Այսու համայնքի սիրելի ժողովրդին տեղեկացնում ենք ,որ թւականիս հոկտեմբերի 27 –ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական ժողովը գումարեց իր 22-րդ նիստը, նախագահութեամբ Թեմիս առաջնորդ Տէր Սեպուհ Արք.Սարգսեանի և ատենապետութեամբ պարոնայք Գէորգ Վարդանի և Նորայր Արամեանի: Ժողովին ներկայ էին Թեմական և Կրօնական Խորհուրդները , Հաշւեքննիչ մարմինը և «Ալիք» օրաթերթի թղթակիցը: Տէրունական աղօթքից յետոյ, ստուգւեց պատգամաւորների թւային պատկերը և կատարւեց նախորդ նիստի արձանագրութեան հաստատումը, որից յետոյ ժողովն ընթացաւ ճշտւած օրակարգով:
Ըստ Դիւանի միջոցով որոշւած օրակարգի, Հասարակական և Բիւդջետային-Տնտեսական յանձնաժողովները ներկայացրին իրենց համառօտ զեկոյցները: Հասարակական յանձնաժողովը զեկոյցեց թէ ժողովում խօսւել է ընդհանրապէս հասարակական հարցերի ու դժւարութիւնների՝ ի մասնաւորի մշակութային դաստիարակութեան, արտագաղթի ու ոչ հայկական դպրոցներ յաճախող աշակերտութեան մասին և յայտնեց, որ մօտ ապագայում կը տրամադրի մանրամասն զեկոյց: Ապա Տնտեսական յանձնաժողովը յայտնեց, թէ՝ ելնելով կազմի առաքելութիւնից՝ և երկար քննարկումներից ու մտքերի փոխանակումից յետոյ յանգել է այն եզրակացութեան, որ պիտի մշակել այնպիսի ծրագրեր, որոնք մնայուն եկամտաբեր աղբիւրներ լինեն ազգային իշխանութեան համար և մի խօսքով փորձել ինքնաբաւ լինել: Այս լոյսի տակ Թեմական Խորհուրդն իր պատրաստակամութիւնն յայտնեց խորհրդակցական հանդիպումներ ունենալ Տնտեսական յանձնաժողովի հետ:
Յանձնաժողովներին լսելուց յետոյ ազատ ելոյթների ընթացակարգով արտայայտւեցին մի քանի պատգամաւորներ և իրենց մտահոգութիւններն ու տեսակէտները յայտնեցին համայնքին յուզող ու վերաբերող հարցերի շուրջ, որոնց թւում շեշտւեց առաւել ձգտել մշակութասէր ու հայրենասէր սերունդ դաստիարակելու ուղղութեամբ և աւելի զգօն լինել քրիստոնէութեան դէմ կատարւող քարոզչութիւնների ու մարտահրաւէրների զգայուն հարցում:
Արտայայտութիւններից յետոյ Ժողովն ունկնդրեց Կրօնական և Թեմական խորհրդների ու նաև Հաշւեքննիչ մարմնի եռամսեայ ընթացիկ աշխատանքների մասին և կատարւեց մի շարք լուսաբանումներ:
Ժողովի յաջորդ բաժնում խօսւեց Հայաստանի Հանր. դեսպանատան շէնքի կարգավիճակի վերաբերեալ: Թ.Հ.Թեմական Խորհրդի զեկոյցի համաձայն Հ.Հ.դեսպանը դիմել է Թ.Խ. ին համաձայնւել դեսպանութեան ներկայիս շէնքը վերադաարձնելով Ազգային առաջնորդարանին, Թ.Խ.- ը յանձնի Վաչէ Յովսէփեան ներկայի մշակութային համալիրը:
Սրբազան հայրը իր դրական մօտեցումը ունեցաւ այդ հարցի ուղղութեամբ եւ առաջարկւեց Պ.Ժ. ը սկզբունքօրէն համաձայնւել բերւած առաջարկին, հարցի մանրամասնութիւնները վստահելով Պ.Ժ.-դիւանին եւ Թ.Խ.-ին:
Պ.Ժ.-ի քւէարկութեան արդիւնքում պատգամաւորների մեծամասնութիւնը իր համաձայնութիւնը յայտնեց բերւած առաջարկին որով Հ.Հ. դեսպանութեան շէնքը փոխադրւելով Վաչէ Յովսէփեան համալիր, դեսպանութեան ներկայ շէնքը վերադաարձւում է Ազգային առաջնորդարանին:
Այնուհետև Ժողովի ներկաները առիթ ունեցան լսելու՝ Խորհրդարանի Պատգամաւոր ՝ դոկտ. Կարէն Խանլարեանին՝ երկրի վերջին իրադարձութիւնների և տնտեսական վիճակի մասին:
Ժողովի աւարտին արտայայտւեց Թեմակալ առաջնորդը և յոյս յայտնեց,որ ապագայում դրական քայլեր ձեռնարկելով հնարաւոր կը լինի յաղթահարել տնտեսական և հասարակական դժւարութիւնները և ներկաներին յաջողութիւն մաղթելուց յետոյ իր աւարտին հասաւ 22-րդ Պատգամաւորական ժողովը:
Յարգանօք՝
Պատգամաւորական Ժողովի դիւան