Ս. և Անմահ Պատարագ՝ Սրբոց Վարդանանց Տօնի առիթով

Հինգշաբթի, 4 փետրւար 2016-ին, տօնն էր Սրբոց Վարդանանց Զօրավարացն Մերոց և 1036 Վակյիցն:  Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ մատուցւեց Թեհրանի մեր եկեղեցիներում:

Սրբոց Վարդանանց Զօրավարաց Տօնը համընկնում է Սարդարապատ թաղամասի Սրբոց Վարդանանց Եկեղեցու անւանակոչութեան տօնին: 

Այս առիթով հինգշաբթի 4 փետրւարին Սրբոց Վարդանանց Եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր Ս. պատարագ:  Պատարագեց և քարոզեց թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրն իր քարոզն սկսեց Պօղոս առաքեալի հռոմէացիներին ուղղած նամակից հատւածներ կարդալով և ասաց՝ «Եթէ Աստւած մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել, ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց, նեղութի՞ւնը, հալածանքը՞, սո՞վը, թէ սո՞ւրը:  Երբ հաւատում ենք և ընդունում Քրիստոսին որպէս Աստծու գառը, որ երկնքից իջաւ մեր մեղքերի համար, այս կենդանի հաւատքից ո՞վ կարող է մեզ հեռացնել:  Աւետարանն ասում է՝ երբ գիտենք իրականութիւնը, երբ գիտենք, որ Քրիստոս մեզ համար խաչւեց և իր յարութեամբ մեզ նոր կեանք տւեց, ի՞նչպէս կարող ենք թողնել այս հաւատքը»: 

Քարոզի միւս բաժնում ասաց. «Ահա Վարադանանց պատերազմի խորքը և ազգային հոգևոր իմաստը երբ նշում և տօնում ենք և յիշում ենք Վարդանին և Վարդանանց սերնդի ինքնաընծայումն ու նւիրաբերումը, մտածում ենք, թէ ինչ էր այդ ուժը նրանց մօտ:   Երևի այս երեք հիմնական ճշմարտութիւնները որոնք զսպանակիչ ուժն էին իրենց կեանքում՝ առաջինը՝ հաւատարմութիւն Քրիստոսին և իր վարդապետութեանը և պաշտպանութիւն այդ բոլորին. երկրորդը՝ յանձնառութիւն իրենց ազգային պատականելութեան և ինքնուրոյնութեան հանդէպ, որպէս հայեր և հայութեան ներկայացուցիչներ. իսկ երրորդը՝ իրենց ամբողջական նւիրածութեան պատրաստակամութիւնն էր:  Նրանք իրենք իրենց պատարագեցին որպէս զոհ՝ Քրիստոսի խորանի վրայ»: 

Սրբազանն աւելացրեց՝ «Այսօր Աւարայրի աշխարհագրական տարածքը ընդարձակւել է. Աւարայրն այնտեղ է, որտեղ հայ կայ, այնտեղ է որտեղ մեր ժողովրդի զաւակներից որևէ մէկը իր հաւատքի էութեան և իր ազգային ինքնուրոյնութեան համար պայքար է մղում: Այդ պայքարը միայն սրով և կրակով չէ, պայքարի միջոցներն այս օրերին փոխւել են:  Մենք այսօր կոչւած ենք պայքարելու մեր լեզւի պահպանման համար, քրիստոնէական մեր ընտանիքի անարատութեան պահպանութեան համար:  Կենդանի պահելու մեր հայրենիքը և եկեղեցին»: 

Ս. Պատարագի աւարտին, եկեղեցու խորհուրդը, եկեղեցու մերքևի սրահում կազմակերպել էր  գեղարւեստական ծրագիր և համեստ ընդունելութիւն:  Օրւայ առիթով արտայայտւեց Սրբազան Հայրը:  Ապա նւէրներ յանձնւեցին եկեղեցու քահանային, դպիրներին և եկեղեցու երգչախմբին: 

Պատարագին և ծրագրին ներկայ էին Թեմական Խորհրդի անդամներից, Եկեղեցական Խորհրդների անդամներից, Սարդարապատ և Անի միութիւնների ներկայացուցիչները, թաղի պատգամաւոր՝ պրն. Էդւարդ Աբրահամնեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ազգային վարչութեան քաղաքական ժողովի անդամ՝ պրն. Վարդան Վարդանեանը ինչպէս նաև թաղից հոծ բազմութիւն: