Թեհրանի Սուրբ Մինաս եկեղեցի

Այս եկեղեցին գտնւում է Թեհրանի Վանաք քաղաքամասում, Ղալէյէ Արամանէ փողոցի Քելիսա փակուղում:

Նախքան Սուրբ Մինաս եկեղեցու կառուցումը, Վանաքի (նախկինում՝ գիւղ) հայ բնակիչները, որոնք թւով 1200 հոգի էին, հարկադրւած էին կրօնական արարողութիւններին մասնակցելու համար գնալ Թեհրան: Հետեւաբար որոշում են գիւղում եկեղեցի կառուցել եւ 1875 թւին, ղաջարական շրջանի պետական այրերից, Մոսթոֆի օլ Մամալէքի նւիրած հողամասի վրայ կառուցում են իրենց գիւղի եկեղեցին:

Կառոյցի ուղղանկիւն եւ արեւելքից արեւմուտք ձգւող յատակագիծը 17 մետր երկարութիւն եւ 6,5 մետր լայնութիւն ունի: Որպէս շինանիւթ օգտագործւել է աղիւս եւ չթրծւած աղիւս: Ներքին պատերը գաջապատւած են: Առաստաղը հենւած է վեց սիւների վրայ, որոնք անցեալում փայտից են եղել: Կառոյցը բակի մակերեսից երկու աստիճանով ներքեւ է գտնւում: Եկեղեցին ունի լուսամուտներ երեք կողմերում, նաեւ երկու մուտք արեւմտեան ու հարաւային կողմերում: Հարաւային մուտքի վերեւում գտնւում է փոքր զանգակատունը:

Եկեղեցու բակում կան գերեզմանաքարեր, որոնք պատկանում են գիւղի բնակիչներին: Բացի հայերից, նրանց մէջ կան ռուսներ եւ անգլիացիներ: Այս գերեզմանատան մի մասը գտնւում էր մօտակայ բլրի վրայ, որի տեղում այժմ կառուցւել է Արարատ մարզաւանի տարածքից ներս գտնւող Սուրբ Խաչ մատուռը:

Սուրբ Մինասը գործող եկեղեցի է եւ կառավարւում է Թ.Հ.Թ. Թեմակական Խորհրդի կողմից ընտրւած եկեղեցական խորհրդի միջոցով: Տարւայ ընթացքում եկեղեցում տեղի են ունենում կրօնական յատուկ արարողութիւններ: