10-ՐԴ, 11-ՐԴ ԵՒ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿՐՕՆԻ (ԱԴԻԱՆ) ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՈՒ ՆԻՒԹԵՐԻ ՆՈՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Շաբաթ, յունւարի 28-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ հերթական հանդիպումը Կրթական հետազօտութիւնների պլանաւորման կազմակերպութեան (سازمان پژوهش و برنامه ریزی آموزشی) դասագրքերի հեղինակային գրասենեակի եւ իմաստութեան եւ կրօնական գիտութեան բաժնի տնօրէն՝ Հոջաթ ալ-Իսլամ Դոկտ. Մոլայիի հետ:

Կրթական խորհրդի կողմից ներկայ էին ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ՝ Անի Մանուկեանը եւ Կրօնի ուսուցչուհի՝ Սիլւա Գրիգորեանը:

2022 թւականի սեպտեմբերի 4-ին, նոյն կազմակերպութեան ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ հանդիպման արդիւնքում ձեռք էր բերւել համաձայնութիւն՝ 10-րդ, 11-րդ եւ 12 –րդ դասարանների Կրօն առարկայի դասագրքերի վերանայման ու նիւթերի նոյնականացման առընչութեամբ: Ինչպէս նաեւ կրթական խորհրդի կողմից կազմւելու էր դասի նմուշ եւ ներկայացւելու էր կազմակերպութեանը:

Յունւարի 30-ի հանդիպմանը՝ Հոջաթ ալ-Իսլամ Դոկտ. Մոլային ներկայացւեց 10-րդ դասարանի Կրօն առարկայից 3 օրինակ դասանմուշ՝ Մարկոսի Աւետարանից: Ըստ էութեան դասերի նմուշները հաստատւեցին կազմակերպութեան կողմից, նշւեցին մի քանի առաջարկութիւնները, որոնք կը ներառւեն աշխատանքի մէջ:

Դասերի նմուշները կը հանդիսանան, որպէս կաղապար 10-րդ դասարանի Կրօն առարկայի դասագրքի կազմման համար, հիմք ընդունելով Մարկոսի աւետարանը: Իսկ 11-րդ եւ 12 –րդ դասարանների Կրօն առարկայի դասագրքի կազմման համար, հիմք Է հանդիսանալու Յովհաննու Աւետարանը:

Ասորիների հետ համագործակցութեամբ կազմւած դասագիրը կը ներկայացւի Կրթական հետազօտութիւնների եւ պլանաւորման կազմակերպութիւն՝ հաստատում ստանալու նպատակով: Աշխատանքը ընթացի մէջ է, եւ լիայոյս ենք, որ գրքերի հաստատումը ստանալուց յետոյ դասագրերը կը տրւեն տպագրութեան եւ որպէս Կրօն առարկայի դասագիրք կը կիրառւեն առաջիկայ նոր ուսումնական տարւանից:

Շշուկներ կան, որ առաջիկայ Կոնկուրսի հարցերի մէջ ընդգրկւելու են միայն մասնագիտական առարկաների հարցերը, այս պարագայում՝ առաջիկայ ուսումնական տարեշրջանից, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների համար, կը կիրառւեն Կրօնի նոր դասագրքերը՝ իսկ հակառակ դէպքում՝ եթէ Կրօնի հարցերը ընդգրկւեն Կոնկուսի հարցացանկում, ապա քայլ առ քայլ, ամէն տարի մէկ դասագիրք կը հաստատւի եւ կը կիրառւի դպրոցներում:

Կրթական Խորհրդի Հանրակապ