Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մասնակցում է Ասիայի եկեղեցիների խորհրդի 15-րդ համաժողովին

Թեմիս Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Բարեշնորհ Սարկաւագուհի Անի Քրիստի Մանուէլեանի, չորեքշաբթի 27 սեպտեմբեր 2023 թւականի երեկոյեան մեկնեց Հնդկաստան, Քոթայում քաղաքում (Քեռելա նահանգ) մասնակցելու Ասիայի եկեղեցիների խորհրդի 15-րդ համաժողովին, որի գլխաւոր նիւթն է՝ «Աստւած նորոգիր մեզ քո հոգիով եւ վերականգնիր ստեղծագործութիւնը»:

Ժողովի բացումը տեղի ունեցաւ հինգշաբթի 28 սեպտեմբեր 2023 թւականի երեկոյան՝ եկեղեցական յատուկ արարողութեամբ, որից յետոյ համաժողովի պաշտօնական բացումը կատարեց Ասիայի եկեղեցիների ընդհանուր քարտուղար դկտր. Մաթիւ Ժորժը։ Հինգ օրեր տեւող ժողովը քննարկելու է գործադիր վարչութեան գործունէութիւնը եւ փորձելու է գտնել նոր միջոցներ առաւել եւս ամրացնելու գործակցութիւնը շրջանի եկեղեցիների միջեւ, ինչպէս նաեւ զօրացնելու կրօնական երկխօսութիւնը՝ քրիստոնեայ, իսլամ, հնդիկ եւ բուդա կրօնների միջեւ։

Քրիստոնէական եկեղեցին աշխարհի բոլոր անկիւններում դիմագրաււում է լուրջ մարտահրաւէրներ, որոնց յաղթահարելու համար հարկ է եկեղեցիները վերանորոգ հաւատքով, սիրով եւ համատեղ աշխատանքով գործակցեն միմեանց հետ։

Յայտնենք որ 2010 թւականից սկսեալ Իրանի հայոց եկեղեցին անդամակցել է Ասիայի եկեղեցիների խորհրդին եւ մասնակցել նրա բոլոր միաւորների եւ համաժողովների աշխատանքներին։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ