Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի Աշխատանքների Զեկոյց

Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարինը զրոյց է ունեցել նաև Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի ատենապետուհու հետ: 

Ստորև, հակիրճ ներկայացնում ենք սոյն եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետուհի՝ Տկն. Սեդա Թահմազեանի զեկոյցը՝

2001 թւականից անդամակցել եմ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ խորհրդի կազմին, այժմ խորհրդի ատենապետն եմ:  Միշտ էլ փորձել եմ լաւատեսօրէն մօտենալով հարցերին և եռանդով լծւելով աշխատանքին, յաջող կերպով կատարեմ ինձ վստահւած աշխատանքը:

Այսօրւայ իրականութեան մէջ, երբ առաւել նօսրանում է համայնքը, բոլորս էլ կարիք ունենք համախմբւելու և աշխատելու առաւել միասնական:  Քանի որ եկեղեցին այն սրբավայրն է ուր մուտք են գործում ժողովրդի տարբեր խաւի անդամներ, մեր պարտականութիւնն է աւելի բծախնդրօրէն մօտենալ հարցերին և հնարաւորին սահմաններում և ամենայն պատասխանատւութեամբ լուծել խնդիրները:

Եկեղեցում շատ անելիքներ կան՝ սկսած շինարարական և բարենորոգման աշխատանքներից մինչև հոգևոր խնդիրները, որոնց լուծումներ տալով պիտի բոլորին քաջալերենք, որ աւելի մօտ լինեն եկեղեցուն և առաւել հաւատքով մասնակցեն բոլոր արարողութիւններին:

Այս շրջագծում առաւել կարևոր և նշանակալից է երիտասարդութեան ներգրաւումը եկեղեցու հոգևոր կեանքում, ուստի մեր խորհուրդը նպատակադրել է ապագայում այս նպատակով առաջացնել համապատասխան խումբ այս ծրագրերը իրականացնելու համար: