ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԽԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան շարունակելով եկեղեցիների ծխական ժողովրդի հետ իր հանդիպումների շարանը, հինգշաբթի 17 մարտ 2016-ի երեկոյեան հանդիպեց Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու ծխական ժողովրդի հետ։

Մեծապէս ուրախալի ու գնահատելի էր քաղաքամասի ժողովրդի նկատառելի թւով ներկայութիւնը։ 

Հանդիպումը սկսւեց Տէրունական աղօթքով եւ եկեղեցական խորհրդի ատենապետուհի տիկին Անահիտ Միխայեանի բարի գալստեան խօսքով։ Տիկին Անահիկը հակիրճ կերպով բացատրեց հանդիպման նպատակը եւ ապա հրաւիրեց առաջնորդ Սրբազան հօր այս առիթով իր խօսքը ասելու։ 

Սրբազան հայրը, մի անգամ եւս, գնահատեց ներկաներին եւ ապա բացատրեց հիմնական նպատակը իր այս եւ նման հանդիպումների «Իմ համոզումով, ասաց Սրբազան հայրը, հօտ եւ հովիւ պէտք է միշտ կենդանի հաղորդակցութեամբ կապի մէջ լինեն միմեանց հետ իբրեւ Քրիստոսի եկեղեցու անդամներ»։ Այնուհետ Սրբազան հայրը բացատրեց կարեւորութիւնը նման հանդիպումների, որտեղ առաջնորդը առիթ է ունենում լսելու իր ժողովրդին եւ ժողովուրդն էլ առիթ է ունենում զրուցելու իր առաջնորդի հետ։ Այնուհետ Սրբազան հայրը հրաւիրեց ներկաներին զրոյցի, իրենց հարցերը տալու։ 

Եղան կրօնական, եկեղեցու կեանքի հետ կապւած եւ մեր դպրոցների այսօրւայ կացութեան կապւած հարցեր, ինչպէս նաեւ արտագաղթի, մեր ժողովրդի կարիքներին հասնելու միջոցների մասին հարցեր։ Սրբազան հայրը խօսեց առարկայականօրէն բացատրելով թէ մարդկային կեանքում միշտ չէ, որ ամէն ինչ մեր ուզածի պէս է ընթանում, սակայն մենք որպէս գաղութ փորձում ենք հնարաւորութեան սահմաններում հասնել մեր ժողովրդի կարիքներին, տէր կանգնել մեր դպրոցներին առաւել եւս նոր միջոցների որոշումով ու որդեգրումով նոր թափ տալ մեր դպրոցների կրթադաստիարակչական մակարդակի զարգացման։ 

Մեր գաղութի կարիքաւորներին հասնելու համար Ազգային իշխանութիւնը իր կարելին անում է իր կառոյցների եւ մարմինների միջոցաւ մեր կարիքաւորների ցաւը մեղմացնել։ Օգտւելով Կարիքաւորների Օժանդակող Մարմնի ատենապետի ներկայութիւնից առիթ տրւեց նրան այդ մասին յաւելեալ բացատրութիւններ տալու ներկաներին. Պրն. Մուշեղ Ծատուրեանը բաւական լայն եւ գոհացուցիչ բացատրութիւններ տւաւ այդ ուղղութեամբ։ 

Մեծապէս գնահատելի էր ներկաների սրտբաց ու անկեղծ մասնակցութիւնը ընդհանուր զրոյցին։ Սրբազան հայրը ջերմօրէն գնահատեց բոլորին եւ յատկապէս եկեղեցական խորհրդի, քահանայ հօր եւ թաղի միութիւններին յաւելելով որ այս թաղի մեծութիւնը միշտ իր թիւով պիտի չդատւի այլ իր միասնական եւ համատեղ գործակցութեան մէջ, ես գիտեմ, որովհետեւ մօտիկից հետեւում եմ, այս քաղաքամասում գործող միութիւնների եւ եկեղեցական խորհրդի միջեւ սերտ գործակցութիւն կայ եւ դրա համար հայակեանքը այստեղ բարւօք ընթացքի մէջ է եզրակացրեց Սրբազան հայրը։ 

Սրբազան հօր «պահպանիչ»-ով աւարտւեց շատ շահեկան ու հաճելի այս հանդիպումը։