Իրանագիտութեան կենտրոն-հիմնադրամում իր աշխատանքն է սկսել գեղանկարիչ Գրիգոր Յակոբեանի (Եաղուբի) ցուցահանդէսը

Երկուշաբթի՝ 19 փետրւար 2024 թւականին, Թեհրանի Իրանագիտութեան հիմնադրամի նախաձեռնութեամբ եւ «Արտակ Մանուկեան» թանգարանի համագործակցութեամբ՝ Իրանագիտութեան հիմնադրամի կենտրոնի ցուցասրահում իր աշխատանքն սկսեց իրանահայ անւանի գեղանկարիչ Գրիգոր Յակոբեանի (Եաղուբի) կտաւների ցուցահանդէսը:

Ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ մարտի 5-ը, որտեղ ցուցադրութեան են հանւել ԳՐԻԳՈՐԻ-ի վերջին 30 տարիների նկարած կտաւներից 68-ը: Կտաւները ներկայացւած ոճով տարբերւում են նախագծերի պատմութեամբ՝ պետութիւնների ինքնութեան էլեմանների եւ դրօշների ընդգծումներով, աբստրակտ, եւ պատմա-ռէալիստական պատկերներով:

Գեղանկարչի գործունէութեանը նւիրւած հանդիսութեամբ նշանաւորւող բացման ծրագրին, Իրանագիտութեան հիմնադրամի տնօրէն դոկտ. Ռաջաբին իր ուրախութիւնը յայտնելով տեղի ունեցող իրադարձութեան կապակցութեամբ, կարեւորեց իրանահայութեան դերը՝ Իրանի ժամանակակից արւեստի զարգացման հարցում եւ հիմնադրամի անունից պատրաստակամութիւն յայտնեց իրանահայութեան հետ առաւել սերտ համագործակցութիւն սկսելու եւ ծաւալելու հարցում:

Հանդիսաւոր արարողակարգին ելոյթ ունեցաւ նաեւ հիմնադրամի փոխտնօրէն՝ արւեստաբան դոկտ. Սէյէդէ Ռազիէն, ով անդրադառնալով Իրանի զարգացման բոլոր ասպարէզներում իրանահայութեան աննկարագրելի դերին, յաւելեց. «Վարպետը գեղանկարչութեան ասպարէզում 60 տարւայ պատմութիւն ունեցող իրանահայ ժամանակակից ամենաբեղմնաւոր եւ յաջողակ նկարիչներից է։ Գրիգոր Յակոբեանի ստեղծագործութեան սկզբնակէտը եղել է բնութիւնն ու նրա գեղեցկութիւնը երեւակելը: Սակայն գեղարւեստականզարգացմանը զուգահեռ նոր շարժումների ի յայտ գալով, նրա ոճային իւրայատկութիւններն աստիճանաբար հեռացել են նատուրալիզմից եւ նրա ստեղծագործութիւնները փոխակերպւել են ֆորմայի եւ ընդգծւած գունային երանգաւորումների ուղղութեամբ»:

Հանդիսութեանը ներկայ էր անւանի արւեստաբան Նեմաթօլլահ Քէյքաւուսին, ով իր կարճ ելոյթում բարձր գնահատելով հիմնադրամի նման քայլերը, յաւելեց. «Աստւած գեղեցկութիւն է եւ սիրում է գեղեցկութիւնը: Արդէն նշւեց, բայց պարտք կը մնամ, եթէ չկրկնեմ, որ հայերն են եղել Իրանի ժամանակակից արւեստի զարգացման հիմքը: Այն ժամանակ, երբ Մարկօ Գրիգորեանը 1965 թւականին անցկացրեց Թեհրանի առաջին բիենալիէն, ժամանակակից իրանցի նկարիչների շուրջ մէկ երրորդը հայեր էին»:

Լուրը՝ «Ալիք»-ից