ՄԵԾԱՐՒԵՑ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԸ

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 43-րդ տարեդարձի առիթով, հինգշաբթի, փետրւարի 3-ին համայն երկրում յատուկ արարողութիւն կատարւեց նահատակների յիշատակին եւ ուղղաթիռներով բոլոր գերեզմանատներում նահատակների շիրիմները պատւեցին ծաղիկներով:

Արդէն 16 անընդմէջ տարիներ է ինչ Իրանում կրօնական փոքրամասնութիւններից իւրաքանչիւր մէկի գերեզմանատանը, նահատակների բաժնում յատուկ արարողութիւն է կատարւում պետական հիւրերի եւ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքների մասնակցութեամբ:

Այս տարի միջոցառումը իրականացաւ ասորիների գերեզմանատանը: Միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, կրօնական այլ փոքրամասնութիւնների պատգամաւորներ, Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմի Հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ներկայացուցիչները եւ հայ նահատակների ընտանիքի անդամներ:

Բանակի նւագախմբի միջոցով Իրանի պետական հիմնը հնչելուց յետոյ ընթերցւեց ասորի նահատակ Ալֆրէդ Սարգիս Օրդուշահիի կենսագրականը եւ կտակը: Արարողութեանը ելոյթներով հանդէս եկան՝ ասորիների հոգեւորական Վանիա Սարգիսը, Թեհրան նահանգի նահատակների հիմնարկի գլխաւոր տնօրէն դոկտ. Մորթազաւին, ով ընդգծեց, որ Իրանում չկայ փոքրամասնութիւն կամ մեծամասնութիւն եւ բոլորը մի մեծ ընդհանրութեան մասնիկն են եւ համալրում են միմեանց: Իսլ. խորհրդարանում ասորիների պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն մեծարելով բոլոր նահատակների, ինչպէս նաեւ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակը, կարեւորեց նրանց անմնացորդ դերը՝ երկրի հողային ամբողջականութիւնը պաշտպանելու գործում, նահատակների հիմնարկի մշակութային հարցերով տեղակալ դոկտ. Ֆաղիհը եւ ասորի համայնքի հոգեւոր առաջնորդ Բենիամինը եւս կարեւորութեամբ անդրադարձան նահատակութեան իմաստին:

Միջոցառմանը գնահատագրեր յանձնւեցին նահատակների ընտանիքի անդամներին եւ հայ նահատակ Նորիկ Բաբախանեանի գնահատագիրը յանձնւեց՝ նրա եղբօրը՝ Ժորժիկ Բաբախանեանին:

Վերջում ներկաները ծաղիկներ տեղադրեցին նահատակների շիրիմներին:

ԼՈՒՐԸ՝ ԱԼԻՔԻՑ