Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201610/2016103101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201610/2016103101

ԽԱՉԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՕԾՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Կիրակի 30 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ խաչի օրհնութիւն եւ օծում համաձայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Ծիսական Մեծ Մաշտոցում բովանդակւած մեր սրբազան հայրերի կողմից կարգաւորւած յատուկ խաչի օրհնութեան եւ օծման Կանոնին. ձեռամբ՝ Թեհրանի Թեմի բազմերախտ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի։

Թանկագին ակերով հայկականատիպ եւ գեղակազմ արծաթեայ մեծ խաչը Առաջնորդ Սրբազան Հօրը նւիրւել էր ամիսներ առաջ յատուկ նպատակով Թեհրանի հայկական գաղութն այցելած՝ ազգային մեծ բարերար եւ Հայաստանի ողիմպիական կոմիտէի նախագահ՝ մեծայարգ տիար Գագիկ Ծառուկեանի կողմից, որպէս նշան ու խորհրդանիշ հաւատակցութեան, սիրոյ, մխիթարութեան, յարգանքի, միասնութեան եւ եղբայրսիրութեան։

Խաչը թէեւ անցեալում որոշ ժամանակ իբրեւ տանջալի մահւան, ահաւոր տառապանքի, դաժան չարչարանքների, անարգանքի, ամօթանքի եւ անիծւածութեան գործիք էր օգտագործւում, սակայն, մեր հաւատի հիմնադիր ու այն կատարելագործող Յիսուսի Քրիստոսի նրա վրայ զոհւելուց ու կենդանի պատարագումից յետոյ՝ այն ամբողջապէս նոր իմաստ ու նշանակութիւն ստացաւ ինչպէս նաեւ՝ լիովին տարբեր խորհրդանիշի վերածւեց։

Ինչո՞ւ է խաչը նւիրական ու երկրպագելի ընդհանրապէս քրիստոնեաների ու յատկապէս հայերի համար։ Դա, որովհետեւ,

Աստծու Որդին, մարդացեալ անարատ ու անմեղ ճշմարիտ Գառը յօժարակամ երբ իր տիեզերաստեղծ բազուկները տարածեց խաչափայտի վրայ եւ իր կենսաբուխ արիւնը հեղելով՝ համայն մարդկութեան մեղքերի քաւութիւն, թողութիւն ու փրկութիւն պարգեւեծց (Կղ 1.14), Նա իր խաչելութեամբ քանդեց մարդկանց իրարից եւ Աստծուց բաժանող թշնամութեան պատը եւ մեզ Աստծու հետ հաշտեցնելով՝ խաղաղութիւն հաստատեց (Եփ 2.14-16)։ Նա նաեւ իր իշխանութեամբ ջնջեց մեր օրինազանցութեան համար մեր դէմ արձակւած դատապարտութեան վճիռը՝ խաչափայտին մեխելով այն։ … Նա զինաթափ արեց ոգեղէն աշխարհի իշխանութիւններին ու պետութիւններին՝ նրանց յայտնապէս խայտառակելով ու պարտութեան մատնելով… (Կղ 2.14-15)։

Այս եւ շատ այլ ճշմարտութիւնների կատարումից յետոյ Քրիստոնեաների ու համայն հաւատացեալների համար Քրիստոսի խաչափայտը դարձաւ յաղթանակի, ազատագրումի, փրկութեան, աստւածային անսահման սիրոյ ու գերագոյն զոհողութեան նշան, որի առջեւ խոնարհւեցին ու նրա երկրպագեցին ողջ քրիստոնեայ աշխարհը եւ ի մասնաւորի հայ ազգն ու ժողովուրդը։ 

Ուստի, Քրիստոսի խաչափայտը առաքեալների ժամանակից սկսեալ դարձաւ քրիստոնեաների պարծանքի նշանը, ինչպէս նաեւ հզօրութեան, քաջութեան, յաղթանակի, մեծարանքի եւ օրհնութեան առարկան, որից սարսափեցին սատանայական զօրութիւնները եւ հալածւելով՝ ամօթահար փախուստ տւեցին։

Հայ Առաքելական եկեղեցին միւս Ուղղափառ եկեղեցիների հետ միասին մեծ յարգանք ու սէր ընծայեց ու շարունակում է տածել Տիրոջ խաչափայտի նշանին, նրան երկրպագելով ու փառաւորելով։ Ո՛չ այն հասկացողութեամբ, որ նիւթն է պաշտում, մեծարում կամ փառաւորում՝ այլ հիւթը, ինչպէս ասել է սուրբ հայրերից մին, այսինքն՝ Քրիստոսը եւ նրա թանկագին արիւնը, որը խաչի վրայ հոսելով՝ ներծծւեց նրանից ու նրա հետ միաւորւելով՝ սրբագործեց այն։ 

Շատ վաղուց քրիստոնեաներ ու քրիստոնեայ եկեղեցին խաչի նշանը օգտագործեցին իբրեւ իրենց ինքնութեան եւ նկարագրի բացայայտ յայտարարը եւ նրանով զարդարեցին եկեղեցիների, տաճարների, ուխտատեղիների եւ մատուռների գմբէթները, խորանները, սուրբ սեղանները, եկեղեցիների ու տների պատերը ինչպէս նաեւ յարգանքով ու գիտակցութեամբ, իբրեւ վկայութիւն եւ պաշտպանութիւն այն կախեցին ու կրեցին իրենց վզերից ու կրծքերից։ Մեր սրբազան Հայրապետներն ու եկեղեցական հայրերը դրանով օրհնեցին ու կնքեցին եկեղեցական սպասները, տները, գործատեղիները անդաստաններն ու ժողովդրի զաւակները եւ որպէս մեծագոյն երախտագիտութիւն նաեւ՝ շատեր խաչի նշանի անունով մկրտեցին։ 

Թէ Քրիստոսով ի՞նչ բնոյթ ստացաւ խաչը, նա մեզ համար՝ ինչպէս Պօղոս առաքեալն է խոստովանում՝ Աստծու զօրութիւնն ու իմաստութիւնն է։ Նա նաեւ համաձայն մեր սրբազան շարականագիր հայրերին՝ Զօրութեան գաւազանն է։ Յաղթանակի ու պարծանքի, հաշտութեան ու խաղաղութեան նշանն է։ Խաչը հաւատացեալների ամրութեան զէնքն է ինչպէս նաեւ՝ բերդը, վահանն ու պարիսպը։ Նա հզօր աշտարակն է։ Աստւածապարգեւ շնորհն է։ Աստւածային փրկութեան լաստն ու կենսապարգեւ, կենդանարար ու կենսաբեր սուրբ նշանն է։ Խաչը կեանքի, յոյսի եւ գիտութեան փայտն է։ Նա հաւատացողների հզօր պահապանն ու ապաւէնն է։ Սուրբ խաչի նշանը դեւերի սարսափն ու խաւարի հալածողն է։ Նա Հաւատացեալների ուրախութիւնն է։ Դէպի արքայութիւն առաջնորդող գաւազանն է եւ ի վերայ ամենայնի՝ փառքի աթոռն է։

Ս. Սարգիս մայր եկեղեցին լեցուն էր հաւատացեալներով եւ 300ից աւելի աշակերտ-աշակերտուհիներով։ Քարոզից անմիջապէս առաջ Առաջնորդ Սրբազան Հայրը, եկեղեցական ու քահանայ հայրերի ընկերակցութեամբ ու մասնակցութեամբ կատարեց Խաչի օրհնութիւնն ու օծումը։ Սկիզբը նւիրւած խաչը դրւեց Ս. Բեմի վրայ եւ նախ առաջնորդական փոխանորդ գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը ջրով ու գինիով լւաց ու սրբեց այն եւ ապա Սաղմոսների, Հին ու Նոր Կտակարանեան՝ մարգարէական, առաքելական եւ Աւետարանական ընթերցումների եւ խորիմաստ աղօթքների կատարումից յետոյ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հինգ հանգրւաններով օծեց խաչը նախ մէջտեղի ակը, ապա գագաթը, յետոյ աջ եւ ձախ թեւերը եւ աւարտին էլ՝ պատւանդանը։ Որից յետոյ քահանայ հայրերը դասի մէջ ծնկի գալով երգեցին «Խաչի քո Քրիստոս երկիրպագանեմք» ԲԿ. շարականը եւ Առաջնորդ Սրբազան Հայրն էլ ընթացքին խնկարկեց թէ՛ նորաօծ խաչին, թէ՛ սուրբ սեղանին ու խորանին եւ թէ՛՝ ժողովրդին։

Նա իր քարոզում իր խօսքն ուղղելով ներկայ հաւատացեալներին ու աշակերտներին յիշեցրեց, որ «Խաչի օրհնութիւնն ու օծումը մեր եկեղեցում ամենանւիրական ու հազւադէպ կատարւող արարողութիւններից է։ Նա ասաց, որ խաչը իբրեւ խորհուրդ կարիք չունի օրհնութեան ու օծման, որովհետեւ Քրիստոսի արեան հեղումով նա արդէն իսկ օծւած, սրբւած, օրհնւած ու նւիրականացած է»։ Սակայն, ձեռակերտ խաչը, որ առաքելական դարաշրջանից իսկ որպէս պարծանքի, Քրիստոսով մահւան վրայ տարւած յաղթանակի ու փրկութեան, արդարացման ու քրիստոնէական վաւերական ինքնութեան նշան ու խորհուրդ էր ընդունւած ու որդեգրւած, ապա մեր սրբազան Հայրերը յատուկ օրհնութեան ու օծման կանոնի կարգաւորումով, այն մեզ տւեցին, որպէսզի իբրեւ օրհնութիւն, սուրբ եւ նւիրական մասունք եւ առարկայ օգտագործւի մեր եկեղեցիներում ու եկեղեցական բոլոր արարողութիւնների ընթացքում։ Աւելին, որպէսզի խաչը իր նիւթեղէն վիճակից վեր բարձրանալով՝ Ս. Հոգու ներգործութեամբ եւ քահանայական յատուկ աղօթքներով՝ Քրիստոսի աստւածային ու փրկարար զօրութեան հետ միաւորւելով՝ դառնայ խորհուրդ եւ ըստ այդմ էլ իւրաքանչիւրի պէտքի համաձայն ներգործի հաւատացեալների կեանքում, սրտում, հոգում ու մտքում։

Առաջնորդ Սրբազան Հայրը յիշեցրեց, որ նման դէպքերը լաւագոյն առիթներ են ինքներս մեզ ինքնաքննութեան ենթարկելու, եւ մանաւանդ՝ խաչին նայելով՝ մտաբերելու խաչեալ քրիստոսին եւ մեր կեանքերում վերակենդանացնելու խորհուրդը խաչին, որ սիրոյ, նւիրումի եւ զոհողութեան խորհուրդն է։

«Օծման ճամբով այս խաչը դարձաւ փրկութեան ու յաղթանակի խորհուրդ, զօրութեան աղբիւր եւ թշնամու դէմ պատերազմելու ամուր եւ անխորտակելի զէնք, որին նայելով մտաբերում ենք խաչեալ Քրիստոսի ծառայութիւնը, աննկարագրելի ներողամտութիւնը եւ անշահախնդիր ու անսահման սէրը», ասաց Սրբազան Հայրը։ 

Նա պատմութիւնից վկայակոչեց խաչի նշանով կայսերի յաղթանակած պատերազմների մասին։ Ինչպէս նաեւ հայ ժողովրդի հաւատքին ու խաչեալին ու նրա խաչի անվերապահ կառչւածութեան մասին անդրադառնալով՝ ասաց. «Մեր ժողովուրդը աշխարհում որեւէ այլ ժողովրդից աւելի հաւատաց Քրիստոսին ու նրա սուրբ խաչի խորհրդին, փառքին ու դրանից ժայթքող յաղթական զօրութեան ու յարութեան։ Քրիստոսի հետեւելու իր առաքելութեան մէջ Նրա հետ Հայ ժողովուրդն էլ իր խաչի ճանապարհը քայլեց, իր Գողգոթան բարձրացաւ եւ քստմնելի ու տաժանելի իր խաչելութիւնն ու թաղումը ունեցաւ։ Այո՛, սակայն հայը Քրիստոսի, նրա խաչի, մահւան ու մանաւանդ՝ յարութեան հանդէպ ունեցած անայլայլելի ու անյաղթահարելի հաւատքի ու յոյսի զօրութեամբ ժայռացած ու պողպատացած՝ թքեց մահւան վրայ եւ անկաշկանդ յարութիւն առաւ իր Տիրոջ խօսքի համաձայն՝ յաւիտենապէս ապրելու համար»։ Սրբազան Հայրը գեղեցկօրէն բնութագրեց մեր ապրած կեանքի վեջին 100 տարիները, իբրեւ Քրիստոսի խաչին, թաղման ու մանաւանդ՝ նրա հրաշափառ յարութեան մասին վկայող ամենափայլուն օրինակ, եւ հրաւիրեց ներկաներին ու մանաւանդ՝ ծնողներին, որ վերահասու լինեն իրենց զաւակների հոգեւոր ու կրօնական դաստիարակութեան ինչպէս նաեւ՝ Խաչեալ ու յարուցեալ Քրիստոսի հանդէպ կատարեալ վստահութեան ու հաւատքի ուսուցման մէջ։ Որպէսզի մեր նոր սերնդի պատկանող զաւակները իրենց կեանքում միշտ խաչի զօրութեան ու խորհուրդին ապաւինելով՝ յաղթական ու ապահով առաջնորդւեն ու խաղաղ եւ անփորձանք լինելով՝ կենդանիօրէն փորձարկեն Տիրոջ օրհնութիւններն ու բարիքները իրենց կեանքում։

Աւարտին, Սրբազան Հայրը, կրկին անգամ անձնապէս իր, Թեհրանի թեմի ժողովականութեան եւ ողջ հաւատացեալների անունից շնորհակալութիւն յայտնեց խաչի նւիրատու տիար Գագիկ Ծառուկեանին, մաղթելով նրան եւ նրա ազնւափայլ մօր ու ընտանեկան պարագաներին աստւածային օրհնութիւն, բարիք, առողջութիւն, յաջողութիւն, արեւշատ օրեր ու երջանկութիւն։ Նա իր խօսքը աւարտելով՝ մաղթեց նաեւ, որ խաչի օրհնութիւնն ու օծումը սա պահին օրհնութիւն լինի թէ՛ մեր եկեղեցուն, թէ՛ մեր ժողովրդին եւ թէ համայն մարդկութեան, որպէսզի դադարեն պատերազմները եւ բոլորի սրտերը լցւեն սիրոյ, խաղաղութեան ու ներողամտութեան զգացմունքներով, դադարեն նաեւ եղբայրասպան կռիւները եւ բոլորը իրենց հայեացքը ուղղեն դէպի Խաչեալ Քրիստոսին եւ նրա խաչից ճառագայթող սիրոյ զօրութեամբը միշտ ապրեն ու գործեն Աստծու փառքի համար։  

Պատարագի աւարտին, հաւատացեալները խոր հաւատքով ու երկիւղով մօտեցան՝ երկիրպագեցին, իրենց թաշկինակները քսեցին խաչին ու համբուրեցին խաչը եւ իրենց աղօթքն ու աղաչանքները մատուցին Աստծու։ Իսկ երեկոյեան նորաօծ խաչը տեղադրւեց սուրբ խորանի կենտրոնում հաւատացեալների ի տես՝ որպէս աստւածային զօրութեան, օրհնութեան, բժշկութեան, մխիթարութեան, պահպանութեան, ազատագրութեան եւ փրկութեան նշան ինչպէս նաեւ՝ իբրեւ սիրոյ, հաւատքի եւ յաղթանակի վկայութեան կենդանի խորհրդանիշ։ 

{gallery}201610/2016103101{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ