Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԶԵԿՈՅՑ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՔԱՂԱՔԱՄԱՍՈՒՄ

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդն իր մէկամեայ աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդի հետ հանդիպումների շարան Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւններում:

Միջոցառումների կազմակերպման գործում իր համագործակցութիւնն է բերել Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմինը: Յիշեալ հանդիպումների շարանում շաբաթ թւականիս հոկտեմբերի 29-ի երեկոյեան Թեմական խորհուրդը իր յարակից մարմինների հետ միասին աշխատանքային զեկոյց ներկայացրեց Սարդարապատ քաղաքամասում՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ:

Սկզբում Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմնի ատենապետ՝ Հարմիկ Նաւասարդեանը անդրադառնալով հանդիպումների նպատակի մասին բեմ հրաւիրեց Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտ. Նորայր Արամեանին, Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանին, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի նախագահ՝ Արմինէ Սէթխանեանին, Թեհրանի հայոց թեմի Գերեզմանատների վարչութեան ատենապետ՝ Ռուբիկ Սարգսեանին, Ուսանողական ֆոնդի ատենապետ՝ Ալբերտ Լազարեանին եւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի (ԿՕՄ) ատենապետ՝ Մուշեղ Ծատուրեանին:

Սկզբում Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Թեմական խորհրդի մէկամեայ աշխատանքներին, հիմնական դժւարութիւններին, պետական շրջանակի հետ փոխյարաբերութիւններին եւ Թեմական խորհրդին կից զանազան մարմինների ու խորհուրդների աշխատանքներին ու խնդիրներին: Իր ելոյթի ընթացքում ճրտ. Նորայր Արամեանը ընդգծեց, որ Թեմական խորհրդի աշխատանքների նպատակն է սպասարկել ժողովրդին եւ նշեց, որ հանդիպումների շարանում ներկայ են այն մարմինների ներկայացուցիչները, որոնք աւելի անմիջական կապի մէջ են ժողովրդի հետ: Նա ուրախութեամբ անդրադարձաւ «Ա. Աւետիսեան» բուժարանի վերջին շրջանի աշխատանքներին, որը շնորհիւ Խնամակալ մարմնի, ոչ միայն այլեւս վնաս չի արձանագրում, այլ աստիճանաբար դառնում է շահ արձանագրող կենտրոն: Նա ապա մէկ առ մէկ հակիրճ գծերով ներկայացրեց մարմինների աշխատանքները: Թեմական խորհրդի ատենապետը անդրադարձաւ ազգային իշխանութիւն-պետական կառոյցների սահուն յարաբերութիւններին, իր գնահատանքը յայտնելով այս ոլորտում պատգամաւոր Արա Շահվերդեանի անվերապահ դերակատարութեան համար եւ նշեց, որ հիմնականում շփումներ են ընթանում Ուսումնադաստիարակչութեան, Ներքին գործերի եւ Առողջապահութեան նախարարութիւնների, քաղաքապետարանի, նահանգապետարանի եւ յարակից այլ կառոյցների հետ: Նա նշեց, որ կան բազմաթիւ հարցեր, որոնք ընթացքի մէջ են եւ որպէս կարեւորագոյն դժւարութիւն անդրադարձաւ 44-օրեայ պատերազմի եւ կովիդ հիւանդութեան հետեւանքով հոգեբարոյական ծանր հարւածին եւ երկրի տնտեսական կարգավիճակին, որը ուղղակիօրէն ազդում է նաեւ ազզային իշխանութեան գործունէութեան վրայ: Նա խօսեց այն միլիարդաւոր թումանի հասնող բիւջէի բացի մասին, որին դէմ-յանդիման է կանգնած ազգային իշխանութիւնը, որի հիմնական բաժինը պատկանում է կրթօջախներին, եկեղեցիներին եւ այլ ծախսերին: Նա ընդգծեց, որ ազգային իշխանութիւնը փորձում է հնարաւորինս դիմագրաւել դժւարութիւնները եւ չի խնայելու իր ջանքը ի նպաստ համայնքի:

Հանդիպմանը զեկոյցներով հանդէս եկան Թեմական խորհրդին կից մարմինների եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչները, ովքեր համապարփակ գծերով ներկայացրեցին իրենց պատկան կառոյցներում Թեմական խորհրդի նիւթական ու բարոյական աջակցութեամբ իրականացւած աշխատանքները, առկայ դժւարութիւնները, բիւջէի հսկայ բացերին ու օրէցօր աւելացող ծախսերին եւ ընդգծեցին, որ ըստ հնարաւորին կատարւում է այն ամէնը, որի նպատակն է ծառայել ժողովրդին:

Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների, որոնց պատասխանում էին մարմինների ու խորհուրդների ներկայացուցիչները:

Լուրը՝ «Ալիք»-ից