ՔԵԶԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԵԼԻ ՅՈՎԻԿ

 

Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գրառումն իր թանկագին եղբօր յիշատակին՝

Բեկւած սրտով, արցունքոտ աչքերով եւ առ Աստւած բարձրացւած գոհաբանական աղօթքով պատկերիդ դէմ նստած, առանձնութեան մէջ փորձում եմ այս մի քանի տողերը գրել սիրելի եղբայր, թանկագին ու ազիզ Յովիկ։ Նայում եմ աչքերիդ ու կը վերապրիմ այն երջանիկ օրերը երբ միասին ըլլալու հնարաւորութիւնը կ՛ունենայինք ու միմեանց վայելում էինք։

Բարի, ազնիւ ու հաւատքով օծուն կեանք էր 64 տարիների քո կեանքը։ Քեզ ճանչցած հեռաւոր ու մօտաւոր հարազատներիդ, բարեկամներիդ, ծանօթներիդ, ընկերներիդ ուրախութիւնն էիր։ Որպէս արւեստագէտ լուսանկարիչ փնտռւած ու սիրւած էիր բոլորի կողմէ։ Հարուստ էիր հոգիով, անոր համար եղար նաեւ սիրելի։

Յանձնառու քրիստոնեայ հաւատացեալ էիր սիրելիս, եւ այդ անկեղծ ու անաղարտ հաւատքով գործեցիր եւ ապրեցար. լիբանանցի, սիրիացի եւ եգիպտացի արւեստագէտների սիրելի ու փնտռւած լուսանկարիչն էիր սիրելի Յովիկ։

Շատ դժւար է ընդունել, որ չկաս սիրելի Յովիկ։ Քեզ ճանչցողների մտքում էլ չի տեղաւորւում քո մահը, սակայն Աստւածային տնօրինութեամբ մահ կոչւած իրականութիւնը ուղղորդւում է միշտ կեանքին, որպէս յուշարար։ Մեր ականջին լսելի դարձնելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի պատգամը, որ ասում է. «Ե՛ս եմ յարութիւնը եւ կեանքը։ Ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՛ապրի» (Յհ. 11։25)։ Դուն հաւատացիր Տիրոջ այս խօսքին եւ անոր համար հիմա նրա գրկում ես Յովիկ ջա՛ն։ Մեր միակ մխիթարութիւնը այն է, որ մենք պիտի գանք մի օր միանալու քեզ սիրելիս եւ այն ատեն յաւիտենականօրէն միմեանց վայելելու հոգեկան երջանկութեամբ պիտի ապրենք։

Մեծ ցաւ է ինծի, Սեպուհին ու Մարիային ինչպէս նաեւ քեզ սիրող բոլոր հարազատներիդ քո բաժանումը այս կեանքից, սակայն նոյնքան մեծ մխիթարութիւն է քու երկնքի Արքայութիւնում լինելը։

Սիրել եմ քեզ, հիմա աւելիով եմ սիրում քեզ եւ այդ սէրը կը լինի մեր միացման թելը։
Հանգչի՛ր խաղաղութեամբ սիրելի՛ Յովիկ եւ երկնային բնակարանէդ աղօթիր մեզ համար։

Քեզ սիրող, երբեք չմոռացող եղբայրդ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

9 Ապրիլ 2022