Յիշատակ Ս. Գրիգոր Լուսաւորչի Չարչարանաց և Մուտն ի Վիրապ

Թւականիս շաբաթ մարտի 17-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սուրբերից՝ Սրբոյ Հօրն մերոյ, Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց և մտանելոյն ի վիրապն տօնն էր:

Այս տօնը համընկնում է Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու անւանակոչութեան տօնին: Այս առիթով, նոյն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. և անմահ պատարագ:

Պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը քարոզի սկզբում բացատրեց օրւայ տօնի մասին և ասաց՝ «Այսօր ազգային և եկեղեցական մեծ տօն է: Հայաստանեայց եկեղեցու զաւակներիս համար ամենանշանակալից, իմաստալից, խորհրդաւոր և մեզ զօրացնող ու ներշնչող տօն է այսօր, որովհետև այն մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների և խոր վիրապ մուտքի տօնը լինելով, ըստ էութեան իր հոգևոր պատրաստութեան, իր հոգևոր ծառայութեան նւիրւելու ամենագեղիցիկ տօնն է»:

Ապա խօսելով Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների մասին, ասաց՝ «Աստծոյ զօրութիւնն այնքան մեծ էր, որ Աստւած 13 երկար տարիներ պահեց ու պահպանեց Սուրբին, որովհետև Սուրբն ինքը հաւատացած էր Քրիստոսին, հաւատացած էր, որ ինքը Քրիստոսի սիրոյն երբ չարչարւում է և նեղութիւնների ու հալածանքների է ենթարկւում, այդ չարաչարանքն ու նեղութիւնը իր համար փրկութեան միջոց են լինելու»: «Խոր Վիրապից ելնելուց և Տրդատ թագաւորին բուժելուց յետոյ, իր ողջ կեանքը նւիրեց Աստծու լոյսը Հայաստան աշխարհի մէջ տարածելու ինչպէս նաև Աստծու խօսքը հասցնելու մեր ժողովրդին, այդ պատճառով է, որ Հայաստանեայց եկեղեցին ի յարգանս և ի պատիւ իր կատարած անգնահատելի գործի, երբենմն ինքն իրեն կոչում է՝ Լուսաւորչական, այսինքն Գրիգոր Լուսաւորիչով լուսաւորւած: Գրիգոր Լուսաւորիչը եղաւ շառաւիղը Ս. Թադէոս և Բարդուղիմէոս առաքեալների, որոնք եկան քրիստոնէութիւնը տարածելու Հայոց աշխարհում և իրենք էլ իրենց կարգին նահատակւեցին և մեր հայրենի հողը սրբագործեցին իրենց արեան հեղումով»:

Յընթացս Ս. և անմահ պատարագի տեղի է ունեցաւ Դպիրների և Կիսասարգաւակների Ձեռնադրութիւն: Դպրուհի ձեռնադրւեց Լիոդա Խոսրովեանը , իսկ դպիր ձեռնադրւեցին՝ Յովիկ Խոդավերդեան, Խաչիկ Եղսանեան և Անանիա Յարութիւնեանը: Կիսասարգաւակուհի ձեռնադրւեց՝ Լալա Տ. Պետրոսեանը, իսկ կիսասարգաւակ՝ Խաչիկ Եղսանեան և Անանիա Յարպւթիւնեանը:

Այս գեղեցիկ առիթով, Սրբազան Հայրն յայտնում է թէ ուրախութեամբ և մեծ գոհունակութեամբ է Ս. Գրիգոր Լուսաւորչի տաճարին ընծայել նոր սպասաւորներ, ձեռնադրելով դպիրներ և կիսասարկաւագներ: Ապա դիմելով նորընծայ դպրիներին և կիսասարկաւագներին ասաց՝ «Իմ փափագը և աղօթքը միաժամանակ այն է, որ դուք ձեր հաւատքի մէջ ամուր, հաստատուն և զօրաւոր մնաք, հետևէք մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի հաւատքին, ով ոչ մի տեսակ դժւարութեան առաջ կանգ չառաւ. աներևակայելի հալածանքների ենթարկւեց, բայց իր հաւատքից չշեղւեց. դա է իրական հաւատքը»:
Յաւարտ Ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերար՝ հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Յետ արարողութեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու եկեղեցական խորհուրդը, տօնի ուրախ առիթով պաշտօնական ճաշկերոյթով պատւեց Սրբազան Հօրն ու քահանայ հայրերին, նոր ձեռնադրւողներին և ներկայ հիւրերին: