Արւեստի առաջին կարգի մեդալի արժանացած իրանահայ անւանի արձանագործ Նշան Թանիքը ծնւել էր 1939 թւականին՝ Ուրմիայում: Իր աշխատանքն ինքնուս կերպով սկսում է 12 տարեկան հասակից:
Նա Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան կողմից վկայւել էր արդիւնաբերական արւեստների գերդիպլոմով: Արժանացել էր անգլերէն լեզւի և պարսից գրականութեան մագիստրոսի կոչման և ստացել էր արւեստի պատւաւոր դոկտորի աստիճան:
Թանիքն արձանագործութիւնը սովորել է Ջաւադ Բէյկ Զաքաթալիի և Հասան Արժանգի մօտ և նւաճել է վարպետի կոչում: Նա Քերմանի «Գանջալի Խան»-ի, «Սաըդ Աբադ»-ի, Թաւրիզի, Շահռուդի և Ռաշտի ազգագրութեան, Փոստի ու նաև Իրանում մի շարք այլ թանգարանների հիմնադիրն էր:
Քեամալոլմոլքի արձանը, Շահրիարի քանդակը, «Առիւծի ու աժդահայի պայքարը» արձանը, «Աղէ մարդ»-ի արձանի նորոգութիւնը, «Սաըդ Աբադ»-ի համալիրի ջրի թանգարանի նախագծումն ու կառուցումը, ինչպէս նաև «Սահեբղարան», «Ամիր քաբիր» և «Միրզա Քուչաք Խան» հեռուստասերիաներում օգտագործւած իրերի նախագծումն ու պատրաստումը նրա աշխատանքներից են:
Թանիքն արժանացել է տասնեակ մրցանակների, գնահատագրերի ու նաև իսլամական մշակոյթի ու առաջնորդման նախարարութեան կողմից արւեստի դոկտորի կոչման:
Անւանի արւեստագէտը վախճանւեց օգոստոսի 30-ի առաւօտեան սրտի կաթւածի հետևանքով:
Թեհրան նահանգի Մշակութային ժառանգութեան գերատեսուչ Ռաջաբալի Խոսրոաբադին խոստացել էր Թեհրան քաղաքի Բարեզարդման կազմակերպութեան համագործակցութեամբ գնել այս արձանագործ արւեստագէտի ստեղծագործութիւնները:
«Գոլեսթան» պալատի թանգարանի հանգստի կոչւած պաշտօնեայ համարւող Նշան Թանիքի վախճանմամբ անկատար մնաց պատասխանատուների տւած այդ խոստումը:
{gallery}201609/2016090702{/gallery}