ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

Թեմական խորհրդի երկամեայ գործունէութեան շրջանի աւարտի շէմին, Խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, կիրակի, 26 նոյեմբեր 2023 թւականին, ներկայ գտնւեց Կրթական խորհրդի հերթական նիստին:

Պրն. Արամեանը հանդիպման սկզբին, Թեմական խորհրդի անունից ողջոյնի եւ շնորհակալական խօսք ուղղեց երկամեայ գործունէութեան ընթացքին ցուցաբերւած սերտ համագործակցութեան ուղղութեամբ, ապա հարցումներ հնչեցրեց մի շարք յուզող հարցերի վերաբերեալ։

Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը նաեւ իր հերթին երախտիքի խօսք ուղղեց եւ ամփոփ զեկոյց ներկայացրեց իրագործւած աշխատանքների մասին: Նա անդրադառնալով Կրթական խորհրդի ծրագրած դպրոց առ դպրոց հանդիպումներին, որոնցից մի քանիսը դեռեւս ընթացքի մէջ է յայտնեց, որ ծնողների հետ հանդիպման ընթացքում բոլոր հարցումներին լուսաբանիչ բացատրութիւններ են ներկայացւում նաեւ արձանագրւում են արծարծւող մտահոգութիւններն ու դժւարութիւնները, որոնց անդրադարձ կը լինի եւ կը քննարկւեն խնդիրների լուծման ու փարատման առումով:

Պրն. Արամեանը իր արտայայտութիւնների ընթացքում անդրադարձ ունեցաւ նաեւ վերջին ժամանակաշրջանում ներկայացւած մի քանի դիմումներին, դպրոցների տարածքի հնարաւորութիւններից մշակութային տարբեր ոլորտների համար օգտագործման վերաբերեալ, որն այս ուղղութեամբ դժւարութիւնները մատնանշւելով քննարկում եւ խորհրդակցութիւն տեղի ունեցաւ:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը մէկ անգամ եւս շնորհակալութիւն յայտնելով, յաջողութիւն մաղթեց Խորհրդի ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ