Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի Կանոնագրութիւն (Ա. Մաս)

Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի Կանոնագրութեան յօդւածներ՝

ՅՕԴՒԱԾ 29.

• ա- Պատգամաւորական ժողովը Թեհրանի թեմի բարձրագոյն իշխանութիւնը լինելով՝ բաղկանում է հոգեւորական եւ աշխարհական անդամներից, որոնց ընդհանուր թւի վեց-եօթներորդը լինելու են աշխարհական, իսկ մէկ-եօթներորդը՝ հոգեւորական:

• բ- Աշխարհական եւ հոգեւորական պատգամաւորները ընտրւում են չորս տարւայ ժամանակաշրջանով եւ վերընտրելի են նաեւ յաջորդական նստաշրջանների համար:

ՅՕԴՒԱԾ 30.

• ա- Թեհրանի նահանգի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայ համայնքը իւրաքանչիւր երեքհազար շնչի դիմաց ընտրում է մէկ պատգամաւոր, իսկ Թեհրանի հայոց թեմին մաս կազմող միւս շրջանների համայնքները մինչեւ հազար շունչ հաշւելու դէպքում՝ ընտրում են մէկ, իսկ հազար շնչից աւելին հաշւելու պարագայում՝ ընտրում են երկու պատգամաւոր: Թեհրանի կամ շրջանների հայ ազգաբնակչութեան աննախատեսելի տեղաշարժի պարագայում՝ ընտրելի պատգամաւորների համեմատական թիւը նշանակելու է օրւայ Թեմական խորհուրդը:

• բ- Պատգամաւորական ժողովի ամէն մէկ ընտրաշրջանի պատգամաւորների թիւը, համաձայն վերոյիշեալ տւեալների, ճշտւում է սոյն կանոնադրութեան ՅՕԴՒԱԾ 31-ի տրամադրութեան համաձայն կեանքի կոչւած Ընտրական կենտրոնական յանձնախմբի միջոցով եւ Թեմական խորհրդի հաստատումով:

• գ- Պատգամաւորական ժողովի անդամների թիւը ոչ մի դէպքում չի կարող քառասունհինգից պակաս լինել: