ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀՈՒՍԿ» ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ՝ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

40-ամեայ գործունէութիւնը բոլորած «ՀՈՒՍԿ» Հաստատութեան՝ Հայ Դատի յանձնախումբը, 2023 թւականի մարտ ամսւան՝ երեք օրերի ընթացքում իրականացրեց «Հայաստանը, Արցախը եւ յարափոփոխ տարածաշրջանը» եւ «Կովկասի աշխարհաքաղաքական հաւասարումները եւ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային դերակատարները» խորագրերով՝ «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովը, որոնք դասախօսների բովանդակալից եւ լուսաբանիչ զեկոյցներով, դրական ազդեցութիւն ունեցաւ հայ եւ պարսկախօս լսարանի համար:

Այդ առիթով Թեմական խորհրդի հրաւէրով, կիրակի, 19 մարտ 2023 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում կայացաւ գնահատման եւ խորհրդակցական հանդիպում՝ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Խորհրդի անունից բարձր գնահատեց յանձնախմբի նախաձեռնութիւնը, որն այս տարի ունէր իր ուրոյն առանձնայատկութիւնները հրաւիրեալ դասախօսների կողմից ներկայացւած թեմաների եւ զեկոյցների առումով:

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը յանձնախմբի անունից շնորհակալական խօսք ուղղելով, ամփոփ անդրադարձ ունեցաւ յանձնախմբի ընդհանուր աշխատանքներին եւ ապագայ ծրագրերին: Պրն. Իւնանէսեանը յայտնեց, որ «ՀՈՒՍԿ» հաստատութիւնը երկար տարիներ ի վեր Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման խնդրով, իր առաքելութեան առընթեր աշխատանքներ է ծաւալել՝
• Իրանական քաղաքական, մտաւորական եւ հասարակական շրջանակներին ընդհանրապէս հայութեանը եւ յատկապէս իրանահայութեանը ծանօթացնելու, Հայ Դատի նպատակները ներկայացնելու, Հայաստանի, Արցախի եւ Հայկական Հարցի հիմնական խնդիրները հանրայնացնելու եւ այդ շրջանակներից բարեկամների ներգրաւման, ինչպէս նաեւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների ամրապնդման գործին նպաստելու շրջագծում:
• Պարսկերէն լեզւով համացանցի կայքի եւ թելեգրամի ու ինստագրամի էջերի ձեւակերպում, որտեղ տեղադրւում են Հայկական նիւթեր ու լուրեր առնչւած՝ Հայոց Ցեղասպանութեանը, Արցախին, Հայաստան-Իրան յարաբերութիւններին նաեւ Իրանում՝ հայ համայնքի կեանքին:
• Վերոնշեալ թեմաներով ոչ-հայ լսարանի համար առանձին եւ կամ իրանական վերլուծական կարեւոր կենտրոնների հետ համատեղ խորհրդաժողովների, դասախօսական հանդիպումների կազմակերպում հայ եւ իրանցի մասնագէտների մասնակցութեամբ նաեւ Մշակութային-քաղաքական միջոցառումների կազմակերպում՝ ոչ-հայ լսարանի համար։
• Վերոյիշեալ թեմաներով գրքերի պարսկերէն թարգմանութիւն:
• Պարսիկ մտաւորականների, վերլուծաբանների եւ փորձագէտների հետ մշտական կապ եւ պարբերական համագործակցութիւն։
• Հետեւողական կապ իրանական լրատւամիջոցների լրագրողների հետ եւ հայութեան օրակարգերի ներկայացում իրանական լրատւամիջոցներում նաեւ Իրանցի լրագրողների գործուղում Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններ։
• Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի հիմնահարցին կապւած բազմաթիւ փաստա-վաւերագրական ֆիլմերի պատրաստութիւն եւ առցանց տեղադրում նաեւ ոչ-հայ հասարակութեան հասանելի կայքերում ու հարթակներում:
Պրն. Իսակ Իւնանէսեանը նաեւ նշեց, որ «ՀՈՒՍԿ»-ի ամենայատկանշական աշխատանքներից է պարսկերէն լեզւով հայկական միակ հանդէսի՝ «Պայման» եռամսեայի 26 տարի կանոնաւոր հրատարակութիւնը, որն ուղղակիօրէն հովանաւորւում է Թեմական խորհրդի կողմից:

Հանդիպման ընթացքում խորհրդակցութիւն եղաւ նաեւ երիտասարդութեան հետաքրքրութեան համար շարժառիթ ստեղծելու եւ աշխատանքներում ներգրաւման կապակցութեամբ:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը մէկ անգամ եւս գնահատեց եւ կարեւորեց «ՀՈՒՍԿ» հաստատութեան դերակատարութիւնը եւ յայտնեց, որ Թեմական խորհուրդը իր հնարաւորութեան սահմաններում հովանաւորելու եւ աջակցելու է ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ