2019 թւականի շաբաթ, փետրւարի 9-ին «Սիփան» միութիւնում տեղի ունեցաւ Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի կազմակերպած աշակերտական մարզական փառատօնը, որի կարգախօսն էր՝ «Առողջ մարմնում առողջ հոգի»:
Փառատօնին մասնակցում էին հայոց դպրոցների առաջին, 2-րդ և 3-րդ դասարաններից շուրջ 60 աշակերտներ:
Աշակերտներն իրենց ծնողների հետ առաւօտեան ժամը՝ 9:00-ին ներկայ գտնւեցին «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում:
Փառատօնի բացման խօսքով հանդէս եկաւ Կրթական Խորհրդի անդամ՝ պրն. Սաքօ Ազիզեանը, ով իր խօսքում անդրադարձաւ փառատօնի անցկացման հիմնական նպատակին, այն է՝ մատաղ սերնդի մէջ աշխուժութիւն ստեղծելու և երեխաների մօտ ձևաւորելու ֆիզիկական կուլտուրա, որն ուղղւած կը լինի նրանց առողջութեան ամրապնդմանն ու պահպանմանը, անհատի մտաւոր և ֆիզիկական կարողութիւնների զարգացմանը:
Յանձնախմբի կողմից ներկայացւեց փառատօնի ծրագիրն ու անցկացման կարգը: Մինչ բուն մարզական վարժութիւններին անցնելը, աշակերտները կատարեցին նախավարժանք:
Փառատօնը իրականացւեց երկու փուլով: Աշակերտների մարզական վիճակն ու կարողութիւնները, վարժութիւնների կատարման ճիշտ ձևն ու արագութիւնը գնահատւում էր յանձնախմբի անդամների և նրանց օժանդակող անձանց կողմից:
Մարզական յանձնախմբի անդամներն են՝ Հենրի Քսաչիքեանը, Լիւդվիգ Նազարեանը և Ռազմիկ Միրզախանեանը: Ընթացիկ աշխատանքներում յանձնախմբին իրենց օժանդակութիւնը ցուցաբերցին լեռնագնաց՝ Արա Ոսկանեանը, լողորդ՝ Ալբերտ Յարութիւնեանը, Նարինէ Ղարիբեանը, Նարին Նազարեանը, Փիեռ Քսաչիքեանը, Փրենի Ղարիբեանը և ներկայ էր նաև «Աւետիսեան» բուժարանից մէկ աշխատակից՝ անհրաժեշտութեան դէպքում աշակերտներին առաջին օգնութիւն ցոյց տալու նպատակով:
Փառատօնը աշակերտների և ծնողների մօտ ստեղծել էր բարձր տրամադրութիւն և աշխոյժ մթնոլորտ:
Յատուկ շնորհակալութիւն ենք յայտնում «Սիփան» միութեան պատասխանատուներին և բոլոր օժանդակող անձանց, յանձնախմբի աշխատանքը սահուն ընթանալու գործում իրենց ցուցաբերած համագործակցութեան համար:
Թ.Հ.Թ Կրթական խորհուրդ
http://www.tehranprelacy.com///news-am/9-content-hy/news-hy/2233-2019021203?tmpl=component&print=1#sigProId37b9d31632