«Անհրաժեշտ է ներկայացնել հայկական դպրոցների օպտիմալացման արդիւնաւէտ մոդուլ». Կրթադաստիրակութեան նախարարը՝ «Արաքս» դպրոց կատարած այցին

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ այսօր դեկտեմբերի 27-ին, Հայոց ազգային «Արաքս» դպրոց են այցելել կրթադաստիրակութեան նախարար Իւսէֆ Նուրին եւ նրան ուղեկցող պատւիրակութիւնը, հաղորդում է կրթադաստիրակութեան նախարարութեան պաշտօնական կայքը:

Այցելութեան ընթացքում նախարարը ծաղիկներ է նւիրել դպրոցի պատասխանատուներին, եւ աշակերտութեանը:

Հանդիպմանը ներկայ են եղել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեկական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, ազգային մարմիններից այլ ներկայացիչներ եւ դպրոցի անձնակազմը:
Նախարարի հետ հանդիպմանը Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը բարձր է գնահատել նախարարութեան ջանքերը դպրոցներին ցուցաբերած աջակցութեան վերաբերեալ:

Նախարարն էլ իր հերթին շնորհակալութիւն է յայտնել քրիստոնեայ հայրենակիցների համագործացկութեան առնչութեամբ՝ նշելով, որ երկու ժողովուրդները մշտապէս դրական փոխյարաբերութիւնների մէջ են եղել, եւ Իրանի սահմանադրութեան տեքստում, եւ օրէնքներում երաշխաւորւած է կրօնական փոքրամասնութիւնների բոլոր իրաւունքները:

Նախարարը անդրադառնալով հայկական դպրոցների խնդիրներին նշել է, որ իր ջանքերն ուղղելու է դպրոցների խնդիրների լուծմանը, եւ աւելացրել է, որ իր ղեկավարած նախարարութիւնը կարող է յաջողել այն դէպքում, երբ բոլոր ընտանիքներն իրենց հետ համագործակցեն:

Ինչ վերաբերում է հայկական դպրոցների աշակերտութեան թւի նւազմանը, նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է ներկայացնել օպտիմալացման մոդուլ՝ հետագայում հնարաւոր խնդիրներից խուսափելու նպատակով:

Լուրը՝ «Ալիք»-ից