Երկուշաբթի, 19 յունիսի 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրընկալեց Սպահանի հայոց թեմից Թեհրան ժամանած՝ ճամբարի մասնակից «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ-աշակերտուհիներին, որոնցից մէկը Շահինշահրի Սրբոց Վարդանանց մէկօրեայ վարժարանի 6-րդ դասարանի սան էր:
Աշակերտներին, Ազգ. Առաջնորդարան էին ուղեկցել հայոց ազգային «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի տնօրէն Գեղարդ Մանսուրեանը, հայոց լեզւի առարկաների ուսուցչուհի՝ Սկառլետ Հայրապետեանը, մարզանքի ուսուցիչ՝ Գեւիկ Մկրտչեանը, ծնողական խորհրդի անդամներ՝ Նորա Ղահրամանեանը եւ Էդնա Մանուկեանը:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ իր գոհունակութիւնը յայտնեց այցի առիթով: Անդրադառնալով նմանատիպ ճամբարների չափազանց դրական ազդեցութեանը՝ Սրբազան Հայրը գնահատեց կազմակերպման մտածումն ու նախաձեռնումը:
Հանդիպման ընթացքին, Սրբազան Հայրը պատասխանեց աշակերտների հարցերին եւ այնուհետ իւրաքանչիւր աշակերտի նւիրեց «Իմ Աղօթագիրքը» եւ «Հայոց Տաժանքի Ճամբաներով» գրքի Ա եւ Բ հատորներից մէկական օրինակ եւ թելադրեց, որ անպայման այն կարդան:
Հանդիպումից յետոյ հիւրերն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ Ազգ. Առաջնորդարանի Հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը բացատրութիւններ ներկայացրեց եկեղեցու ճարտարապետական կառուցւածքի մասին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ