Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

2021 ՏԱՐՒԱՅ ԱՒԱԳ ՇԱԲԹՒԱՅ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑԸ

Սիրելի եւ թանկագին հաւատացեալներ,

Աւագ Շաբաթը քրիստոնեայ եկեղեցու ծիսական-արարողական կեանքի ամենաիմաստալից, խորապէս ներշնչող, մարդը ըստ էութեան պայծառակերպող շաբաթն է, որի ամենօրեայ արարողութիւնները, աստւածաշնչական ընթերցումները, երգերն ու տաղերը, աղօթքները ու օրւայ Սաղմոսները հաւատացեալը սերտօրէն իր Արարչին է կապում եւ այդ կապւածութեամբ նրան դարձնում է ընտիր անօթ Աստծու խօսքին։

Ղազարու յարութեամբ սկսւում է Աւագ Շաբաթը ի պատրաստութիւն յաջորդ օրւայ՝ կիրակիին, երբ եկեղեցին հանդիսաւորապէս տօնելու է Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքը։

Նոյն օրը երեկոյեան տեղի է ունենում Դռնբացէքի հոգեպարար ու հոգեշունչ արարողութիւնը։

Ծաղկազարդը այսօր ամբողջ քրիստոնեայ աշխարհում տօնւում է նաեւ որպէս Մանուկների օր։

Ծաղկազարդի տօնակատարութեամբ ոգեկոչում ենք Յիշատակը մեր Փրկչի՝ Յիսուսի Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքին։

Աւագ Շաբաթւայ իւրաքանչիւր օրը յատուկ խորհուրդ եւ նշանակութիւն ունի։ Աւագ Շաբթւայ առաջին երեք օրերը երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերը յատկանշւում առաւօտեան եւ երեկոյեան ժամերգութիւնների ընթացքում կարդացւող աստւածաշնչական ընթերցումներով։

Աւագ երեքշաբթին կոչւում է ՛՛Յիշատակ տասն կուսանաց՛՛։ Այդ օրւայ աւետարանական ընթերցումը պատմում է տասը կոյսերի առակը եւ դրա որպէս յիշատակ երեկոյեան ժամերգութեան ժամանակ, Աւետարանի ընթերցման պահին տասը աղջիկներ ձեռքերում մոմ պահած կանգնում են եկեղեցու ատեանում եւ երբ ընթերցումը հասնում է այնտեղ, որտեղ ասւում է կոյսերից հինգը իմաստուն էին եւ հինգը յիմար, այսպէս կոչւած յիմարները իրենց մոմերը մարում են։

Աւագ չորեքշաբթի օրը յատկանշւում է ժողովրդի դաւադրութեամբ եւ Յիսուսի բորոտ Սիմոնի տունը այցելելու եւ այնտեղ նրան անուշահոտ իւղով օծումը։

Աւագ Շաբթւայ ամենից խորհրդալից, հոգեպարար արարողութեան յագեցած օրերը վերջին օրերն են հինգշաբթիից-կիրակի։

Աւագ հինգշաբթի օրը վերջին ընթրիքի յիշատակն է, որի ընթացքին հաստատւում է Ս. հաղորդութիւնը, վերջին ընթրիքի ժամանակ Յիսուս կատարում է իր աշակերտների ոտքերի լւացումը։

Կէսօրից յետոյ տեղի է ունենում Ոտնալւայի խորհրդաւոր արարողութիւնը, որից յետոյ երեկոյեան տեղի է ունենում խաւարման կարգը, որը եկեղեցական օրացոյցի Ուրբաթ օրւայ մէջ է եւ սակայն կատարւում է հինգշաբթի գիշեր իբրեւ Հսկումի արարողութիւն։

Կարգ խաւարման արարողութիւնը նւիրւած է Քրիստոսի մատնութեան եւ չարչարանքներին։ Արարողութեան ժամանակ կարդացւում են եօթ Աւետարանները, իւրաքանչիւրի ընթերցման աւարտին մարում են խորանի երկու կողմերի վրայ դրւած 12 մոմերից երկուսը։

Աւագ հինգշաբթի օրը, հարուստ է կրօնական արարողութիւններով, որոնք իրենց ներշնչող եւ հարուստ բովանդակութեամբ խորապէս հոգեփոխում են հաւատացեալին։

Աւագ Ուրբաթ օրւայ արարողութիւնների երկրորդ բաժինը շարունակւում է առաւօտեան եւ նւիրւած է Քրիստոսի խաչից իջեցման, իսկ երեկոյեան տեղի է ունենում Քրիստոսի խորհրդանշական Թաղման կարգը։

Աւագ Շաբաթ Ճրագալոյցն է Ս. Յարութեան. ժողովրդական ասութեամբ կոչւում է Խթում, իսկ իրանահայոց մօտ՝ Թաթախման գիշեր։ Երեկոյեան Ս. պատարագ է մատուցւում, որից յետոյ պահք պահողները հաւկիթով իրենց պահքը բացում են։

Կիրակին Ս. Զատիկ է. Քրիստոսի հրաշափառ յարութեան յիշատակի օր, որ կազմում է առանցքը քրիստոնէութեան հաւատքի։ Յարութեան տօնը պսակն ու գագաթն է Աւագ Շաբթւայ տօնակատարութիւնների։

Ս. Յարութեան տօնի կապւած գեղեցիկ սովորութիւններից է ձու ներկելը, ձւախաղն ու միմեանց փոխադարձ շնորհաւորական այցելութիւններ տալը։

Ձուն բոլոր կրօնների մէջ յատուկ տեղ եւ իմաստ է ունեցել. այն խորհրդանշել է կեանք, նոր կեանք, քանի որ կեանքի սերմ է պարունակում։ Կարմիր գոյնը խորհրդանշում է զոհի արիւնը. քրիստոնէական եկեղեցում գործածւելուց յետոյ կարմիր գոյնը խորհրդանշում է Քրիստոսի թափած կարմիր արիւնը։

Զատկի յաջորդ օրը մեռելոց է. այդ օրը մեր հայրերի տնօրինումով Ս. պատարագ է մատուցւում հայ ժողովրդի բոլոր ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար. այս առիթով հաւատացեալները գերեզմաններն են այցելում եւ իրենց ննջեցեալների հոգիների համար խունկ եւ աղօթք են մատուցում։

Իրանում մեր ժողովուրդը Աւագ Ուրբաթ օր գերեզմանատուն է այցելում իր ննջեցեալների համար աղօթք մատուցելու համար։ Մարդ որեւէ մի օր կարող է այցելել գերեզմանատուն եւ ի յիշատակ ննջեցեալների աղօթք մատուցել. Աւագ Ուրբաթ օրը նւիրական եւ սուրբ օր է եւ այն յատկանշում է Քրիստոսի չարչարանքների, խաչելութեան եւ թաղման խորհրդով։ Մեր հայրերը տարւայ մէջ հինգ տաղաւարների, մեծ տօների՝ Ծննդեան, Յարութեան, Այլակերպութեան, Աստւածածնայ վերափոխման եւ Խաչվերացի յաջորդ երկուշաբթին յատկացրել են ննջեցեալների յիշատակի ոգեկոչման եւ դրա համար էլ այդ օրը Ս. պատարագ է մատուցւում եւ օրը կոչել են Յիշատակ Մեռելոց։

Սիրելի հաւատակից քոյրեր եւ եղբայներ,

Այս օրերին, աշխարհը շարունակում է պսակաձեւ ժահրի, (քորոնավիրուս) համավարակի դէմ իր պայքարը. երկիրներ, միջազգային կազմակերպութիւններ, Համաշխարհային Առողջապահութեան Կազմակերպութիւն եւ այլ գիտահետազօտական կենտրոններ գիշեր-ցերեկ տքնաջանօրէն աշխատում, փորձում են առաջքը առնել այս համավարակին։
Պատւաստումի որոշ դեղամիջոցներ գտնւել են, բայց հարկ է կարեւորութեամբ ասել, որ աշխարհում նկատառելի մի թիւ այսօրւայ մարդկութեան չի հաւատում այս համավարակին եւ պնդում է, որ այն մարդկային հնարք է աշխարհը մեծ անորոշութեան եւ մարտահրաւէրների դէմ յանդիման դնելու համար։

Չար եւ սատանայական մտածում եւ երեւոյթ, որ մարդու խաղաղ կեանքը տագնապեցնում ու փորձում հաւատքի իր կեանքը աղօտել։ Արդէն մի տարուց աւելի է, որ այս համաճարակը ողջ մարդկութիւնը առեւանգած է իր ճիրաններով հարիւր հազարաւոր անմեղ մարդկանց մահւան պատճառ դառնալով։

Այս տխուր երեւոյթի առաջ կանգնած քրիստոնեան կոչւած է հաւատքով, աղօթքով եւ յոյսով ինքն իրեն վերակենսաւորելու, որպէսզի վերանորոգւած կեանքով շարունակի իր կեանքը։ Մեր Փրկչի հրաշափառ յարութեան տօնը տօնն է բարու յաղթանակին, տօնն է նոր կեանքի։

Համաճարակի այս օրերին կոչւած ենք առաւելագոյն զգուշաւորութեամբ եւ զօրաւոր հաւատքով դիմաւորելու Ս. Յարութեան տօնը շարունակելով մեր գոյապայքարը։ Դժբախտաբար համաճարակը շատ մեծ թւով կեանքեր խլեց եւ դեռ շարունակում է խլել։ Մենք էլ որպէս գաղութ ունեցանք կորուստներ։ Երիտասարդներ, միջահասակներ եւ տարէցներ զոհ գնացին այս համավարակին։

Տօնական այս օրերը, որոնք Քրիստոսի հրաշափառ յարութեան խորհրդով են օծուն, առիթ են մեզանից իւրաքանչիւրի համար մտածելու մեր նմանների մասին, մտածելու թէ ինչպէս կարող ենք օգտակար լինել մեր ժողովրդի այն զաւակներին, որոնք համավարակի պատճառով դժւարին կացութեան մէջ են յայտնւել։

Քրիստոսի հրաշափառ յարութեան գօտեպնդիչ ու յուսադրող այս օրերին մենք էլ բնութեան օրինակով վերանորոգենք մենք մեզ. կենսայորդ հաւատքով շնորհաւորենք միմեանց եւ մանաւանդ աղօթենք աշխարհի եւ մանաւանդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ նրա ժողովրդի, բայց յատկապէս հոգեւոր առաջնորդի եւ ողջ պետական Աւագանիին արեւշատութեան եւ խաղաղ ու առողջ կեցութեան ի խնդիր։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ աւետիս, Ամէն։

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ ՅԱՌԱՋԻԿԱՅ ՏՕՆԱԿԱՆ ՕՐԵՐԻ ԵՒ Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԿՐՕՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Ա. Ծաղկազարդ, կիրակի, 28 մարտ 2021
Սկիզբ ժամերգութեան առաւօտեան ժամը 8։30-ին
սկիզբ Ս. պատարագի առաւօտեան ժամը 10։00-ին
Ծաղկազարդի թափօր մանուկների մասնակցութեամբ ժամը 10։15
(եթէ պարագաները թոյլ տան)
Դռնբացէք արարողութիւն երեկոյեան ժամը 6։00-ին

 Բ. Աւագ երեքշաբթի, 30 մարտ 2021 Յիշատակ տասն կուսանաց
սկիզբ երեկոյեան ժամերգութեան ժամը 5։30-ին

Գ. Աւագ հինգշաբթի, 1 ապրիլ 2021, Յիշատակ ընթրեաց Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի եւ Ոտնալւայ
սկիզբ ժամերգութեան առաւօտեան ժամը 9։00-ին
սկիզբ Ս. պատարագի առաւօտեան ժամը 10։30-ին
երեկոյեան կարգ ոտնալւայի երեկոյեան ժամը 3։30-ին
Խաւարման հսկումի արարողութիւն երեկոյեան ժամը 5։00-ին

 Դ. Աւագ Ուրբաթ, 2 ապրիլ 2021, Յիշատակ չարչարանաց, խաչելութեան եւ թաղման Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
ա. կարգ խաչելութեան առաւօտեան ժամը 7։00-ին
բ. կարգ թաղման երեկոյեան ժամը 5։30-ին

Ե. Աւագ Շաբաթ- Ճրագալոյց Ս. Յարութեան, 3 Ապրիլ 2021
սկիզբ ժամերգութեան առաւօտեան ժամը 9։00-ին
երեկոյեան արարողութիւն ժամը 4։30-ին
սկիզբ Ս. պատարագի ժամը 5։30-ին

Զ. Կիրակի, Զատիկ, Ս. Յարութիւն, 4 Ապրիլ 2021
սկիզբ ժամերգութեան առաւօտեան ժամը 8։45-ին
սկիզբ Ս. պատարագի առաւօտեան ժամը 10։00-ին
Քարոզ ժամը 11։00-ին

Է. Երկուշաբթի Յիշատակ Մեռելոց, 5 Ապրիլ 2021
Ս. պատարագ Նոր բուրաստանում առաւօտեան ժամը 9։30-ին

Յայտնենք, որ Աւագ Շաբթւայ բոլոր օրերում առաւօտեան եւ երեկոյեան ժամերգութիւն է կատարւելու ճշտւած ժամերին։
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի
Ձեզ եւ մեզ մե՜ծ Աւետիս, Ամէն»։

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ


Աւագ Շաբաթ 2021
Թեհրան

 * Սոյն Ժամանակացոյցը ի զօրու է այնքան ժամանակ որ նոր սահմանափակումներ չեն եղել։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com