ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՊՐՆ. ՀԱՂՇԷՆԱՍԻՆ

Շաբաթ, թւականիս յունւարի 22-ին, Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում հիւրընկալեց ժամանակի Ներքին գործոց նախարարութեան կազմակերպութիւնների եւ խմբակցութիւնների յանձնաժողովների տնօրէն, անցեալ շրջանում Քաղխորհրդի անդամ եւ ներկայիս «Նիմրուզ» ամսագրի ղեկավար պրն. ՀաղշԷնասին եւ իր գործընկերներ՝ պրն. Մորթեզա Ռահիմ Նաւազին, օր. Բեհնազ Շոհանին եւ օր. Սանազ Արինֆարին, ովքեր եկել էին Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը:

Առաջնորդ Սրբազան Հայրը ողջունելով յարգելի հիւրերին նշեց, որ պրն. Հաղշենասի հետ իր բարեկամութիւնը սկսւում է այն ժամանակից՝ երբ նա պաշտօնավարում էր ներքին գործոց նախարարութեան Կուսակցութիւնների, խմբակցութիւնների եւ միաւորումների յանձնաժողովի ղեկավար դերում: Սրբազան Հայրը իր խօսքերում յարգարժան հիւրի մասին արտայայտւելիս նրան իր բարեկամն անւանեց եւ հաստատեց այն իրողութիւնը, որ իրենց վաղեմի ընկերութիւնը հաստատւած լինելով մարդկային արժէքների վրայ օրէցօր զօրացել եւ ամրացել է: Սրբազան հայրը շարունակելով իր խօսքն ասաց, որ կրօնը ընդհանրապէս ոչ միայն չի արգելել մարդկային յարաբերութիւնները այլ խթանել եւ տարբեր քաղաքակրթութիւնների ու կրօնների հետեւորդների սրտերի ու մտքերի սերտացման պատճառ են հանդիսացել:

Նաեւ յաւելեց, որ միաստւածեան կրօնների հետեւորդների միմեանց հետ ծանօթացումը նրանց ընկերակցութեան եւ համատեղ խաղաղ կեանքի պատճառ կը հանդիսանայ: Պրն. Հաղշէնասը նաեւ հաստատելով Սրբազան Հօր խօսքերը ակնարկեց, որ ընդհանրապէս միջին արեւելքում կրօնի մասին սխալ մտածելակերպ է տարածւած երիտասարդների շրջակներում, հետեւաբար այսօր նրանց շրջանում կրօնի ինքնութիւնը վերակենդանացնելու համար պահանջւում է հոգեւոր մտաւորականների ու առաջնորդների համագործակցութիւնը։ Նա յաւելեց, որ որքան սերտանան տարբեր կրօնների ղեկավարների յարաբերութիւնները, առաւել եւս կը վերակենսաւորւի կրօնի ինքնութիւնը երիտասարդների շրջանակում:

Յատկանշական է, որ պրն. Հաղշէնասը քաղաքային խորհրդում իր ծառայութեան ընթացքում Դուլաբի հայոց գերեզմանատան եւ յարակից գերեզմանատների նորոգման գործընթացում մեծ դեր է ունեցել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ