ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՄԱՆՈՐԵԱՅ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Չորեքշաբթի թւականիս յունւարի 19-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, «Նայիրի» միութեան՝ «Արցախ» սրահում իրականացաւ Նոր տարւայ առիթով հանդիպում-հիւրասիրութիւն:

Կրթական խորհուրդն ամէն տարի անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ կազմակերպում է միջոցառում, որով առիթ է ստեղծում ներկաներին մէկ անգամ եւս շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով:

Միջոցառմանը ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, նոյն խորհրդի Կրթական խորհրդի հետ կապ՝ Անի Միրզախանեանը եւ խորհրդի անդամներ պարոնայք՝ Հայրիկ Աղանեանը եւ Աշոտ Սինանին, տեսուչներ, ուսուցիչ-ուհիներ, Կրթական խորհրդի յանձնախմբերի անդամները եւ իրանահայ ուսուցիչների միութեան ներկայացուցիչները:

Կրթական խորհրդի շնորհաւորանքի խօսքը փոխանցեց փոխատենապետ Կարինէ Բալըքճեանը: Նա իր խօսքում մասնաւորապէս անդրադարձաւ համավարակին, 44-օրեայ պատերազմին, հայրենիքում տիրող յետպատերազմեան վիճակին, ասելով հետեւեալը՝ «Նորանոր յաջողութիւններ եւ նոր յաղթանակներ արձանագրելու համար պահանջւում է նպատակասլաց երկարատեւ եւ անտրտունջ աշխատանք ամէն հայ անհատի կողմից, դա պէտք է լինի թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում եւ այս դժւարին գործի առանցքային դէրը Ձերն է, սիրելի գործընկերներ, որովհետեւ դուք էք զբաղւում երիտասարդ սերնդի դաստիարակութեամբ՝ սնելով եւ զինելով նրանց հայրենասիրութեամբ, հայասիրութեամբ եւ ազգային ինքնագիտակցութեամբ եւ պատահական չէ, որ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2022-ը հռչակել է ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ, մեջբերում՝ Վեհափառի Կոնդակից: «Սփիւռքի վերակազմակերպումը հրամայական է՝ ի խնդիր Հայաստանի ու Արցախի հզօրացման»:

Միջոցառման գեղարւեստական բաժնի պատասխանատւութիւնը յանձնարարւած էր «Էլպիս Ֆերահեան» մանկապարէզին: Այն գեղեցիկ ձեւով վարեց մանկապարտէզի տեսչուհի՝ Մելինէ Բադալը: Մանկապարտէզի աշխատակազմը մի քանի ժամ շարունակ աշխուժութիւն, բարձր տրամադրութիւն եւ ժպիտներ պարգեւեցին ներկաներին:

Ընթացքում տրւեցին հետաքրքրաշարժ խաղեր եւ առաջադրանքներ բոլորին տեղափոխելով մանկութիւն:

Ծրագրի մի բաժին էլ ստանձնեց պրն. Հայրիկ Աղանեանը, ով իր արհեստավարժ խօսքով եւ շնորհաւորանքներով ջերմացրեց եւ աւելի բարձրացրեց ներկաների տրամադրութիւնը:
Ասմունքների եւ երգերի գեղեցիկ կատարումներով հանդէս եկան մեր սիրելի ուսուցիչները:
Միջոցառման վերջում Սրբազան Հայրն իր հայրական խօսքն ու օրհնանքը յղեց բոլորին: Նա իր խօսքում նշեց հետեւեալը. «Ես ուզում եմ սրտանց ու կրկին անգամ շնորհաւորել Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով: Սրբազան Հայրը անդրադարձաւ հայ ուսուցչի առաքելութեանը, նշելով, որ հայ ուսուցիչի պարտականութիւնն է հայ ազգայինն ու կրօնականը պահել, պահպանել եւ փոխանցել իր խնամքին յանձնւած սերունդներին: Անդրադարձաւ նաեւ Սփիւռքին, հայրենիքին, հայրենիքի շուրջ ծաւալւող իրադարձութիւններին ասացով, որ այս դառը իրադարձութիւնները գալիս են, որպէսզի մենք առաւելոգոյն գիտակցութեամբ առաջնորդենք եւ մենք կարողանանք կրկին անգամ զօրացած հաւատքով, կամքով մեր գոյապայքարը շարունակել: Էականը՝ հայրենաճանաչութիւնն է, էականը՝ մեր լեզւի, մեր պատմութեան, մեր մշակոյթի եւ արժէքներին տէր կանգնելն է, պայքարենք դրանց տէր կանգնման համար, որպէսզի կարողանանաք աւելի զօրացած մեր կեանքը շարունակել եւ ապրել:

Սրբազան Հայրը նաեւ իր գնահատանքի խօսքն յղեց Կրթական խորհրդին. «ԳՆահատում եմ Կրթական խորհրդի աշխատանքը ամէն տարի այս գեղեցիկ հաւաքոյթը կազմակերպելու համար, որն առիթ է ստեղծում միմեանցով ուրախանալու, միմեանցով զօրանլու եւ միմեանցով մեր ուխտը վերանորոգելու: Ուխտ՝ հայօրէն ապրելու, ուխտ՝ իրարով զօրանալու , ուխտ՝ պայքարելու մեր իրաւունքների անարատ պահպանման համար եւ վերջապէս ուխտ մեր լինելիութեան համար»: Սրբազան Հայրն իր օրհնութիւնը յղեց ներկաներին եւ ցանկացաւ, որ 2022 թւականը բոլորի համար լինի նորանոր նւաճումների, յաջողութիւնների եւ ձեռքբերումների տարի, դրանցով զօրացած շարունակենք ապրել հայրենիքի փառքի եւ մեր ժողովրդի յաւիտէնականութեան համար:
Կրթական խորհուրդն իր յատուկ շնորհակալութիւնն է յայտնում հիւրընկալ՝ «Նայիրի» միութեան վարչութեանը, «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի պաշտօնէութեանը, «Սէթ սուրճ» ըկերութեանը, ներկաներին եւ բոլոր օժանդակող անձանց:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ