ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Հինգշաբթի՝ թւականիս մայիսի 13-ին Տեառն Մերոյ Յիսուս Քրիստոսի Համբարձման Տօնի առիթով, Թեհրանի երեք եկեղեցիներում (Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ) մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ՝ դռնփակ կարգով։ Յընթացս արարողութեան քահանայ հայրերը հակիրճ կերպով բացատրութիւններ տւեցին օրւայ խորհրդի մասին։ Եկեղեցիներում մատուցւող պատարագը առցանց հեռարձակւեց եկեղեցիների ինստագրամային էջերով։

Մեր Տէր Յիսուս Քրիստոսը Իր հրաշափառ Յարութիւնից յետոյ 40-օրերի ընթացքին ինչպէս Աւետարանն է վկայում անգամներ յայատնւեց իր առաքեալներին, ամրապնդեց նրանց հաւատքը, նրանց հետ քանի անգամ սեղան նստելով, հաստատեց իր մարմնական յարութիւնը։ Իր առաքեալներին ուսուցանեց Աստծու արքայութեան՝ եկեղեցու երկրի վրայ հաստատման կանոնները եւ վերջապէս նրանց աւետեց Սուրբ Հոգու գալուստը, որով պիտի զօրանային եւ դառնային Նրա վկաները աշխարհի բոլոր ծայրերում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ