Սրբազան Հօր այցը Ազգային Դպրոցներ (5)

Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, երկուշաբթի հոկտեմբերի 5-ին այցելութիւն ունեցաւ նախ Արաքս օրդց. դպրոց,

 Ապա՝ Նւարդ Գիւլբենկեան տղ. տարրական դպրոց:

Իսկ երրորդ այցելութեան վայրն էր՝ Մառի Մանուկեան օրդց. միջն. դպրոցը:

Բոլոր դպրոցներում Առաջնորդ Սրբազանին դիմաւորեցին ծաղկեփնջով և աւանդական աղ ու հացով:  Աղ ու հացն օրհնելուց յետոյ, Սրբազան Հայրը մօտեցաւ աշակերտ-ուհիներին և բոլորը միասին կատարեցին Տէրունական աղօքթը:  Աղօթքից յետոյ, տեցչուհին և փոխտեցչուհիները բարի գալուստ մաղթեցին Սրբազան Հօրը:

Արաքս դպրոցում աշակերտուհիները հանդէս եկան աշակերտական խօսքով, Սաղմոս ասելով և արտասանութիւնով, ապա բոլորը միասին երկու շատ գեղեցիկ երգեր երգեցին:

Սրբազան Հայրը իր հայրական խօսքերում նախ քաջալերեց Արաքս դպրոցի աշակերտուհիներին և ապա խօսեց ցեղասպանութեան մասին. նաև այն պարտականութիւնների՝ որ ամէն մի հայ աշակերտ ունի՝ «... Թուրքիան ոչ թէ մեր ազգի ժողովրդին սպանեց, այլ դուրս հանեց մեզ մեր երկրից և մեր հողից, այսինքն հողազրկեց և դա ոճրագործութիւն է:  Այդ ոճրագործութեան դէմ պայքարելու համար և ձեր պահանջները ներկայացնելու համար առաջին հերթին դուք պէտք է ձեր հայերէն դասերը լաւագոյն ձևով սովորէք: Երկրորդ՝ ձեր ժողովրդի պատմութիւնը լաւ իմանաք և վերջապէս պահպանէք ձեր կրօնը և քրիստոնէական ձեր հաւատքը ...»:

Գիւլբենկեան դպրոցում աշակերտներից հանդէս եկան աշակերտական խօսքով և ասմունքով:  Այստեղ Առաջնորդ Սրբազանն աշակերտների հետ խօսելիս ասաց. «Հայոց դպրոցը մեր տունն է, որտեղ եկել ենք հայոց լեզու, հայոց պատմութիւն և մեր կրօնը սովորենք:  Իմ ակնկալիքը ձեզանից այն է, որ դուք լաւ դաս սովորէք, որպէսզի երբ մեծանաք և յաջող տղամարդ դառնաք, բոլորն ասեն, որ սրանք Գիւլբենկեանի աշակերներ են եղել:  Իսկ իմ երկրորդ սպասելիքն է, որ այս դպրոցն աւարտելուց յետոյ հայկական միջնակարգ դպրոց յաճախէք, ոչ թէ պարսկական»: 

Մառի Մանուկեան դպրոցում, աշակերտուհիներից մէկը ներկայացրեց աշակերտական խօսքը, միւսը Սաղմոս ասաց և երրորդը ասմունքեց:  Սրբազան Հայրը դիմելով արտասանւած «Հայ լեզուն՝ տունն է հայուն» բանաստեղծութեանը, ասաց՝ «Այս բանաստեղծութիւնը Մուշեղ Իշխան, մեծ բանաստեղծի գործերից է:  Մուշեղ Իշխանն իր մանկական աչքերով տեսել էր ջարդը և Իզմիր քաղաքի հրդեհումը:  Նա իր ծնողների հետ Դամասկոս փոխադրւեց և այնտեղ շարունակեց իր ուսումը:  Այնպէս ստացւեց, որ տարիներ յետոյ նա դարձաւ իմ և իմ ընկերների ուսուցիչը:  Միշտ յիշում եմ իր խօսքը, որ մեզ ասաց՝ վաղը դուք էլ վարդապետ լինէք, մի բան յիշէք, միայն հարուստների առաջնորդ չլինէք, այլ ամբողջ ժողովրդին առաջնորդութիւն պիտի անէք:  Այս խօսքը մինչև հիմա հնչում է իմ ականջին և դրանով ապրում և փորձում եմ, որքան հնարաւոր է բոլորի առաջնորդը լինեմ ...»:

Այցերի ընթացքին ներկայ էր Կրթական Խորհրդի ատենապետ՝պրն. Սևան Դանիէլեանը: