«ԻՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ» ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿ ԴՈԿՏ. ՇԵՐԼԻ ԱՒԵՏԵԱՆԻՆ ՇՆՈՐՀՒԵՑ «Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՇՔԱՆՇԱՆ

 

Իրանի հայկական եկեղեցիները, իրենց վաղեմութեամբ այն գանձերն են, որոնք ապացուցում են իրանահայ համայնքի դարաւոր գոյութիւնը Իրանում:

Ահաւասիկ, այս մասին գիտական հետազօտութիւնը եւ արդիւնքում գրքի հրատարակութիւնը յոյժ կարեւոր գործօն է, որը իրականացել է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն, Հայաստանի ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի, յուշարձանների ու զբօսաշրջային վայրերի միջազգային կազմակերպութեան ազգային կոմիտէի անդամ, իրանահայ ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանի ջանքերով: Յատկանշական է, որ գրքի շնորհանդէսը կատարւել է 2021 թւականի դեկտեմբերի 2-ին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում:

Սակայն, հնարաւոր չէր նման պատմական նշանակութեամբ աշխատանքը չգնահատւէր ամենաբարձր մակարդակով:

Այս առիթով թւականիս՝ հինգշաբթի, յունւարի 27-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում, որի ընթացքում «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի հրատարակման առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ յանձնւեց դոկտ. Շերլի Աւետեանին:

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը շնորհաւորեց հեղինակին: Գրքի մասին բացատրութիւններ փոխանցեց հեղինակը, ապա հրաւիրւեց արտայայտւելու Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր Արսէն Աւագեանը: Օրւայ հաղորդավար Վանէ Մակարեանը ընթերցեց Ատրպատականի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդներ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Տ. Սիփան եպս. Քեչէճեանի ուղերձները, ապա Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը ընթերցեց Վեհափառ Հայրապետի Կոնդակը եւ թեմակալ առաջնորդի ձեռամբ յանձնւեց «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:
Միջոցառումը զուգորդւած էր գեղարւեստական կատարումներով, քանոնի կատարումով ելոյթ ունեցաւ Թրէյսի Նաւասարդեանը, իսկ մեներգով առանձին ելոյթ ունեցաւ Մեղեդի Նազարեանը:

Յատկանշական է, որ սրահում տեղադրւել էր «Իրանի հայկական վանքերը՝ երեխաների աչքերով» մանկա-պատանեկան նկարչութիւնները:

ԼՈՒՐԸ՝ ԱԼԻՔԻՑ