Յառաջիկայ ուրբաթ, 12 մայիս 2023 թւականին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տեղի է ունենալու Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամեակին նւիրւած յոբելեանական ձեռնարկը:
Այս օրերին, ծրագրի կազմակերպման աշխատանքների շարանում մեծ սիրով եւ պատրաստակամութեամբ՝ ի շարունակութիւն երկամսեայ փորձերի կայանում են դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ՝ Յոբելեանական քառաձայն երգչախմբի գլխաւոր փորձերը՝ եկեղեցու օծման 50-ամեակին նւիրւած ձեռնարկին ելոյթ ունենալու համար:
Նշելի է, որ Մայեստրօն ակտիւ մասնակցութիւն եւ համագործակցութիւն է ցուցաբերում համայնքում տեղի ունեցող հոգեւոր ձեռնարկներին: Դրա վառ ապացոյցն է իր ղեկավարութեամբ երգչախմբի փայլուն ելոյթը՝ թեմիս առաջնորդ գերշ. Ս. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Ձեռնադրութեան 25-ամեակի միջոցառման գեղարւեստական յայտագրում, որը տպաւորիչ էր եւ բուռն արձագանք ունեցաւ:
Նշելի է, որ Իրանահայ անւանի երաժիշտ, գեղարւեստական ղեկավար եւ դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը ծնւել է 1959 թւականին Թեհրանում: Փոքր տարիքից մեծ սիրով հետեւել է երաժշտութեան եւ աւարտել է Երեւանի «Կոմիտաս»-ի անւան Պետական Կոնսերւատորիայի Սիմֆոնիկ նւագախմբի դիրիժորութեան բաժինը Դոկտորայի մակարդակով։
2017 թւի մայիս 24-ին, պարգեւատրւել է Հայաստանի Հանրապետութեան Մովսէս խորենացու շքանշանով, երաժշտարւեստի բնագաւառում ներդրած աւանդի համար։
Մայեստրօ Ռազմիկ Օհանեանը եղել է Իրանի մշակոյթի նախարարութեան երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ դիրիժոր: Նա Իրանի մշակոյթի նախարարութեան արւեստագէտների բարձրագոյն խորհրդի կողմից արժանացել է առաջին կարգի երաժշտի դիպլոմի՝ դոկտորայի կոչումով եւ իր երաժշտական ծաւալուն գործունէութեան հիմունքով 2020 թւի դեկտեմբերին արժանացել է Իւնեսքոյի Խաղաղութեան եւ ընկերութեան համաշխարհային խմբի դիպլոմին։
Նոր Ձեռքբերումներ եւ յաջողութիւններ ենք մաղթում Մայեստրօ Ռազմիկ Օհանեանին: Յուսանք, որ դեռ երկար տարիներ պիտի վայելենք իր ներկայութիւնը եւ համագործութիւնը համայնքիս մշակութային ոլորտին առնչւող աշխատանքներում:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ