ՀԱՅՈՑ ՎԱՆՔԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ԲԱՑՈՒՄ

Երեքշաբթի, թւականիս մայիսի 25-ին, Իրանում Իւնեսկոյի կենտրոնատեղում տեղի ունեցաւ լուսանկարիչ Աբբաս Խադեմի կողմից նկարւած Ս․ Թադէոս, Սուրբ Ստեփանոս եւ Ս. Աստւածածին «ԾորԾոր» վանքերի ու եկեղեցու լուսանկարների ցուցահանդէսի բացման հանդիսութիւնը առցանց կարգով: Հանդիսութեանը ներկայ էին ԻԻ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը, ԻԻ հանրապետութիւնում ՀՀ ժամանակաւոր հաւատարմատար՝ Ռոդրիկ Եարալեանը, Իրանում Իւնեսկոյի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար՝ Հոջաթոլիսլամ Այուբին: Ծրագրի հիւրընկալն էր նոյն յանձնաժողովի մշակութային բաժնի տնօրէն՝ ԱբդոլՄեհդի Մոսթաքինին։

Սոյն ծրագրում պրն. Բեգլարեանն իր հերթին մատնանշեց այն իրողութեան, որ այս ծրագրի հեղինակները, եկեղեցիները համարում են իրանցիների և հայերի ընդհանուր ժառանգութիւնը, մտածողութիւն, որ բխում է երկու քաղաքակրթութիւնների միասնական արժէքներից, եւ այդ իսկ բերումով իրանցի ժողովուրդը եւ կառավարութիւնը ոչ մի ջանք չեն խնայել պահպանելու այդ ճարտարապետական կոթողները։

Նա իր խօսքը շարունակելով ասաց․«Այսօր իրանում գնահատւում եւ յարգանքի են արժանանում մեր հաւատալիքներն ու սրբավայրերը, բայց միեւնոյն ժամանակ Մերձաւոր Արևելքում վերջին քաղաքական զարգացումների ընթացքում մենք ականատես եղանք հարեւան երկրներում քրիստոնեաների հետապնդմանը»: Ապա յաւելեց, որ բարեկամ ու բարեկամասէր Իրանը, հանդիսացել է որպէս հայ-իրանական հարուստ մշակոյթների արտացոլման ռահվիրա: Նա յաւելեց. Իրանցիները և հայերը կրօնական, սոցիալական և պատմական ոլորտներում ունեցել են սերտ բարեկամական յարաբերութիւններ:

Պրն. Բեգլարեանը շարունակելով իր խօսքը` հաստատեց, որ մարդկային արժէքների առկայութիւնը` երկու ժողովուրդների կեանքում երկարամեայ յարաբերութիւնների երաշխիք է հանդիսացել: Նա իր խօսքը եզրակացնելով ասաց․«Իրանի ժողովրդի սրտից բխած սէրն արտայայատւում է Իրանի քաղաքական գործիչների գործելակերպում»:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ