Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, Հայոց եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են յիշատակը «Սուրբ Վարդանանց» Զօրավարների: «Վարդանանք» ասելով հասկանում ենք այն 1036 սուրբ նահատակները, որոնք հայոց Զօրավար՝ Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ 451 թւականին Աւարայրի դաշտում իրենց կեանքը ընծայաբերեցին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան զոհասեղանին։

Այս տարի՝ Սրբոց Վարդանանց տօնի առիթով թւականիս փետրւարի 16-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Սրբոց Վարդանանց եկեղեցում, Ս. Պատարագը մատուցւեց Ձեռամբ՝ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս. Արք․ Սարգսեանի։ Սրբազան Հօրն սպասարկում էին Արժ․ Տ․ Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը։

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում բնաբան ընդունելով Պօղոս առաքեալի եբրայեցիներին գրւած նամակի այն հատւածը ուր ասում է.- «Ուրեմն մենք էլ, որ այսքան բազմաթիւ վկաներով ենք շրջապատւած, դէն գցենք ամէն խոչընդոտ եւ մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտութեամբ պաշարում է մեզ, եւ համբերութեամբ պայքարենք գալիք փորձութիւնների դէմ (Եբր 12.1)» ասաց.-«Քրիստոսի եկեղեցին Պօղոս առաքեալի օրերին հալածւում էր եւ նահատակներով շրջապատւած ամէն խոչընդոտ եւ մեղք մի կողմ թողած, Յիսուսին ապաւինելով յաղթում էր իր դէմ ծառացած դժւարութիւնները։ Սրբազան Հայրն ապա կարեւորելով վկաների ներկայութիւնը մեր կեանքում, յաւելեց.- «Վկաներով շրջապատւած լինելը պարտաւորեցնող իրականութիւն է, որովհետեւ վկաները իրենց քրիստոնէական հաւատքի համար իրենց կեանքը ընծայեցին Աստծուն եւ հետեւաբար մենք նրանց խորհրդով պիտի մի կողմ թողնենք մեղքը եւ մեր հայացքները պիտի ուղղենք մեր հաւատքի զօրագլխին՝ Յիսուս Քրիստոսին։ Նա իր խօսքը շարունակելով ասաց, որ Առաքեալը մեզ ուսուցանում է՝ նրանք ովքեր նահատակւել են իրենց հաւատքի համար, իրենց նահատակութիւնը դառնում է օրինակ` դառնում կենդանի դաստիարակ նրանց համար, ովքեր հաւատքով նայում են նրանց։ Վկաներով շրջապատւած լինելը հարստացուցիչ իրականութիւն է, որովհետեւ այդ վկաները լինում են ներշնչման աղբիւր, որպէսզի մեզ զօրացնեն դիմադրելու համար ամէն մի փորձութեան»։

Ապա Սրբազան Հայրը լուսաբանելով փորձութիւն բառը ասաց.-«Փորձութեան դէմ պայքարելը նշանակում է հաւատքի եւ սիրոյ պակասից գոյացած փորձութիւնների դէմ պայքարել։ Մեր կեանքի իրականութեան մէջ առկայ փորձութիւնը մեր եկեղեցական եւ ազգային տօների հանդէպ ունեցած անտարբերութիւնն է։ Նա ցաւ ապրեց համայնքիս կողմից Հաւատքի եւ հայրենիքի համար զոհւած քաջ նահատակների հանդէպ ունեցած անտարբերութեան համար: Նա յայտնեց.-«Մեր հաւատքը եւ մեր լեզուն մեր ինքնուրոյնութիւնը բնորոշող, մեր ազգային ինքնութիւնը հաստատող ազդակներ են»: Սրբազան Հայրն սթափութեան կոչ անելով, հաւատացեալներին յորդորեց անտարբերութիւնը, որպէս արդի փորձութիւնների խորհրդանիշ դէն նետել եւ հայացքը նետել Քրիստոսի վրայ եւ մտածումները կենտրոնացնել մեր հայրենիքի վրայ, որ այսօր տագնապի մէջ է եւ մեծ փորձութիւնների առաջ է կանգնած։

Սրբազան Հայրը յայտնեց, որ մեր ուշադրութեան առանցքը պիտի դարձնենք մեր գաղափարական աշխարհը, որը ուրիշ բան չէ եթէ ոչ հայրենիքն ու մեր հաւատքը, որոնց համար զոհւեցին Վարդանանց քաջերը։ Ապա ինքնաքննութեան հրաւիրելով ներկաներին յաւելեց.-« Վարդանանց վկաները ամբողջական նւիրումով մասնակցեցին պատերազմին եւ այսօր մենք, որպէս խորհուրդ ընդունելով Վարդանանքը, մեր հաւատքը պիտի վերակենդանաւորենք, որպէսզի կարողանանք տէր կանգնել գաղափարական այն աշխարհին, որը խորհրդանշւած է մեր հայրենիքով ու եկեղեցով։ Հայրենիքը նւիրական այն սուրբ իրականութիւնն է, որ իր ժողովուրդը դէպի յաւիտենականութիւն է առաջնորդում, եւ ամէն մի ժողովուրդ պարտաւոր է տէր կանգնել հայրենիքին»։

Յաւարտ Սուրբ եւ անմահ պատարագի սրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն։
Արարողութեանը նեկայ էին Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ պրն. Հայկազ Շիրւանեանը, Եկեղեցական խորհուրդը եւ հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ