ՔԱՌԱՍՆՕՐԵԱԿԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԱՐԺ. Տ. ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔԱՀԱՆԱՅ ՂԱՐԱԽԱՆԵԱՆԻ ՀՈԳՈՒ ՀԱՆԳՍՏԵԱՆ ՀԱՄԱՐ

Հինգշաբթի առաւօտեան, Հայոց Նոր Բուրաստանի գերեզմանատան քահանայից պանթէոնում, մասնկացութեամբ քահանայ հայրերի եւ Երէցկին՝ Տիրամայր Լիդուշ Իսայեան-Ղարախանեանի եւ Սրբոց Թարգմաչաց եկեղեցու խորհրդի անդամների ու մի խումբ հաւատացեալների ներկայութեամբ տեղի ունեցաւ հոգելոյս Արժ․ Տ․ Կոմիտաս Քահանայի 40 օրեակի արարողութիւնը։ Ապա Կիրակի թւականիս 13 յունիսին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանի յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։ Արարողութեանը ներկայ էին ԻԻՀ Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամոր՝ պրն. Արա Շահվերդեանն ու Թ․Հ․Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ Ճրտպ․ Նորոայր Արամեանը, թեմական խորհրդի անդամ պրն․ Հայկազ Շիրւանեանը ու սակաւաթիւ հաւատացեալներ։

Յընթացս քարոզի Սրբազան հայրը ասաց, որ դժւար է պատկերացնել Թարգմանչաց եկեղեցին, կամ Սասուն քաղաքամասը առանց Տէր Կոմիտասի, միեւնոյն ժամանակ պրն․ Խեչումեանի, անձնաւորութիւններ ովքեր իրենց ամբողջ կարողութեամբ սպասարկեցին եկեղեցուն եւ ժողովրդին։ Սրբազան Հայրը ապա անդրադառնալով, որ կեանքը լեցուն է անակնկալներով եւ այդ անակնկալներից մինը Տէր Կոմիտասի մահն էր, բայց մենք մխիթարւում ենք, որ մեր հանգուցեալները, որպէս հաւատացեալներ հանգչում են լոյսերի մէջ։ Սրբազան հայրը անդրադառնալով հոնգուցեալ քահանայ հօր կենցաղին, ասաց ՝ որ նա դեռ կենդանի է բոլոր նրանց սրտում ու հոգում, ովքեր առնչւել են նրան հետ։ Ապա ակնարկելով քահանայ հօր կենցաղին, նրան իր գործունէութեամբ տիպար բարի հովիւ սեպեց։ Նա ասաց, որ քահանայ հայրը իր գործով, եղաւ իսկական հայր իր եկեղեցու եւ ժողովրդի, ըստ Պօղոս առաքեալի խօսքի խնդակից եւ ցաւակից եղաւ իր ժողովրդին, եւ ամէն բան արեց նրանց մխիթարութեան ու խաղաղութեան համար, միեւնոյն ժամանակ ոչ մի ջանք չխնայեց եկեղեցու շինութեան եւ պայծառութեան, եւ մատաղ սերնդի հոգեւոր դաստիարակութեան համար։

Սրբազան Հայրը իր քարոզի միւս բաժնում անդրադառնալով Մեծն Ներսէսի Տօնին, բնութագրելով Սրբին, նրան իր ժամանակի ամենազարգացած անձնաւորութիւնը իմանալով, հաստատեց այն իրողութիւնը որ նա իր ամբողջ երիտասրոդութիւնը նւիրաբերելով Աստծուն եւ ժողովրդին, իր բարեգործութեամբ ու հայրական հոգատարութեամբ եւ շինարարութեամբ ժողովրդի կողմից Մեծ տիտղոսին արժանացաւ։ Նա հիմնեց այրիանոցներ, ծերանոցներ, անկելոցներ, հիւանդանոցներ եւ բորոտանոցներ օթեւաններ ու վանքեր, որտեղ այդ ժամանակաշրջանի կրօնաւոր-ուհիներ կարող էին երթալ եւ իրենց կեանքը նւիրել Աստծոյ։ Նա իր իսկ ձեռքերով հիւանդի վէրքերի վրայ սպեղանի դնելով ճանաչւեց որպէս Հայ Ազգի Բարի Սամարացի եւ հոգեւոր հայր, դրա համար իր տօնը մեր թեմում յայտարարւել է որպէս Հայրութեան օր։ Հայրութիւնը նւիրական առաքելութիւն է եւ կոչում։ Մենք Աստծուն Հայր ենք կոչում։ Հայրութեան տիտղոսին է արժանացել Մկրտիչ Խրիմեան կաթողիկոսը, որը ծանօթ է Խրիմեան Հայրիկ մականունով։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարաողութիւն հանգուցեալ Արժ․ Տ․ Կոմիստաս Քահանայի հոգւոյ հանգստեան համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ