Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԵՒ ԱՆՁՆՈՒՐԱՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԿԻ ԳԵՐԱՏԵՍՈՒՉ ԱՍՀԱԲ ՔԱՐԻՄԻԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով պետական այրերի շնորհաւորական այցելութիւնների շարանում, ուրբաթ թւականիս յունւարի 13-ին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Թեհրան նահանգի Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսուչ Ասհաբ Քարիմին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը:

Սոյն հանդիպման գլխաւորութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչ՝ պրն. Արմէն Նազարեանը, Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Նահատակների եւ Անձնուրացների Արժէքների Պահպանման յանձնախմբի ներկայացուցիչները եւ նահատակների ընտանիքներից ու անձնուրացներից 15 ներկայացուցիչներ:

Սրբազան Հայրը հիւրերին ողջունելով եւ գնահատելով Թեհրան նահանգի Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսուչ Ասհաբ Քարիմիի ներկայութիւնը Ազգային Առաջնորդարանում յայտնեց, որ նահատակներն առանց կրօնի խտրութեան ազնւագոյն անձեր են, որոնք իրենց կեանքը նւիրել են իրենց հայրենիքին եւ ի խնդիր բարձրագոյն արժէքներին: Սրբազան Հայրն իր խօսքերի ընթացքում նշեց.-«Այսօր մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն Յիսուս Քրիստոսի անւանակոչութեան տօնն է»: Նա շարունակեց.-«Յիսուս կը նշանակէ սրբող, մաքրող եւ փրկիչ հետեւաբար այս տօնը մեզ համար իմաստաւոր տօն է, որը հանդիսաւորապէս տօնւում է քրիստոնէական բոլոր եկեղեցիներում: Մենք հաւատացած ենք, որ մեր նահատակները նաեւ իրենց զոհողութեան եւ նւիրաբերումի խորհուրդով սրբւած են եւ արժանացած են երկնքի արժանութեան: Մեր եկեղեցու կաթողիկոսներից մէկն ասել է, որ նրանք ովքեր նահատակւել են հայրենիքի եւ կրօնի համար սուրբ են եւ իրենց յիշատակը յաւերժ պիտի յարգել: Հետեւաբար ամէն տարի սեպտեմբեր ամսին Իրանում սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով եկեղեցիներում կատարւում է հոգեհանգստեան արարողութիւն: Դա մեր բարոյեական պարտականութիւնն է մեր նահատակների եւ նրանց պարագաների հանդէպ»: Սրբազան Հայրը գնահատանքով անդրադարձաւ նաեւ պետական այրերին, որն իրենք նաեւ իրենց կարգին նոյն յարգանքն են ցուցաբերում եւ բարոյեական եւ նիւթական օժանդակութիւն են մատուցում նահատակների ընտանիքներին: Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց նաեւ Խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանի կողմից ցուցաբերւած ուշադրութիւնը, նշելով, որ նա թէ որպէս պետական եւ թէ որպէս համայնքի յարգելի անձնաւորութիւն իր պարտականութիւնը լիակատար կատարում է մեր նահատակների եւ ժողովրդի զաւակների նկատմամբ: Սրբազան Հայրը յաւելեց, որ դա վկայութիւն եւ հաստատումն է այն համագործակցութեան, որը գոյութիւն ունի համայնքի եւ պետական կառոյցների միջեւ:

Թեհրան նահանգի Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսուչ Ասհաբ Քարիմին իր ելոյթի ընթացքում գոհունակութիւն եւ շնորհակալութիւն յայտնեց սոյն հանդիպման առիթն ստեղծելու կապակցութեամբ եւ մեծարելով նահատակների յիշատակը, կարեւորութեամբ անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի եւ յեղափոխութեան յաղթանակի տարիներին հայ ռազմիկների ու ժողովրդի անձնուրացութիւններին ու սխրագործութիւններին: Նա յայտնեց, որ Իրանի պատմութիւնը երբէք չի մոռանալու կրօնական փոքրամասնութիւնների եւ ի մասնաւորի սիրելի իրանահայերի դերը, որոնք Իրանի պատմութեան բոլոր ժամանակներում միշտ եղել են Իրանի եւ Իրանի ժողովրդի կողքին: Նա յաւելեց, որ տօնական օրերին այցելութիւններ է ունեցել նահատակների եւ անձնուրացների ընտանիքների, որի ընթացքում մօտիկից ծանօթացել է առկայ դժւարութիւններին իսկ այսօր նաեւ առիթ եղաւ աւելի մեծ թւով հանդիպումներ ունենալու: Թեհրան նահանգի Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսուչ Ասհաբ Քարիմին շնորհակալութիւն յայտնեց համագործակցութեան համար եւ յոյս յայտնեց, որ նման հանդիպումները պարբերաբար շարունակւեն, որպէսզի հնարաւոր լինի աւելի լայն մասշտաբով ծառայութիւններ մատուցել:

Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը իրենց ելոյթների ընթացքում մեծարելով բոլոր նահատակների, ինչպէս նաեւ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակը, կարեւորեցին նրանց անմնացորդ դերը՝ երկրի հողային ամբողջականութիւնը պաշտպանելու գործում եւ շնորհակալութիւն յայտնելով սոյն նախաձեռնութեան եւ վերջին օրերի ընթացքում Սրբ. Թարգմանչաց եւ Սրբ. Վարդանանց եկեղեցիներում հանր. նախագահի գրասենեակի եւ նահանգապետարանի համագործակցութեամբ եւ Թեհրանի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ «Թեհրանի քաղաքապետարանի ծառայութեան սեղան» անւամբ կազմակերպւած միջոցառման կապակցութեամբ կարեւորեցին նման հանդիպումների կայացումը դժւարութիւններին մօտիկից ծանօթանալու եւ լուծման դրական քայլեր ձեռնարկելու ուղղութեամբ:

Սոյն հանդիպման ներկայ էր նաեւ Թեհրանի քաղաքապետի խորհրդական Սէյէդ Սաիդ Սադրզադէն, ով իր հերթին շնորհաւորելով Ամանորի եւ Սրբ. Ծննդեան տօները անդրադարձաւ «Թեհրանի քաղաքապետարանի ծառայութեան սեղան» անւամբ կազմակերպւած միջոցառման նպատակներին եւ այն մասին, թէ ինչո՞ւ է նման նախաձեռնութիւն առաջին անգամը կազմակերպւում հէնց հայկական համայնքում, ընդգծելով իրանահայ համայնքի անմնացորդ դերը՝ Իրանի ներկայի եւ անցեալի բոլոր իրադարձութիւններում:

Հանդիպման ընթացքում Թեհրան նահանգի Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսուչ Ասհաբ Քարիմին մէկ առ մէկ հանդիպում ունեցաւ ծրագրին ներկայ նահատակների ընտանիքների եւ անձնուրացների հետ: Հարկ է նշել, որ սոյն հանդիպումը տեղի է ունենալու պարբերաբար:

Հանդիպման աւարտին Սրբազան Հօր Ձեռամբ գնահատագիր յանձնւեց նահատակների ընտանիքներին եւ անձնուրացներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ