Հ.Մ. «Սիփան» Միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ ՝ 2017 թ. հոկտեմբերի 22-ին և 23-ին միութեան Նայիրի սրահում տեղի ունեցաւ ցուցահանդէս և գեղարւեստական երեկոյ նւիրւած միութեան վաղեմի անդամ, գեղանակրիչ, քանդակագործ, միութեան դիմայարդար և բեմայարդար, Մկրտիչ Թաշճեանի դուստր՝ Լալիկ Թաշճեանին:
Ցուցահանդէսի առաջին օրը յատկացւել էր հանրութեան այցելութեան, վաստակաշատ ուսուցչուհու շրջապատին ու ոչ հայ այցելուներին:
Հոկտեմբերի 23-ին երեկոյեան գեղարւեստական բաժնում ներկայ էին Թ.Հ.Թ. բարեխնամ Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը, Առաջնորդական փոխանորդ գերշ. Տ. Մակար Սրբ. Աշգարեանը, Պատգամաւորական Ժողովի դիւանը, քաղաքամասի պատգամաւորները, ազգային մարմինների և միութիւնների ներկայացուցիչները:
Ներկայ էին նաև օրդ. Լալաիկ Թաշճեանին մօտ անձինք, իր աշակերտները ( իր հին ու նոր ծանօթ անձնաւորութիւնները:
Ձեռնարկը բացւած համարւեց օր. Լալիկի հետ տեղի ունեցած հարցազրոյցի ֆիլմի ցուցադրումով:
Ծրագիրն օժտւած էր գեղարւեստական կատարումներով:
Հանդիսատեսին երեկոյի հետ աւելին հաղորդակից դարձրեց օրւայ հաղորդավար՝ Մինէ Սարգսեանի վարած հարցազրոյցն Վերժիկ Թահմազեանի և Ժորժ Ղանբարեանի հետ:
Մասնակիցները իրենց ելոյթներում անդրադարձան անցած օրերին, թէ ինչպէս են ծանօթացել Լալիկի հետ, ինչ անցեալ են ունեցել իր հետ և թէ ի՞նչպիսին է եղել օր. Լալիկը ուսուցչութեան պաշտօնում, միութիւնում վարած յանձնառութիւններում, ընկերական ու համայնքային կեանքում:
Վարչութեան խօսքը ներկայացրեց վարչութեան անդամ ՝Իւետ Մատթէոսեանը, որում կարևորութեամբ շեշտադրւած էր Լալիկ Թաշճեանի պէս անձանց գնահատելու և մեծարելու պարտքը, անձինք որոնք ջանք չեն խնայել իրենց տաղանդն ու արւեստը ծառայեցնելու յանուն հայկականը տարածելու և հայօրէն ապրելու: Նա նշեց.-«Լալիկ Թաշճեանը նւիրւած է եղել միութեան, դպրոցին ու ընդհանուր համայնքին որի համար էլ վայելում է մեծ սէր ու համբաւ իր աշակերտների ու իր հետ երբևիցէ շփում ունեցած մեծ շրջապատի կողմից»:
Ապա բեմ հրաւիրւեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ արք. Սարգսեանը արտայայտւելու: Սրբազան Հայրն իր հերթին գնահատեց Սիփան միութեան վարչութեան և Արւեսից բաժանմունքի քայլը գնահատելու Լալիկ Թաշճեանի պէս անձնաւորութեան, ով երկար տարիների ընթացքում սերունդներ է դաստիարակել ու իր արւեստով կտաւներին հոգու վերածել:
Վերջում բեմ հրաւիրւեցին միութեան վարչութեան նախագահ՝ Արին Միրզայեանը և յատուկ հրաւէրով ներկայացած կոմպոզիտոր՝ Լորիս Ճգնաւորեանը, Սրբազան Հօր հետ յանձնելու օր. Լալիկին միութեան վարչութեան կողմից պատրաստւած յուշանւէրն ու ծաղկեփունջը:
Ապա բոլորի կողմից սիրւած ու յարգանքի արժանի ուսուցչուհին իր յուզմունքն ու երախտագիտութիւնը յայտնեց ներկաներին:
http://www.tehranprelacy.com///9-content-hy/news-hy/1375-2017102502?tmpl=component&print=1#sigProIdb5fbd882d2