանքին, ուսումնասիրելով պարագան իրենց հերթին խորհրդակցել էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի հետ, որն էլ իր նախաձեռնութեամբ դիմել էր 8–րդ շրջանի քաղաքապետարանին, վերելակի տեղադրման նպատակով միջոցներ տրամադրելու համար:

Սեպտեմբեր ամսւայ սկզբից սկսւած աշխատանքները աւարտւելով, չորեքշաբթի, 21 փետրւարի 2024 թւականին, տեղի ունեցաւ «Շանթ-Մարիամեան» դպրոցի նոր վերելակի բացման պաշտօնական արարողութիւնը:

Միջոցարմանը ներկայ էին Խորհրդարանի Պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, նոյն խորհրդում Կրթական խորհրդի հետ կապ՝ Անի Միրզախանեանը եւ խորհրդի անդամ՝ Հայկազ Շիրւանեանը, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, Կրթական խորհրդի անդամները, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, դպրոցի տեսուչը, փոխտեսչուհին, ուսուցչական կազմը, ծնողական խորհրդի անդամները, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի անդամները, 8-րդ շրջանի քաղաքապետի ներկայացուցիչներ՝ ճրտպ. Ալինիան եւ պրն. Էսլամին, որոնց ընկերակցում էին Կրթադաստիարակչութեան 8-րդ շրջանի գերատեսուչ՝ դկտր. Ամերէն եւ յարակից բաժինների պատասխանատուներ:

Բացման արարողութիւնը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական հիմնով, այնուհետեւ դկտր. Ամերէյի ձեռամբ կտրւեց ժապաւէնը:

Ներկաներից՝ պարոնայք՝ Նորայր Արամեանը, Ալֆրէդ Կարապետեանը դպրոցի տեսուչը եւ դկտր. Ամերէն հանդէս եկան երկուստէք երախտիքի խօսքերով, գնահատելով սիրելի պատգամաւորին եւ նշեցին այն հանգամանքը, որ քաղաքապետարանը կանգնած է մեր կողքին եւ որքան կարեւոր է ուշադրութեան կենտրոնում պահել այն կառոյցները, որտեղ կրթւում ու դաստիարակւում են երեխաներ:

Պատգամաւոր Արա Շահվերդեանն էլ իր հերթին երախտագիտութիւն յայտնեց ներկաներին, գնահատագրեր յանձնեց 8-րդ շրջանի քաղաքապետարանի եւ Կրթադաստիարակչութեան ներկայացուցիչներին աւելացնելով, որ թէ՛ ինքը, թէ՛ Ազգային Իշխանութիւնը աչալրջօրէն հետամուտ են համայնքի բարգաւաճման աշխատանքներին եւ բոլոր դժւարութիւններով հանդերձ ոչ մի ջանք չեն խնայում իրենց ծառայութիւնը մատուցելու բոլոր հայկական կառոյցներին, մասնաւորապէս հայկական դպրոցներին, որոնք համարւելով հայ աշակերտի հայեցի դաստիարակութեան բնօրրան կրթում եւ դաստիարակում են մեր նոր սերնդի ներկայացուցիչներին:

Միջոցառման պաշտօնական բաժնին յաջորդեց համեստ հիւրասիրութիւն:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ