«ԱԼԻՔ» - Սեպտեմբերի 13-ին «Արարատ» մարզաւանում մեկնարկող 48-րդ Համահայկական խաղերի 3-րդ ջահը վառւեց ուրբաթ սեպտեմբերի 9-ին՝ Թեհրանի Ս. Թադէոս- Բարթուղիմէոս եկեղեցում, ձեռամբ Թ. Հ. թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի:
Օրւայ ջահակիրն էր թենիսի վետերան՝ Մուշեղ Ներսիսեանը:
Կրօնական արարողութեանը ներկայ էին Համահայկական խաղերի Կազմակերպիչ եւ Գործադիր յանձնախմբերը, եւ Ս. Թադէոս-Բարթուղիմէոս ու Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիների խորհրդի անդամները:
Արարողութեան ընթացքում Սրբազան Հայրը օրհնութեան խօսք ասելով՝ յաջողութիւն մաղթեց 48-րդ Համահայկական խաղերին եւ նշեց. «Մաղթում եմ, որ իւրաքանչիւր մարզիկ այս ջահից ժայթող Աստւածային խորհրդի ճամբով իր մէջ ունենայ արդարութիւնը, պարկեշտութիւնը, հաւատարմութիւնը եւ եղբայրասիրութիւնը եւ մրցակցութեան ոգին շաղախի եղբայրասիրութեամբ»:
Կրօնական արարողութեան աւարտին ջահակիրը ջահով շրջեց եկեղեցու բակում:
Յատկանշական է, որ երեք ջահերը, որոնք հերթականութեամբ վառւել են Ս. Թադէոս Առաքեալի վանքում, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում եւ Թեհրանի Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցում, մինչեւ բացման օրը պահւելու են «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռում:
{gallery}201609/2016091101{/gallery}