Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՄԻՋ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

Ընդհանուր ներածական

Ի դարը պատմութեան մէջ յիշւելու է իր իրագործումներով դրական թէ ժխտական եւ բնորոշւելու է իբրեւ ժողովուրդների մերձեցման, համագործակցութեան եւ նաեւ իբրեւ դաժան, քանդիչ ու աւերիչ պատերազմների դարաշրջան։ Համաշխարհային երկու պատերազմները, Ասիական ցամաքամասի կռիւները, Արաբ-Իսրայէլեան պատերազմներն ու Պաղեստինեան հարցը, Քորէաի կռիւն ու բաժանումը, Վիետնամի պատերազմը, Չինաստանում կատարւած յեղափոխութիւնները, Արեւմտեան Ասիայի մէջ պատերազմների հետեւանքով յառաջ եկած նոր երկիրներ՝ Փաքիստան, Պանկլատեշ, աւելին հարաւային շրջանների մէջ Թայուան եւ այլ երկրների յառաջացումը աշխարհը պահեցան ալեկոծեալ վիճակում։

Այս տխուր իրադարձութիւնների կողքին, տեսնում ենք յուսադրիչ եւ քաջալերական մի այլ երեւոյթ, որ է կրօնների, քրիստոնէական եկեղեցիների մերձեցման մի ընթացք, որի հիմնական նպատակը խաղաղութեան եւ ժողովուրդների անվտանգութեան ի խնդիր միջոցների որոնումն է։

1910 թւին Սքովտիոյ Էտինպուրկ քաղաքում տեղի ունեցաւ ՛՛Համաշխարհային միսիոնարական համաժողով՛՛ որ ընդհանրապէս նկատւում է այդ օրերի միջ-եկեղեցական շարժման սկիզբ։ Այնուհետ տեսնում ենք եռանդուն աշխատանք եկեղեցիների մերձեցման եւ համատեղ աշխատանքների համար։
Եւրոպայի մէջ համաշխարհային Ա. պատերազմէն անմիջապէս յետոյ Կ. Պոլսոյ Տիեզերական պատրիարքութեան նախաձեռնութեամբ աշխատանք է տարւում եկեղեցիների մերձեցման եւ համատեղ համագործակցութեան համար։ Համաշխարհային Եկեղեցիների Խորհուրդի ծնունդից, կազմաւորումից առաջ 1920-ին Տիեզերական պատրիարքութիւնը հրապարակում է մի կոչ, որով բոլոր եկեղեցիները հրաւիրում է միութեան, ընկերակցութեան։ Նման կոչով 1925 հանդէս եկաւ Շւեդիայի Արքեպիսկոպոս Նաթան Շոդըրպրոմ, որ հիմնադիրն եղել էր Կեանք եւ գործ (Life and work) համախմբման եւ 1927 թւին էլ Չարլզ Բրենթ եպիսկոպոսը՝ հիմնադիրը Հաւատք ու կարգ համախմբման եւ Անգլիոյ մէջ հիմնւած միջազգային միսիոնարական խորհուրդը 1921.
Երեսնական թւականներին վերոյիշեալ համախմբումները՝ կեանք եւ գործ ու հաւատք եւ կարգ հետեւողականօրէն աշխատեցին համախմբւել եւ յառաջացնել ներկայացուցչական մի համաժողով, կամ մի խորհուրդ, որ սակայն պիտի չլինէր մի կառոյց եկեղեցիների վրայ։ 1937-38 տարիներին լուրջ աշխատանք տարւեց եւ որոշւեց 1941-ին ունենալ հիմնադիր համաժողովը։

Ա.- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1939-ին սկսւած Համաշխարհային երկրորդ պատերազմը սակայն պատճառ եղաւ աշխատանքների դադարեցման։ Պատերազմի աւարտին միութենական աշխատանքները վերսկսան աւելի ջանադիր ու եռանդուն ձեւով եւ ի վերջոյ որոշւեցաւ ունենալ հիմնադիր համաժողովը 1948-ի օգոստոսին Ամսթերտամի մէջ, մասնակցութեամբ 90 եկեղեցիների։
Հարկ է կարեւորութեամբ նշել որ հենց հիմնադիր համաժողովը հաստատեց որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը եկեղեցի չէ անդամ եկեղեցիների վրայ, այլ այսպէս ասած ՛՛գործիք՛՛ եկեղեցիների միասնական համագործակցութիւնը երաշխաւորող։

Տարիների սահանքին հետ Համաշխարհային Եկեղեցիների Խորհուրդը աստիճանաբար վերակազմակերպեց իր կառոյցը, միշտ փորձելով քայլ պահել իր շրջապատի հետ։ Իր գործունէութեան առանցքը նախնական շրջանին եկեղեցիների միասնական համագործակցութիւնն ու միատեղ աշխատանքն էր։ Հետագային աշխարհում տեղի ունեցած արագընթաց վերիվարումներն, համաշխարհայնացման երեւոյթը, որ աշխարհը վերածեց ՛՛փոքր գիւղ՛՛ի ՀԵԽ-ն էլ իր գործելակերպը վերատեսութեան ենթարկեց, իր հիմնական ծրագրին անբաժան մասը դարձրեց միջ-կրօնական յարաբերութիւններն ու միջ-կրօնական երկխօսութիւնը, որով աշխարհի տարբեր կրօնների հետեւորդներ կոչւում են աշխատել միմեանց ճանաչելու ի խնդիր խաղաղ եւ համատեղ գոյակցութեան։

Աշխարհի միւս ցամաքամասերում ապրող քրիստոնեայ եկեղեցիները իրենք եւս իրենց կարգին քսաներորդ դարի սկզբից սկսեալ աշխատեցին միասնական, համատեղ եւ քրիստոնէական սիրոյ վրայ հաստատւած միութեան ի խնդիր։ Այսպէս այսօր ունենք Ափրիկէի Եկեղեցիների Խորհուրդը, Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհուրդը, Ասիայի Քրիստոնեայ Խորհուրդը, աւելի ճիշդ Ասիայի Եկեղեցիների Խորհուրդը, Եւրոպայի Եկեղեցիների Խորհուրդը նաեւ Հիւսիսային Ամերիկայի Եկեղեցիների ազգային խորհուրդը, Հարաւային Ամերիկայում եւս նման կառոյց գոյութիւն ունի եւ անշուշտ տեղական բնոյթ կրող եկեղեցական կառոյցներ, որոնց հիմնական նպատակը Քրիստոսի եկեղեցու միութիւնն է։
Միջ-եկեղեցական շարժումը սկիզբ առած գլխաւորաբար 20-րդ դարի առաջին իսկ տասնամեակին աշխուժօրէն շարունակեց իր գործունէութիւնը աւելի կազմակերպւած եւ համապարփակ ձեւով։ Սակայն աշխարհում տեղի ունեցող քաղաքական, ընկերային, յեղափոխական իրադարձութիւնները մի կողմից եւ միւս կողմից էլ աշխարհում աներեւակայելի արագութեամբ տեղի ունեցող փոփոխութիւններն ու թեքնոլոկիայի, ճարտարարւեստի զարգացումը աշխարհը, մարդկութիւնը նոր երեւոյթների, կացութիւնների առաջ դրաւ։ Աշխարհի տնտեսութեան վերիվայրումներն ու աշխարհայնացման (Globalization) երեւոյթը ծնունդ տւին նոր մշակոյթի, մտածելակերպի ու աշխարհայնացումի։
Ի վերայ այսր ամենայնի ժողովուրդների տեղափոխութիւնները արդիւնք յեղափոխութիւնների, աղքատութեան, կեանքի անապահովութեան եւ այլ բազմաթիւ պատճառների մարդկութիւնը, եկեղեցին, աշխարհի կրօնների հետեւորդները նոր մարտահրաւէրների, հրամայականների դէմ յանդիման դրին։
Համաշխարհայնացած աշխարհում, ընկերութիւնում կարելի չէր այլեւս կղզիացած ձեւով ապրել եւ գործել։ Մարդ արարածը կոչւած էր իր դրացին ճանաչելու, յարաբերելու նրա հետ եւ այդ յարաբերութիւնը պարտաւորեցնում էր մարդուն ծանօթանալ իր նմանին հետ։ Աստւածաշնչում կարդում ենք երբ Յակոբ հանդիպում է իր Եսաւ եղբօր եւ ուզեց իր ունեցածից բաժին հանէ իրեն։ Եսաւ մերժեց ընդունել այդ ընծաները առարկելով, որ ինքն էլ դրանից շատ ունի։ Յակոբը ասում է, «Այդպէս չի լինի, եթէ շնորհ եմ գտել քո առաջ, ուրեմն ընդունիր ինձնից ընծաները, որովհետեւ քո դէմքը տեսայ այնպէս, ինչպէս մարդ Աստծու դէմքը տեսնի» (Ծնն. 33։10)։
Կրօնները եւս կոչւած են միմեանց հետ համագործակցելու, որովհետեւ աշխարհը հեռանում է կրօնից, բարոյական, հոգեւոր արժէքներ անկման մէջ։ Այս դառն իրականութեան դէմ յանդիման կանգնած աշխարհի կրօնների հետեւորդները պարտին առաւել աշխուժութեամբ յառաջ տանեն միջ-կրօնական երկխօսութիւնը ի խնդիր խաղաղ ու համատեղ գոյակցութեան։

Բ.- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵԿԵՂԵԻՑՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն ու շրջանային եկեղեցական մարմինները կոչւած են պատասխանատւութեան բարձրագոյն աստիճանի գիտակցութեամբ քով-քովի գալ, ձեռք-ձեռքի տալ եւ միասնաբար գործել յանուն խաղաղութեան, համատեղ գոյակցութեան եւ առաւել զարգացած ընկերութեան։
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը համաշխարհային, շրջանային եւ տեղական եկեղեցական եւ միջ-կրօնական շարժումների մէջ առաջնորդողի դերակատարութեամբ մէջտեղ եկած է եւ երբեմն էլ ղեկավարի դերով յայտնւած է այս շարժումների մէջ։ Այստեղ կ՛արժէ յիշել որ հայոց եկեղեցին դեռեւս 11-12 դարերին հետամուտ եղած է եկեղեցիների միութեան եւ համագործակցութեան միշտ մեկնելով հիմնական այն սկզբունքից որ հաւատքի միութիւնն է էական եւ կարեւոր։ Հայոց եկեղեցու ոսկեայ կանոնը.- Միութիւն յէականս, Ազատութիւն յերկրորդականս եւ Սէր յամենայնի։
Հայոց եկեղեցին իր լուսամիտ, լայնախոհ ու աւետարանական ճշմարիտ սիրով առաջնորդւած ղեկավարութեամբ միշտ հետամուտ է եղել բարի եւ խաղաղ գոյակցութեան իր շրջապատի հետ եւ շրջապատին մէջ։ 12-րդ դարուն ապրած ու գործած մեր եկեղեցու պայծառատես, եկեղեցիների միութեան խորապէս հաւատացող Ս. Ներսէս Շնորհալի հայրապետը լաւագոյն օրինակն է վերոյիշեալ հաստատումի։
Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսութիւնը իբրեւ անքակտելի մասնիկը հայոց եկեղեցուն շարունակում է իր առաքելութիւնը միջ-եկեղեցական եւ միջ-կրօնական երկխօսութեան բնագաւառների մէջ։ 1960ական թւականներից Հայոց Եկեղեղին իր կաթողիկոսական երկու Աթոռներով մաս է կազմում Համաշխարհային Եկեղեցիների Խորհուրդին եւ նաեւ շրջանային խորհուրդներին։ Հարկ է կարեւորութեամբ արձանագրել որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իր միաբաններով ոչ միայն մասնակից եղած է ՀԵԽ-ի կեանքին, այլ ղեկավարի դերով իր ներդրումը բերած է այս համաշխարհային կազմակերպութեան գործունէութեան եւ զարգացման։ Այստեղ կարեւորութեամբ պէտք է յիշել որ Կիլիկեան Աթոռի երանաշնորհ գահակալ՝ Տ. Տ. Գարեգին Բ. Կաթողիկոս 1975- ից 1983 Համաշխարհային Եկեղեցական Խորհրդի Կենտրոնական եւ Գործադիր Մարմինների փոխ-ատենապետը եղած է, իսկ ներկայ պայծառատես ու լուսամիտ գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս երկու յաջորդական շրջաններ 1991-1998 եւ 1998-2006 զբաղեցրեց Համաշխարհային Եկեղեցիների Խորհրդի Կենտրոնական եւ Գործադիր մարմինների Ատենապետի բարձր եւ պատասխանատու պաշտօնը, մի երեւոյթ, որ աննախընթաց էր կազմակերպութեան պատմութեան մէջ։


Գ.- ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ
Վերոյիշեալ հաստատումների իբրեւ վկայութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը միջ-կրօնական երկխօսութեան մէջ եղած է Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ Մշակոյթի եւ Իսլամական Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան միջոցաւ։ Այս յարաբերութեան սկիզբը դրւեց երբ Արամ կաթողիկոսը դեռեւս առաջնորդ Լիբանանի հայոց թեմի 1991-ին Քանբերայում գումարւած Համաշխարհային Եկեղեցական Խորհուրդի ութերորդ համաժողովին ընտրւեց որպէս Կենտրոնական եւ Գործադիր մարմինների ատենապետ եւ ապա 1995-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս ընտրւելուց յետոյ նոր լիցք դրեց այս միջ-կրօնական յարաբերութեան, որ տարածաշրջանում նկատւած է իբրեւ իւրայատուկ եւ ինքնատիպ միջ-կրօնական յարաբերութիւն։ Այստեղ յուզումով պէտք է յիշել այդ միջազգային կրօնական հաստատութեան առաջին նախագահ հանգուցեալ Այաթուլլահ Ալի Թասխիրին, որ մեր կաթողիկոսութեան եւ վեհափառ հայրապետի մօտ բարեկամ էր եւ յատուկ զգացումներով կապւած էր հայ եկեղեցու հետ եւ հայ ժողովրդին։
1992-ի մայիսին Մշակոյթի եւ Իսլամական Միջազգային Հաղորդակցութեան կենտրոնի եւ Յունաստանի Օրթոտոքս եկեղեցու համատեղ կազմակերպութեամբ տեղի ունեցաւ միջազգային մի համագումար ՛՛Ուղղափառութիւնն ու իսլամութիւնը՛՛ (Orthodoxy and Islam) թեմայով։ Սոյն համագումարին հրաւիրւած էր Սեպուհ Ծ. Վրդ. Սարգիսեան, իբրեւ Կիլիկեան Աթոռի ներկայացուցիչ որ յատուկ դասախօսութիւն ներկայացուց ՛՛Ալի իբն Ապի Թալիպի ընկերային մտածումները՛՛ թեմայով։ Հետագային Սեպուհ Սրբազան Թեհրանի առաջնորդ ընտրւելուց յետոյ, սերտ յարաբերութիւններ մշակեց կազմակերպութեան հետ եւ իրենց կազմակերպած բոլոր միջազգային համագումարների դասախօսներից էր, յատկապէս կազմակերպութեան եւ Համաշխարհային Եկեղեղիների Խորհրդի հետ համատեղ կազմակերպւած համագումարներին։
Ստորեւ ներկայացնում ենք այն համագումարները, որոնք պարբերաբար գումարւեցին Թեհրանում եւ Անթիլիասում մասնակցութեամբ քրիստոնեայ եւ իսլամ եկեղեցական եւ աշխարհական ու Շիի նշանաւոր գիտնական կրօնականներին, ինչպէս Այաթուլլահ Դկտ. Մուհաղեղ Դամադին, եւ կազմակերպութեան օրւայ նախագահներին։

1- Համերաշխ գոյակցութիւն Հայ քրիստոնեայ եւ իսլամ հասարակութիւնների Թեհրան 16-17 Յուլիս 2000
2- Կրօնի դերը Իսլամ-Քրիստոնեայ հասարակութեան համագործակցութեան մէջ Բէյրութ 20-21 Մայիս 2004
3- Ընտանիքը Իսլամութեան եւ Քրիստոնէութեան մէջ Թեհրան 3-4 Նոյեմբեր 2008
4- Կրօն եւ երիտասարդութիւնը Բէյրութ 19-20 Մայիս 2010
5- Կրօնի դերը հասարակութեան բարոյական արժէքների տարածման մէջ Թեհրան 14 Մայիս 2012
6- Իսլամութեան եւ Քրիստոնէութեան համագործակցութիւնը տարածաշրջանում արդար խաղաղութեան հաստատման նպատակով Բէյրութ 2014
7- Տարածաշրջանում ծայրահեղութեան ու բրտութեան կանխարգելման գծով կրօնական բարոյագիտութեան եւ բանականութեան դերը։ Թեհրան 14-15 Դեկտեմբեր 2016
8-
Կրօն եւ բնութիւնը, շրջապատը Բէյրութ 2018

Դ.- ԱՍԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Աշխարհի գլխաւորագոյն ցամաքամասերից է Ասիական ցամաքամասը, որ սկսւում է Նոր Զիլանդիայից վերջանալու համար Իրանով եւ միջերկրական երկրներով՝ Սուրիա, Լիբանան եւ Սէուդի Արաբիան. իր ընդարձակութեան պատճառով աշխարհագրագէտները այն մասերով-շրջաններով ներկայացուցեր են, այսպէս մերձաւոր կամ միջին Արեւելքի, Ծայրագոյն Արեւելք են։

Ասիական ցամաքամասը եղել է օրրանը աստւածաշնչական հերոսների, որոնք տարբեր ժամանակներին հանդիսացել են Աստուծոյ ներկայացուցիչները այդ հողի վրայ։ Աստւած առաջնորդեց Աբրահամ նահապետը դէպի Խառան եւ ապա Քանանու երկիրն (Ծնն. 12)։ Ասիական հողի վրայ գործեցին մարգարէները եւ այս օրհնեալ հողի վրայ, ՛՛ ի լրումն ժամանակի՛՛ Աստւած իր Միածին Որդին ղրկեց փրկելու մարդկութիւնը։

Պատմական այս իրողութիւնը անկասկած խորապէս ներշնչեց Քրիստոսի հետեւորդները, որոնք առաջին դարերից սկսեալ քրիստոնէութեան սերմերը ցանեցին ասիական պարարտ հողի մէջ։ Հետագային Արեւմտեան միսիոնարներ հետեւութեամբ արեւմտեան գաղութատիրական երկրների ներխուժեցին Ասիա եւ հիմը դրին իրենց միսիոնարական շարժումին, միաժամանակ յառաջացնելով քրիստոնէական եկեղեցիներ զանազան դաւանանքների պատկանող։

Միսիոնարական շարժումների առնչութիւնը գաղութատիրական ուժերի հետ բնիկ ժողովրդի մօտ հակակրանք յառաջացուց։ 15-րդ դարի վերջաւորութեան Փորթուգալեան չորս նաւեր խարիսխ նետեցին Հնդկաստանի հարաւ արեւմտեան նաւահանգիստ. այնուհետ Անգլիական, Գերմանական, Ֆրանսական ու Սպանական նաւերը յաջորդաբար խարիսխեցին իրենց հետ բերելով իրենց եկեղեցիների՝ կաթոլիկ, բողոքական աւանդութիւնները։

Արեւմտեան միսիոնարական շարժումները իրենց գերակայութեան զգացումներով եւ գաղութատիրական ուժերու հետ ունեցած առնչութեամբ բնիկ ժողովուրդների մօտ ծնունդ տւին ազգային ինքնութեան զգացումին։ Միսիոնարական շարժումների առաջ բերած տարբեր եւ երբեմն միմեանց հակադիր դաւանական շարժումները առաւել եւս խրտչեցուցին բնիկ քրիստոնէական եկեղեցիները, որոնք աշխատեցան ի մի գալ եւ յառաջացնել տեղական եկեղեցական համախմբումներ։
Ասիայի Եկեղեցիների Խորհուրդի կազմաւորման սերմերը Էտինպուրկում 1910-ի գումարւած միսիոնարական համաժողովի մէջ պէտք է փնտռել։ Էտինպուրկի ժողովին ասիական ցամաքամասից 17 մասնակիցներ ներկայացնում էին Ասիայի եկեղեցիները։ Արեւմտեան միսիոնարական շարժման պատմիչները փորձում են ցոյց տալ, որ իրենք էին ռահվիրանները միջ-եկեղեցական կեանքին, մի բան, որ կարող է միայն մասամբ ճիշդ լինել։

Ժողովի մասնակցող Ասիայի եկեղեցիների ներկայացուցիչները կարեւորութեամբ շեշտեցին հետեւեալ երեք կէտերը.- Ընկերակցութիւն- ընկերութիւն միսիոնարական առաքելութեան մէջ (Partnership in mission), ինքնավարութիւն(Autonomy in governments) եւ միութիւն կեանքում(Unity in work)։

Պատմական աղբիւրները հաստատում են, որ 19-րդ դարի կէսերից սկսեալ քրիստոնէական համայնքներ են յառաջանում. այս համայնքները բաղկացած բնիկ ժողովրդից իրենք զիրենք հեռու են պահում գաղութատիրական ուժերից եւ քաջալերելում ժողովրդական ազատագրական շարժումները։ Նոյն երեւոյթներին հանդիպում ենք Չինաստանում. ի վերջոյ 1938-ին Հնդկաստանի Թամփարամ քաղաքում գումարւում է միջազգային միսիոնարական խորհուրդը (IMC) ։ Սոյն ժողովը քով-քովի բերաւ Ասիայի եկեղեցիները, որոնք աստիճանաբար պիտի կազմաւորւէին եւ այնուհետ համախմբւէին կազմելու համար Ասիայի Եկեղեցիների Խորհուրդը CCA։

Ասիայի Եկեղեցիների Խորհուրդի կազմաւորման թւականի շուրջ որոշ տարակարծութիւններ կան, ոմանք Ինտոնեզիոյ Փրաքուր քաղաքում 1957-ին գումարւած համաժողովը նկատում են հիմնադիր ժողով, իսկ ուրիշներ Քուալա Լամփուրում-Մալեզիա. գումարւած ժողովը նկատում են առաջինը գումարւած 1959-ին։

Իր հիմնադրութիւնից ցայսօր Ասիայի Եկեղեցիների Խորհուրդը ունեցած է 14 համաժողովներ վերջինը 2015-ի Ճաքարթայում էր, իսկ նախավերջինը Քուալա Լամփուրում 2010։ Այս համաժողովում Իրանի Հայոց Եկեղեցին պաշտօնապէս ընդունւեց որպէս խորհուրդի լիիրաւ անդամ։

Արդարեւ Իրանը որպէս Ասիական ցամաքամասի անբաժանելի տարածք ներառւեց Ասիայի Եկեղեցիների Խորհուրդի մէջ եւ Իրանի Հայոց Եկեղեցին էլ իբրեւ այդպիսին 2010 թւականից սկսեալ անդամակցեց այս խորհուրդին իր գործօն մասնակցութիւնը բերելով նրան։

Այստեղ հարկ է կարեւորութեամբ շեշտել որ Ս. Աթոռիս վեհափառ հայրապետի յարատեւ, անխոնջ եւ հետեւողական ջանքերի շնորհիւ Իրանի Հայոց Եկեղեցին, որ վայելում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանաւորութիւնը, անդամակցեց Ասիայի Եկեղեցիների Խորհրդին եւ իր գործօն մասնակցութիւնը բերում է նրա աշխատանքներին։ Յայտնենք, որ Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութիւնը 2018-ի ամրան իր հերթական նիստը գումարեց Անթիլիաս, հրաւէրովը Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսի։ Խորհուրդի Գործադիր Վարչութեան անդամ է Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Իրանի Հայոց Եկեղեցու անդամներ Թեհրանից, Նոր Ջուղայից տարբեր ժամանակներին մասնակցել են Ասիայի Եկեղեցիների Խորհրդի համաժողովների եւ միաւորների գործունէութեան։

Իրանում հայոց եկեղեցին հազարաւոր տարիների իր փորձառութեամբ միշտ եղել է ռահվիրան երկխօսութեան թէ միջ-եկեղեցական եւ թէ միջ-կրօնական կալւածներում, կարեւորութեամբ շեշտելով խաղաղ ու համատեղ գոյակցութիւնը տարբեր կրօնների պատկանող հաւատացեալների միջեւ։ Այս հիմնական իրողութիւնից մեկնելով հայոց եկեղեցին Իրանում գոյութիւն ունեցող միւս քրիստոնեայ համայնքների հետ միասին անդամակցում են Համաշխարհային Եկեղեցիների Խորհրդին եւ Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդին եւ հայ եկեղեցու միջոցաւ նաեւ Ասիայի Եկեղեցիների Խորհրդին։

Ե.- ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ (ՈՉ-ՔԱՂԿԵԴՈՆԱԿԱՆ) ԵՐԵՔ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ
Միջ-եկեղեցական յարաբերութիւնները Քրիստոսի եկեղեցին, որ այսպէս ասած բաժան-բաժան էր եղած, վերամիացրեց եւ այն չորս գլխաւոր եկեղեցական ընտանիքների, ընտանեկան խմբաւորումների վերածեց։ Այսպէս՝

- Արեւելեան Ուղղափառ ոչ քաղկեդոնական ընտանիքը,
- Արեւելեան Ուղղափառ քաղկեդոնական ընտանիքը,
- Հռոմէական կաթոլիկ ընտանիքը
- Աւետարանական-Բողոքական ընտանիքը։
Այս չորս ընտանիքների կողքին կան երկու առանձին ընտանիքներ եւս, որոնք են.
- Անկլիքան եկեղեցին, որ Անգլիոյ պաշտօնական եկեղեցին է համարւում
- Արեւելքի հին եկեղեցին ծանօթ ՛՛Նեստորական՛՛ անունով։

Ներկայ համաշխարհայնացած աշխարհում եկեղեցական վերոյիշեալ ընտանիքների անդամները տարածւած են ամէն տեղ եւ փոխադարձ յարաբերութիւնների մէջ են ոչ միայն միմեանց հետ, այլ նաեւ տարբեր կրօնների պատկանողների հետ։
Արեւելեան Ուղղափառ ոչ քաղկեդոնական ընտանիքի են պատկանում Հայ, Ասորի, Ղպտի, Եթովպիոյ, Հնդիկ-Մալապարի եւ Էրիթերիայի եկեղեցիները։
1996-ի յունիսին կարծէք նախախնամութեան տնօրինումով Ղպտի եկեղեցու հոգեւոր պետ Շնուտա Գ պատրիարքն ու Ասորի եկեղեցու հոգեւոր պետ Անտիոքի պատրիարք՝ Զաքքա Ա. Իուազը Լիբանան էին գտնւում։ Հաւատում եմ որ Ս. Հոգու ներգործութեամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոս հրաւիրեց իր հոգեւոր եղբայրները, որոնցից Շնուտա պատրիարքը իբրեւ Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի նախագահներից մէկն մասնակցում էր խորհրդի հերթական ժողովին, ներկայացնելով Արեւելեան Ուղղափառ ոչ-քաղկեդոնական ընտանիքը։

Երկու հոգեւոր պետերը՝ նորին սրբութիւն Շնուտա Գ.ը եւ նորին սրբութիւն Զաքքա Ա. ընդառաջելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հրաւէրին ուրբաթ 14 յունիս 1996-ի առաւօտեան Անթիլիասի մայրավանք ժամանեցին, ուր պաշտօնապէս ընդունւեցին Արամ Ա. կաթողիկոսի եւ Միաբանութեան կողմից։ Կանոնական Աղօթքից ետք հիւրերը վեհարան բարձրացան, որտեղ բարի գալստեան խօսքերից յետոյ հոգեւոր պետերի միջեւ տեղի ունեցաւ յատուկ խորհրդակցութիւն, պատրաստւեցաւ յատուկ յայտարարութիւն, որ ընթերցւեց արաբերէն եւ հայերէն լեզուներով։

Պատմական այս հանդիպումը մեկնակէտը եղաւ այս երեք եկեղեցիների համատեղ գործակցութեան կրթական, ուսումնական բնագաւառների մէջ, ինչպէս նաեւ եկեղեցական միւս ընտանիքների հետ միասնական համագործակցութեան։

1998-ի մարտին, Գահերէի մէջ գումարւեց հոգեւոր պետերի առաջին ժողովը, որի ընթացքին նշանակւեց Մնայուն Յանձնախումբ, որպէսզի յետ այսրիկ հոգեւոր պետերի եւ Մնայուն Յանձնախմբի ժողովներն ու երեք եկեղեցիները յուզող հարցերը օրակարգային դրութեամբ հոգեւոր պետերի ազնիւ ուշադրութեան յանձնւեն ի խնդիր աւելի սերտ գործակցութեան եւ արդիւնաշատ աշխատանքի։

Մնայուն Յանձնախմբի անդամներն էին Անպա Պիշոյի Արքեպիսկոպոսն ու Մուսա Արքեպիսկոպոսը Ղպտի եկեղեցին, Կրիկորիոս Եոհանա Իպրահիմ Արքեպիսկոպոսն ու Թէոֆիլոս Ճորճ Սալիպա Արքեպիսկոպոսը Ասորի եկեղեցին եւ Սեպուհ Եպս. Սարգսեանն ու Նարեկ Ծ. Վրդ. Ալիէմէզեանը (հետագային եպիսկոպոս) Հայոց եկեղեցին։

1998-ից սկսեալ Միջին Արեւելքի Արեւելեան Ուղղափառ (Ոչ քաղկեդոնական) եկեղեցիների հոգեւոր պետերն ու Մնայուն Յանձնախումբը ամենամեայ իրենց հանդիպում-ժողովները գումարեցին մէջընդմէջ Գահիրէի, Դամասկոսի եւ Անթիլիասի մէջ։ Հետագային Մնայուն Յանձնախումբը հոգեւոր պետերի օրհնութեամբ նշանակեց աշխատանքային յանձնախմբեր, ինչպէս հրատարակչական, երիտասարդական, հովւական եւ դպրեվանքների։ Այս երեք պատմական եկեղեցիների առաւել մերձեցման եւ համագործակցութեան ի խնդիր որոշւեց մի գիրք տպել երեք եկեղեցիների ամփոփ պատմութեան բովանդակութեամբ, կազմակերպել եկեղեցական պատմութեան եւ աստւածաբանական նիւթերի դասախօսների փոխադարձ այցելութիւններն ու հանդիպումները, ինչպէս նաեւ աստւածաբանութեան ուսանողների միմեանց հետ փոխանակումը։

1998-ի մարտին գումարւած հոգեւոր պետերը առաջին ժողովին եգիպտոս Ուատի Էլ Նաթրուն գտնւող Անպա Պիշոյի վանքի մէջ նշանակւեց Մնայուն Յանձնախումբը, որին վերեւ ակնարկեցինք։

Երկրորդ հանդիպումը տեղի ունեցաւ Դամասկոսի մերձակայքը գտնւող Ս. Եփրեմ Ասորիների վանքում Մաարէթ Սայիտ Նայա. Փետրւար 10-12 1999-ին։
Այնուհետ Մնայուն Յանձնախումբը ունեցաւ մէջ ընդ մէջ իր ամենամեայ հերթական երկու նիստերը մին առանձին եւ միւսը հոգեւոր պետերի հետ, հոգեւոր պետերը եւս ունեցան իրենց հանդիպումները, որոնց բնականաբար մասնակցում էին նաեւ Մնայուն Յանձնախումբի անդամները։

Միջին Արեւելքի Արեւելեան Ուղղափառ (Ոչ քաղկեդոնական) երեք եկեղեցիների հայ, ղպտի եւ ասորի հոգեւոր պետերը եւ Մնայուն Յանձնախմբի անդամները նախանձախնդիր եւ յարատեւ հետապնդումով ունեցան իրենց հանդիպում ժողովները սիրոյ, փոխադարձ յարգանքի եւ եղբայրական մթնոլորտում, որոնց աւարտին եղան ժողովի ոգին արտացոլող հաղորդագրութիւններ, որտեղ նախ շեշտւում էր հոգեւոր պետերի յանձնառութիւնն ու աչալրջութիւնը միջ-եկեղեցական շարժումի հանդէպ եւ միւս կողմից էլ մեր եկեղեցիների նախանձախնդրութիւնը Տիեզերական առաջին երեք ժողովների (Նիկիա՝ 325, Կոստանդնուպոլիս՝ 381 եւ Եփեսոս՝ 431) ուսուցումների նկատմամբ։ Արեւելեան Ուղղափառ երեք եկեղեցիների հոգեւոր պետերի հանդիպումները եզակի երեւոյթ են, նկատի ունենալով որ վերոյիշեալ եկեղեցիների հոգեւոր պետերի պատմական հանդիպումից 15-21 յունւար 1965 (Ատիս Ապապա) ի վեր առաջին անգամն էր որ նման հանդիպումներ տեղի էին ունենում։

Հոգեւոր պետերի հանդիպում-ժողովների ընթացքին հոգեւոր պետերը մեկնելով ղպտի, ասորի, եւ հայ հաւատացեալների եւ իսլամ կրօնի հետեւորդների եօթներորդ դարից սկսեալ համատեղ կեցութիւնից ու երկխօսութիւնից նոր մղում եւ գործնական արտայայտութիւն տւին, այս ձեւով վկայելով իսլամ-քրիստոնեայ երկարամեայ բարւօք դրացութեան, փոխադարձ սիրոյ, յարգանքի եւ հանդուրժողութեան ոգու առկայութեան։

Կասկած չկայ, որ նման հանդիպումները երեք եկեղեցիների զաւակները որտեղ էլ որ լինեն առաւել գիտակցական մերձեցումով ու համագործակցութեան առաւել եւս շեշտադրութեամբ գօտեպնդւում, զօրանանում եւ հպարտ քայլերով շարունակելու են իրենց կեանքը։

Վերջում հետաքրքրութեան համար նշում ենք Միջին Արեւելքի Արեւելեան Ուղղափառ (ոչ քաղկեդոնական) երեք եկեղեցիներ՝ ղպտի, ասորի եւ հայ հոգեւոր պետերի եւ իրենց կեանքի կոչած Մնայուն Յանձնախմբերի հանդիպում-ժողովների թւականներն ու վայրը։

1- Առաջին այսպէս ասած հիմնադիր ժողով-հանդիպումը տեղի ունեցաւ Անթիլիաս 14 Յունիս 1996-ին։
2- Երկրորդ նոյնքան կարեւոր հանդիպում-ժողովը Մայիսին 1998, Ուատի Նաթրունում գտնւող Անպա Պիշոյի վանքի մէջ։
3- Երրորդ հանդիպումը Ասորիների Դամասկոսի մերձակայքում գտնւող Ս. Եփրեմ Ասորիի վանքում 10-12 Փետրւար 1999-ին։
4- Չորրորդ հանդիպում-ժողովը նւիրւած Քրիստոսի Ծննդեան երկհազարամեակին, գումարւեց Անթիլիասում Մայիս, 2000-ին։
5- Հինգերորդ հանդիպում-ժողովը 15-17 Մարտ 2001, Գահիրէում, Եգիպտոս։
6- Վեցերորդ հանդիպում-ժողովը Ս. Եփրեմ վանքում Դամասկոս 7-9 Մարտ 2002։
7- Եօթներորդ հանդիպում-ժողովը Անթիլիաս 16-20 Հոկտեմբեր 2003։
8- Ութերորդ հանդիպում-ժողովը Հոկտեմբեր 18-22 2004-ին, Գահիրէում, Եգիպտոս։
9- Իններորդ հանդիպում-ժողովը Ս. Եփրեմ վանքում, Դամասկոս 7-10 Դեկտեմբեր, 2005։
10- Տասներորդ հանդիպում-ժողովը 22-24 Նոյեմբեր 2006-ին Գահիրէ։
11- Տասնմեկերորդ հանդիպում-ժողովը 19-21 Ապրիլ 2007-ին Ս. Եփրեմ Վանքում, Դամասկոս։
12- 4 Յուլիս Մնայուն Յանձնախմբի եւ 13-15 Նոյեմբեր 2011-ին հոգեւոր պետերի հանդիպում, Գահիրէ, Եգիպտոս։
13- 9-11 Ապրիլ 2013 Մնայուն Յանձնախմբի հանդիպում-ժողով, Անթիլիաս։
14- Մնայուն Յանձնախմբի եւ հոգեւոր պետերի հանդիպում-ժողով 17-18 եւ 19-20 Մարտ 2015, Գահիրէ, Եգիպտոս։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Մարտ 2021
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com