Երկուշաբթի մայիսի 28-ին, Հ.Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճը տօնական բարձր տրամադրութեամբ ունկնդրեց միութեան հայ դատի յանձնախմբի, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 100-ամեակի առիթով կազմակերպւած գեղարւեստական ձեռնարկը:
Երեկոն մեկնարկեց «Իմ հայրենիք» հիմներգը, միութեան «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ:
Լուսինէ Միքայիլեանի ղեկավարութեամբ միութեան «Կոմիտաս» երգչախումբը ներկայացրեց նաև ազգային երգերի մի փունջ՝ «Գետաշէն» և «Հպարտ գնացէք»-ը: Երգչախմբին դաշնամուրի կատարմամբ ընկերակցեց տկն. Լուիզա Աւետիսեանը:
Բարիգալստեան և բացման Խօսքով հանդէս եկաւ Արգին Արիստակէսեանը, որը ներկայացրեց թեհրանահայ բանաստեղծ՝ Վարանդի խօսքը, նւիրւած Մայիս 28-ի 100-ամեակին:
Ասմունքային կատարումներով հանդէս եկան Թանիա Մինասենաը, որը ներկայացրեց Գէորգ Էմինի «Սիամանթոյի մենախօսութիւնները»:
«Հայաստան» և «Pregume» երգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ Նոր Ջուղայի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի երգչուհի՝ Վանա Շիրւանեանը:
Օրւայ առիթով հանդէս եկաւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ Սուրիկ Աբնուսեանը, որը շնորհաւորեց «Տօների Տօնը»՝ մայիս 28-ը, Հայաստանի առաջին հանրապետութեան 100-ամեակը, հայ ժողովրդին ու համայն աշխարհին: Նա իր շնորհաւորանքի խօսքն ուղղեց նաև համայն մարդկութեան, Հայաստանի հանրապետութեան, տարածաշրջանում դեմոկրատ-սոցիալական երկրի կերտման կապակցութեամբ, շեշտելով՝ «Սարդարապատի և մայիսեան յաղթանակաների արդիւնքում ծաղկեց ու զարգացաւ հայ մտաւորականութիւնը, ժողովրդին ուսուցանելով տոկունութիւն, Ինքնավստահութիւն և իրաւունքների պաշտպանութիւն: Հայ ժողովուրդը կարողացաւ էութիւն ստանալ, ինքնութիւն կերտել ու դառնալ ինքնուրոյն»:
Գեղարւեստական բաժինը շարունակւեց Լոռետա Աւետիսեանի ղեկավարութեամբ, Հ.Մ. «Սիփան» Միութեան պարախմբի «Արցախ» պարի կատարմամբ:
Ասմունքային կատարումներով հանդէս եկան Ալինա Տէր Սուքիասեանն ու Լեռնիկ Ծատրեանը, որոնք ներկայացրին Վարանդի՝ «Սլակ առաջին» և «Սլակ հինգերորդ»-ը:
Միութեան էստրադային նւագախմբի նւագակցութեամբ հնչեց «Հայաստան-Արցախ-Սփիւռք» երգը, որը կատարեց Ռոմիկ Ազիզեանը, «Երկիր Նայիրի» երգը կատարեց Նորիկ Ղարաբէգեանը, իսկ երեկոն ճոխացրեց «Դրօ»-ի երգի միասնական կատարումը:
Բեմ հրաւիրւեց Առաջնորդական փոխանորդ Գերշ. Տէր. Մակար Սրբ. Աշգարեանը օրւայ առիթով արտայայտւելու:
Սրբազան հայրը շնորհաւորելով մայիսի 28-ը, ազատութիւնը որպէս Աստծուց տրւած իրաւունք համարեց, ճշմարիտ պահանջ, որը իրագործւեց ժամանակի հերոսների հայրենիքի նկատմամբ ունեցած սիրոյ, Աստծու նկատմամբ ունեցած հաւատքի, ապագայի նկատմամբ ունեցած յոյսի շնորհիւ:
Սրբազան Հայրը կարևորելով իւրաքանչիւրի մօտ Մայիսեան յաղթանակի ոգու դրսևորումը և գոյատևումը, ընդգծեց, որ Մայիսեան յաղթանակը հայ ժողովրդի ազատատենչ ոգու դրսևորումն էր: Ապա շեշտեց՝ կառչած մնալով մեր նախնիներից ստացած արժէքներին, պէտք է շարունակենք նոյն ուղին, պահպանելով ու բարգաւաճելով ժառանգած հարստութիւնը:
Հ.Մ. «ՍԻՓԱՆ» Միութիւն
http://www.tehranprelacy.com//news-am/9-content-hy/news-hy/1825-2018053002?tmpl=component&print=1#sigProIdad20b9658e