ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՀՈՑ ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹՒԱՅ ՀՍԿՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Չորեքշաբթի 16 մարտ 2016-ի երեկոյեան եւ ուրբաթ 18 մարտ 2016-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եւ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցիներում նախագահեց Մեծ Պահոց վերջին շաբաթւայ հսկումի արարողութիւնների եւ ներկայութեամբ նկատառելի թւով հաւատացեալների։ Արարողութեան աւարտին առաջնորդ Սրբազան հայրը իր հոգեւոր պատգամը ուղղեց ներկայ հաւատացեալներին նախ գնահատելով իրենց ներկայութիւնը եւ ապա բացատրելով Մեծ Պահոց խորհուրդն ու նրան առնչւած դաստիարակչական կէտերը։

Սրբոց Վարդանանց եկեղեցում առաջնորդ Սրբազան հայրը Յոհվաննու Աւետարանից հետեւեալ խօսքը « հաստատ իմացէք, որ եթէ ցորենի հատիկը հողի մէջ չընկնի եւ չմեռնի, ինքը կը մնայ որպէս առանձին հատիկ, իսկ եթէ մեռնի, բազմաթիւ հատիկներ կը տայ»(Յհ. 12։24) մեկնաբանեց բացատրելով իրական զոհողութեան եւ նւիրումի գաղափարը։ Իսկ Ս. Սարգիս եկեղեցում քարոզելիս բնաբան ընտրեց «Փառք քեզ Աստւած, փառք քեզ, ամէն բանի համար քեզ փառք» Սաղմոսերգուի խօսքը։ 

Սրբազան հայրը յիշեցուց հաւատացեալներին որ մենք ամէն վայրկիան Աստծուն փառք տալու պատճառ ունենք իր բոլոր բարիքների եւ շնորհքների համար «Անցեալ վեց շաբաթներին ապրեցինք խորհուրդը մեծ պահոց եւ մենք մեզ պատրաստեցինք Աւագ Շաբաթւան, ասաց Սրբազան հայրը, Աւագ Շաբաթը քրիստոնէական եկեղեցու կեանքում ……. ամենանւիրական շաբաթն, որ աւարտւում է Քրիստոսի հրաշափառ Յարութեան խորհրդով» եզրակացրեց Սրբազան հայրը եւ կոչ ուղղեց ներկաներին Աւագ Շաբաթւայ ընթացքին անպայմանօրէն մասնակցեն եկեղեցական արարողութեանց որտեց որ լինեն։ 

Յայտնենք որ Ս. Սարգիս եկեղեցում կատարւած հսկումի արարողութեան ներկայ էին Գերշ. Տ. Նորայր Ս. Եպս. Աշըքեանը, Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանն ու Հոգեշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըքեանը։ Նորայր Սրբազանն ու հայր Շնորհքը առաջնորդ Սրբազան հօր հրաւէրով եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի տնօրինութեամբ մեր թեմն են եկած Աւագ Շաբաթւայ արարողութիւններին մասնակցելու համար։