Ս. Գրիգոր Լուսաւորչի Տօնակատարութիւն

Շաբաթ մարտի 12-ին Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների և Խոր Վիրապ մտնելու յիշատակի տօնն էր:  Սոյն տօնը, համընկնում է Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու անւանակոչութեան տօնին և այս առիթով, նոյն օրը, համանուն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրը իր քարոզի սկզբում շեշտեց՝ «Ս. Գրիգոր Լուսաւորիչը Քրիստոսի քաղցրախօս քնարն է, որ երգեց, գովերգեց և իր կեանքով փառաբանեց իր Աստծուն և որպէս այդպիսին, որ Ս. Հոգու միջնորդութեամբ մեղքերի թողութիւն խնդրեց իր ու իր ազգի և ժողովրդի համար» «Նա իր տիրոջ պակաս թողած չարչարանքները կրեց»: 

«Գրիգոր Լուսաւորիչն այն անձն է, որ կարծես ի սկզբանէ ընտրւած էր բարեխօս լինելու մեր ժողովրդին, ի սկզբանէ ընտրւած է մեր ժողովրդի հաւատով հայ լինելու և մեր ժողովրդին առաջնորդելու դէպի լուսաւոր կեանք»: 

Սրբազան Հայրը խօսելով Ս. Գրիգոր Լուսաւորչի 13 երկար տարիներ Խոր Վիրապում տարած չարչարանքների մասին ասաց՝ «Այն ինչ մարդու համար անկարելի է թւում, Աստծու օրհնութեամբ կարելի է դառնում: Սրբի մարմինը չարչարւում է, բայց իր հաւատքով և հոգու զոհութեամբ դիմանում է: Այդ ընթացքին հոգին զտւելով, լուսաւոր էութեան է վերածւում և դառնում է աղբիւր, ուժ և զօրութիւն:  Նա դիմացա, որովհետև հաւատացած էր, որ նա ով Քրիստոսին ընդունում է որպէս իր Տէր և Փրկիչը, նա պիտի լինի յաւիտենականութեան մէջ»: 

Սրբազան Հայրը իր քարոզի միւս բաժնում ասաց. «Հաւատքը, այսօրւայ մեր կեանքում մեզ մղում է և մեզ ուժեղացնում, եթէ անարատ հաւատքով մենք ապրենք և գործենք, լեռնանման դժւարութիւնների կը յաղթենք» «Այսօր մենք էլ չարչարանքների միջից անցնում ենք, դժւարութիւններ ունենում ենք մեր անձնական և ընտանեկան, հաւաքական և ազգային կեանքում, առանց դժւարութիւնների կեանք չկայ, բայց երբ կայ հաւատք, յոյս և սէր, այն ժամանակ մեր այդ դժւարութիւնները կը փարատւեն և աղօքթով մենք կը զօրանանք և կը լուսաւորւենք»: «Մեր եկեղեցին մեր ժողովրդի համար Նոյան Տապան է այսինքն փրկութեան տապան է, ուրեմն որքան մօտ լինենք այդ եկեղեցուն, որքան հարազատօրէն ապրենք այդ եկեղեցու հովանու ներքոյ, այնքան աւելի զօրեղ կը լինենք և մեր եկեղեցիներն էլ աւելի ամրակուռ կը դառնան»: 

Յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերար հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար: 

Արարողութեանը ներկայ էին հաւատացեալների հոծ բազմութիւն, որ մասնակցել էին յիշեալ հոգեպարար արարողութեանը, հաղորդւելու մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի կեանքի խորհրդով:  Ներկայ էին նաև Հայոց Ազգային Արարատ օրդց. դպրոցի աշակերտուհիները, որոնք պատարագի ընթացքին ստացան Ս. Հաղորդութիւն: 

Նոյն օրը, ճաշին, այս տօնի առիթով, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը, եկեղեցու սրահում, ճաշկերոյթ էր կազմակերպել, որին ներկայ էին քահանայ հայրերն ու եկեղեցական խորհրդների ներկայացուցիչները: