ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԱՍԷՐ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹԵԱՆ ՅԱՐԿԻՆ ՆԵՐՔՈՅ

Թեհրանում գործող կանանց բարեսիրական եւ մշակութային միութիւնների շարքում իր ինքնուրոյն տեղը ունի Թեհրանի Հայ Եկեղեցասէր Կանանց Միութիւնը, որ 1928-ից ի վեր գործում է եւ թեհրանահայ կեանքին իր դրական ու բարերար ներդրումն է բերել ու բերում է, յատկապէս եկեղեցաբոյր ու կրօնական ձեռնարկների, ուխտագնացութիւնների կազմակերպումով։

Տարիներով նւիրականացած աւանդութեան հաւատարիմ, Եկեղեցասէր Կանանց Միութեան վարչութիւնը, կիրակի 31 Յունւար 2016-ին հարիսա էր պատրաստել իր անդամուհիներին եւ բարերարներին։ Սոյն ձեռնարկը հովանաւորեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որ ընկերակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի եւ Արժ. Տ Արիստակէս քհնյ. Շահմիրեանի ներկայ գտնւեց միութեան սրահում կազմակերպւած հերիսայի ձեռնարկին։ Ներկայ էր նաեւ Թեմական Խորհրդից տկն. Նւարդ Քէշիշեանը։ Հարկ է ասել, որ սոյն ձեռնարկը ամենամեայ ձեռնարկ է։ 

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց վարչութիւնը իր այս աւանդական եւ դաստիարակիչ ձեռնարկի համար, բացատրելով որ դարերով մեր ժողովուրդը տարբեր ուխտագնացութիւնների առիթով հերիսան մաս է կազմել մատաղի պատրաստութեան եւ հիւրասիրութեան։ 

Յայտնենք, որ եկեղեցիներում գործածւող «Ս. Պատարագ» գրքոյկը, որը բովանդակում է Պատարագի գրաբար եւ աշխարհաբար բնագրերը օրին հրատարակւել էր միութեան վարչութեան մեկենասութեամբ։