ՊԱՅԱԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ ՄԵՐ ԹԵՄՈՒՄ

Հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը այս տարի տօնակատարեց յուլիսի 11-ին, բայց ցաւօք, Թեհրանում համաճարակային սահմանափակումների պատճառով, բոլոր եկեղեցիներում տօնական Սուրբ եւ անմահ պատարագը մատուցւեց դռնփակ կարգով։ Անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովուրդն անմասն չմնաց Սուրբ եւ անմահ պատարագի արարողութիւնից: Արարողութիւնը եկեղեցիների ինստագրամային էջերով մատուցւեց հանրութեանը։

Եկեղեցիներում յընթացս քարոզի քահանայ հայրերը հակիրճ բացատրութիւններ տւեցին տօնի խորհրդի մասին։

Հայոց առաքելական եկեղեցին՝ միւս եկեղեցիների նման, Ս․ Զատիկից 98 օր յետոյ տօնում է Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը։ Քրիստոսը իր հետ վերցնելով իր գլխաւոր ու հոգեւոր տեսողութիւն ունեցող երեք առաքեալներին, Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ելաւ Թաբոր լեռը, եւ մինչ աղօթում էր, պայծառակերպւեց եւ իր զգեստը ձիւնի պէս սպիտակ եղաւ, ու իր առաքեալներին յայտնւեց Իր աստւածային փառքով։ Յիսուսի տնօրինութեամբ՝ Նրան յայտնւեցին Հին Կտակարանեան մարգարէներ՝ Աստծու տասնաբանեայ օրէնքի ստացող Մովոսէս եւ նոյն օրէնքի նախանձախնդիր պաշտպան Եղիա մարգարէները, որոնք սկսեցին խօսել Երուսաղէմում Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան մասին։ Առաքեալները երբ այդ տեսան, շփոթւեցին․ Պետրոսը Քրիստոսին առաջարկեց երեք տաղաւար կանգնեցնել, մէկը Նրա եւ միւս երկու տաղաւարները մարգարէների համար։ Պետրոսը դեռ նոր էր յաւելել իր խօսքը թէ․ «Լաւ է այստեղ մնանք» երկնքից մի սպիտակ ամպ իջաւ նրանց վրայ ու նրանք ծունկի եկան․ ամպի միջից լսւեց Հայր Աստծու ձայնը, որ ասում էր․ «Սա է Իմ Սիրելի Որդին, որին Ես հաճեցայ՝ Նրան լսեցէք»։
Երբ նրանք լեռից իջնում էին, Յիսուսը յորդորեց մինչեւ Իր յարութիւնը, իրենց տեսածի ու լսածի մասին, ոչ մէկին բան չասել։

Ս․Գրիգոր Տաթեւացին Պայծառակերպութեան մասին արտասանած իր ճառի մէջ, Քրիստոսին վարդի է նմանեցնում։ Յիսուսը նախքան Իր հրաշափառ Յարութիւնը սաստում էր առաքեալներին, որպէսզի չը խօսեն Իր Էութեան մասին, եւ սա նմանեցնում է վարդի կոկումի, քանի որ Յիսուսի աստւածութիւնը թաքնւած էր Նրա մարմնում։ Յարութիւնից յետոյ բացայայտօրէն, Իր աստւածային փառքը յայտնեց բոլորին, եւ սա Տաթեւացին նմանեցնում է բացւած վարդի։ Ահա թէ ինչո՞ւ է այս տօնը կրօնական իմաստով իսկ Վարդավառ կոչւում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ