ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԷՆՈՒՀԻ ՃՐՏ. ԴՈԿՏ. ՇԵՐԼԻ ԱՒԵՏԵԱՆԻՆ

Հինգշաբթի թւականիս փետրւարի 3-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանի Պատմական Եկեղեցիների Կենտրոնի տնօրէնուհի ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանին, ով եկել էր Սրբազան Հօրը փոխանցելու ՄԱԿ-ի կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան կողմից հաստատւած Ս. Թադէի վանքի ԻՒՆԵՍԿՕ-ի պատմական յուշակոթողների շարքին ընդգրկման եւ գրանցման վկայագիրը:

Տկն. Աւետեանը Սրբազան Հօր հետ խորհրդակցեց նաեւ Վեհափառ Հայրապետից «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը ստանալու առիթով, շնորհակալութեան եւ երախտագիտութեան գիր յղելու կապակցութեամբ:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ մեծապէս գնահատեց ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանին, «Իրանի Հայկական եկեղեցիները» փաստագրական գրքի հրատարակման առիթով եւ յաջողութիւն մաղթեց նրան պատմական եկեղեցիների պահպանման աշխատանքի շրջագծում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ