«Նայիրի» պարախմբի շքեղ ելոյթը նւիրւած «Ալիք» օրաթերթի 85-ամեակին

Հինգշաբթի եւ ուրբաթ, թւականիս նոյեմբերի 3-ին եւ 4-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի «Նայիրի» պարախմբի տարեկան ելոյթը, նւիրւած «Ալիք» օրաթերթի 85-ամեակին:

«Նայիրի» պարախմբի 60 սաները ներկայացրեցին ազգային, ժողովրդական, ժամանակակից 24 պարեր: Պարախմբի գեղարւեստական ղեկավարն է Արտաւազդ Աւետիսեանը, պարուսոյցներն են Մերի Աւետիսեանը, Մելան Սեֆեանը եւ Թինա Անտոնը: Փորձավարներն են Լիլիան Նազարեանցը, Նինէլ Մանուկեանը, Թալին Միրզայեանը եւ Արփի Մարկոսեանը:

Ծրագրի հաղորդավարն էր Արինէ Ասլանեանը:

Հինգշաբթի օրւայ ելոյթին ներկայ էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան խորհրդական Սահակ Եղիազարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կաթողիկէ առաջնորդարանի ներկայացուցիչներ, հրաւիրեալներ եւ արւեստասէր հասարակայնութիւն:

Ծրագրի աւարտին միութեան նախագահ՝ Ֆրեդիկ Աշուղեանը իր շնորհակալական խօսքերում մատնանշեց, որ. «Պատմութեան ընթացքում պարը միշտ մարդու հետ է եղել: Պարը բնորոշում է իւրաքանչիւր ազգի մակարդակը, քաղաքակրթութիւնը եւ կենցաղը…»: Ապա պրն. Աշուղեանը բեմ հրաւիրեց Սրբազան Հօրը իր հայրական խօսքը փոխանցելու:

Սրբազան Հայրն իր քաջալերական խօսքերում նշեց, որ արւեստը պիտի ծառայի թէ՛ մշակոյթին, որպէսզի բարձրացնի հասարակութեան մակարդակը, եւ թէ՛ պէտք է ծառայի ժողովրդին, որպէսզի արտացոլի նրանց զգացմունքները, ապրումները: Նա գնահատեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան ողջ ընտանիքին, որը արւեստի զանազան բնագաւառներում եւ աշխատանքների տարբեր ոլորտներում ջանանում է վառ պահել ազգային-հոգեւոր արւեստի ապրումներն ու զգացումները:

Սրբազան Հայրը նաեւ շնորհաւորեց «Ալիք» օրաթերթի 85-ամեակը:

Վերջում յուշանւէրով գնահատւեց պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Արտաւազդ Աւետիսեանը:

Ուրբաթ օրւայ ելոյթին ներկայ էին «Ալիք» օրաթերթի տնօրէն Արա Շահնազարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հանդիսատես:

Ծրագրի աւարտին իր շնորհակալական խօսքը փոխանցեց «Ալիք» օրաթերթի տնօրէն Արա Շահնազարեանը, խրախուսելով ներկաներին աջակցել միութենական աշխատանքներին ու նաեւ նոր սերնդին դաստիարակել միութենական գիտակցութեամբ եւ նրանց ուղղորդել դէպի միութիւններ:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Հանրային կապ

Լուսանկարիչ՝ Արտեմ Ղարիբեան