«ՍՊԱՍԱՐԿՈՒԹԵԱՆ ՍԵՂԱՆ» ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԵՒ ԱՆՁՆՈՒՐԱՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, նախաձեռնութեամբ Թեհրանի Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, նաեւ համագործակցութեամբ՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի, երէկ՝ յունւարի 2-ի երեկոյեան Սրբոց Թարգմանչաց եկեղեցու տարածքում գտնւող «Շաղուլեան» սրահում կազմակերպւել էր «Սպասարկութեան սեղան»:

Սկզբում յանուն Թեհրանի հայոց թեմի Նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ողջոյնի խօսք փոխանցեց Արտուշ Իսկանդարեանը:

Յիշեալ միջոցառման ընթացքում, որին ներկայ էին՝ Թեհրանի Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի սոցծառայութեան ու ժողովրդական համագործակցութիւնների հարցերով գլխաւոր տնօրէնի տեղակալ Մոհամմադ Փաքդելը, հիմնարկի գերատեսուչ Աբբաս Զարէը եւ Թեհրանի նահատակների ու անձնուրացների հարցով գերատեսուչ Ասհաբ Քարիմին, իրենց առանձին ելոյթների ընթացքում շնորհաւորելով Ամանորը եւ Սուրբ Ծննդեան տօները կարեւորութեամբ անդրադարձան իրանահայ համայնքի անվերապահ դերակատարութեանը՝ Իրանի դէմ Իրաքի 8-ամեայ պարտադրեալ պատերազմի տարիներին, որի ընթացքում հայ նահատակները իրենց կեանքի գնով պաշտպանեցին Իրանի տարածքային ամբողջականութիւնը:

Միջոցառմանը ներկաներին իր շնորհաւորանքը փոխանցելով պատգամաւոր Արա Շահվերդեանը կարեւորութեամբ անդրադարձաւ «Սպասարկութեան սեղաններ»-ի կայացման անհրաժեշտութեանը, որի ընթացքում դիմորդները հնարաւորութիւն են ունենում դէմ առ դէմ հանդիպումների ընթացքում արծարծեն իրենց խնդիրները, որոնց հետամուտ են լինում պատկան բաժինների պատասխանատուները:

Պատգամաւորը գնահատանքով անդրադարձաւ Հանրապետութեան նախագահի տեղակալ եւ Նահատակների ու անձնուրացների հիմնարկի նախագահ դոկտ. Սէյէդ Ամիր Հոսէյն Ղազիզադէ Հաշեմիի աշխատանքներին ու անվերապահ ջանքերին, իրանահայ նահատակների ընտանիքներին կատարած այցերին եւ նրանց ու անձնուրացների խնդիրներին վերահասութիւնը:

Լուրը՝ «Ալիք»-ից