Հանրապետութեան նախագահի գործադիր հարցերով տեղակալ եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհսեն Մանսուրին բարձր է գնահատել հայ նահատակներին եւ անձնուրացներին

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով Հանրապետութեան նախագահի գործադիր հարցերով տեղակալ եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհսեն Մանսուրին կիրակի, յունւարի 14-ին հանդիպել է Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին եւ ազգային իշխանութեան ու Թեհրանի հայկական համայնքից տարբեր ոլորտներում ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, նահատակներ Վիգէն Կարապետեանի եւ Ռազմիկ Դաւթեանի եղբայրը եւ քոյրը, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի Հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ատենապետ Գուրգէն Քարամեանը, մարզիկներ՝ Մասիս Յակոբեանը, Սերոժ Էբրահիմին, երիտասարդներ՝ Ալէք Աւագեանը, Ռենէ Աւանէսեանը եւ Թէոդիկ Մարկոսեանը:

Հանդիպման ընթացքում Հանրապետութեան նախագահի գործադիր հարցերով տեղակալն ընդգծել է, որ 13-րդ կառավարութիւնը առանց խտրական մօտեցումների եւ դրական հայեացքով հետամուտ է Իրանում կրօնական փոքրամասնութիւնների, ինչպէս իրանահայ համայնքի դժւարութիւններին ու խնդիրներին: Նա նշել է, որ կառավարութիւնը վճռակամ է լուրջ աշխատանք ծաւալել եւ հետամուտ լինել առկայ խնդիրների կարգաւորմանը: Մոհսեն Մանսուրին բարձր գնահատելով հայ նահատակների յիշատակը ընդգծել է, որ հայ նահատակների, անձնուրացների եւ նրանց ընտանիքների անձնազոհութիւնն առանձնայատուկ արժէք է ներկայացնում:

Լուրը՝ «Ալիք»-ից